« »

Երկար մազերով տղամարդը

Դրական

Զինվորական ծառայության ժամանակ երկար մազերով մի տղա բերեցին զորամաս. մի բան, ինչը 10 տարի առաջ միանշանակ արձագանքներ չէր ստանում: Պատուհանից նայում էինք ու մտածում, որ տղայի համար ծառայությունը «դժվար» է անցնելու: Իրականում շատ սխալ էինք մտածում: Տղան կարճ ժամանակում դարձավ իրենց գումարտակը «կարգավորող» անձանցից մեկը:

Այդ ժամանակվանից է մեջս տպավորվել, որ մարդու արտաքին տեսքն ընդհանրապես կապ չունի: Տղամարդը կարող է լինել երկար մազերով, պատռված ջինսով, բարակ ձայնով, մեծ փորով, կարճահասակ և այլն, և այլն, բայց եթե նա կարողանում է խնդիրներ լուծել, եթե նրա գործերն ու արդյունքներն ասում են նրա փոխարեն ավելի շատ, քան մյուսներինը, ապա նա ավելի ուժեղ է դիտվելու, քան ամրակազմ, խրոխտ ձայնով, կարճ սանրվածքով որևէ մեկը, ում մասին միայն խոսում է իր արտաքինը:

Մարդու գործերն ամենակարևորն են: Թե ինչ խնդիրներ է կարողանում մարդը լուծել, ամենակարևորն է: Թե քանի հոգու համար է մարդը կարողանում խնդիր լուծել, կրկին ամենակարևորն է:

Հետո սկսեցի ուշադրություն դարձնել, որ կան շատ մարդիկ, ովքեր երբ ճառ են արտասանում, լինի դա բաժակաճառ, թե այլ ճառ, թվում է, թե այդ պահին նրանք «ամենահզորն են», «ամենահաջողակն են»: Իրականում լավ խոսելը կարևորագույն ակտիվներից է, եթե դա ամրապնդված է գործով: Սակայն եթե գործեր չկան, լուծված խնդիրներ չկան, ապա խոսքերը մնալու են սոսկ խոսքեր, իսկ դրանց ազդեցությունը կարճ է լինելու:

Միշտ նկատվում են մարդիկ, ովքեր խնդիրներ են լուծում, ամենատարբեր խնդիրներ: Նման մարդկանց կարելի է հետևել: Նման մարդկանց հաճելի է և պետք է հետևել: Սա վերաբերում է ցանկացած իրավիճակի, լինի դա բիզնես, ավտովթար, հիվանդություն, ընտանիք, թե ինչ ասես: Երբ ուսանող տղան ընտանիք փող է բերում, նա խնդիր է լուծում: Երբ հայրը շինարարական ծանր աշխատանքից վերադառնում է տուն, նա խնդիր է լուծում: Խնդիր է լուծում զինվորը, խնդիր է լուծում փողոցում օգնություն առաջարկողը, խնդիր է լուծում աղետի ժամանակ չփախչողը:

Այդ պատճառով եմ ես հիանում Մահաթմա Գանդիով: Եթե նրա արտաքինով մարդ տեսնես, օրինակ, երբ նստած ես գրասենյակում քո հաստ բազմոցին և նման մի մարդ է ներս մտնում, միգուցե հայացքդ անգամ չբարձրացնես: Սակայն Գանդիի գործերն այնպիսին էին, նա այնքան մարդու խնդիր կարողացավ լուծել, որ համարվում է բոլոր ժամանակների ամենաուժեղ մարդկանցից մեկը:

Մարդու արտաքին տեսքն ինձ համար վաղուց նշանակություն չունի: Մարդու խոսքերն ինձ համար մեծ նշանակություն չունեն: Ամենակարևորը` մարդու գործերն են:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով: