Անձնային աճ Օգտակար խորհուրդներ

Լավ գիրք գրելու մի քանի կանոններ

Լավ գիրք գրելու կանոններ

Շարունակում եմ գրել երկրորդ գիրքս` «Կամքի ուժ»-ը` սովորությունները ղեկավարելու մասին: Գրում եմ և նկատում մի քանի օրինաչափություններ, որոնք, կարծում եմ, նպաստում են լավ գիրք գրելուն: Խոսքը վերաբերվում է ոչ թե բովանդակությանը (նման գնահատական իմ ստեղծածին՝ լինի դա գիրք, թե այլ բան, ես երբեք չեմ տա), այլ հասկանալի և հեշտ ընթեռնելի գիրք գրելուն: Ուզում եմ այդ փորձով կիսվել նաև ձեզ հետ:

Մինչև գիրքը հրատարակելը` կարդացեք այն մի քանի տասնյակ անգամ

Նոր գրված գիրքը նման է չմշակված ադամանդի, որը պետք է անընդհատ հղկել: Երբ գիրք ես գրում, այդքան ժամանակ ես դրան տրամադրում և այն արդեն պատրաստ է, ուզում ես հնարավորինս շուտ այն տպագրել: Բայց այստեղ համբերություն է պետք: Ես ամեն օր կարդում եմ գիրքը՝ սկզբից մինչև վերջ: Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն օր կարդալ նույն բանը, որն արդեն վերջացրել ես: Բայց ամեն անգամ կարդալուց ինչ-որ բառեր եմ գտնում, որոնք կոտրում են ընթերցանության սահունությունը: Գտնում եմ ինչ-որ արտահայտություններ, որոնք պետք է այլ կերպ ձևակերպել: Գտնում եմ մտքեր, որոնք կրկնվում են, «ծեծված են», պետք է հեռացնել: Դա կարող է լինել մեկ կամ երկու բառ մի քանի էջ ծավալում, բայց հենց այդ մի քանի` սխալ տեղում հայտնված բառերն են մտքի ընթացքը կոտրում, «ծեծված», կրկնվող մտքերն են գիրքը ձանձրալի դարձնում, սխալ ձևակերպված արտահայտություններն են պարզ ասելիքները բարդացնում: Ուստի ամեն անգամ կարդալուց, մի քանի բառ փոխելուց, գիրքը դառնում է ավելի հղկված, սահուն է կարդացվում, և դա է գլխավոր գաղտնիքներից մեկը հեշտ ընթեռնելի գիրք գրելու:

Պետք չէ շտապել, պետք է համբերություն ունենալ: Նույնիսկ, երբ թվում է, թե գիրքը պատրաստ է, պետք է տասնյակ անգամներ այն ընթերցել և ամեն ընթերցումից հետո` մի փոքր ավելի լավը դարձնել: Գիրքը պատրաստ է, երբ վերջին ընթերցումից հետո դուք հասկանում եք, որ միտքը սահուն է և ոչ մի տեղ չի ընդհատվում:

Կարդացեք գիրքը օրվա տարբեր ժամերին

Տասնյակ անգամներ գիրքը կարդալը կարևոր է, բայց երբ ես կարդում եմ այն առավոտյան, ընկալումս այլ է, քան երբ այն կարդում եմ, օրինակ, ժամը 16:00-ին և բոլորովին այլ, երբ կարդում եմ կեսգիշերին: Որոշ մտքեր, որոնք ինձ դուր են գալիս առավոտյան, շատ դժվար են կարդացվում կեսգիշերին: Դուք չգիտեք, թե որ ժամին է կարդալու գիրքն ընթերցողը, ինչպիսի տրամադրությամբ, ինչպիսի պայմաններում, ուստի պետք է գիրքն անընդհատ կարդալ և հղկել տարբեր ժամերին, մինչև բառերը կդասավորվեն այնպես, որ դրանք դուր կգան ձեզ և՛ առավոտյան, և՛ կեսօրին, և՛ կեսգիշերին:

Մի փորձեք ծավալ ապահովել. գրեք միայն այն, ինչն իսկապես կարևոր է

Ես կուզեի, որ այս հոդվածը կոչվեր «10 կանոններ լավ գիրք գրելու»: Բայց այդ 10 կանոնները ես չունեմ, ենթագիտակցությունս ինձ միայն նախորդ երկու կետն է թելադրում: Դրանք են ինձ համար կարևոր, և դա եմ ես ուզում ձեզ փոխանցել: Իհարկե, եթե երկար մտածեմ, կգտնեմ ևս 8 կետ, թե ինչպես են լավ գիրք գրում, բայց դա կդառնա արհեստական, կլինի ինքնախաբեություն, լրացուցիչ այդ 8 կետերի մեջ չի լինի կարևորություն, և ընթերցողը դա կզգա: Ուստի մի փորձեք ծավալ ապահովել, գրեք միայն այն, ինչն այդ պահին ներսից է թելադրվում, ինչը ստացվում է ինքնըստինքյան, իսկ մնացած մասերը, երբ ուղեղի վրա ուժ եք գործադրում, փորձում եք հարկադրաբար գրել, ընթերցողին պետք չեն: Առայժմ այսքանը: Իմիջիայլոց, այս հոդվածը գրվեց 5 րոպեում, իսկ հղկվեց` 50-ում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»