Հաջողության գաղտնիքներ

Նորը կառուցելու համար երբեմն պետք է հինն ամբողջությամբ քանդել

Երբ ես փոքր էի, միշտ զարմանում էի, թե ինչու են հսկայական շենքերը հատուկ պայթեցնում: Մի անգամ հայրս բացատրեց, որ այդպես տարածքն են ազատում, որպեսզի դրանց փոխարեն նորը կառուցեն: Ամեն դեպքում հասկանալը դժվար էր. եթե շենքն արդեն կա, այդքան աշխատանք է տարվել, ինչու այն չվերանորոգել, դրա վրա չկառուցել, ձևափոխել, այլ այդքան գործը նորից` զրոյից սկսել: Անցան տարիներ մինչև հասկացա, որ երբեմն հնարավոր չէ հնի վրա նորը կառուցել, քանի որ «նորի» հիմքում ընկած է հինը: Այդպես նորը չի լինի հրաշագեղ. այն կլինի հնի վրա հարմարեցված, թեկուզ փոքր-ինչ տարբեր, բայց նույն կառույցը:

Երբեմն մենք կառուցում ենք մեր կյանքը` հասնելով որոշակի աստիճանի, բայց հետո հասկանում ենք, որ ծուռ ենք կառուցել, հարմարավետ չէ, «շենքն» այն չէ, ինչ մեզ պետք է, բայց շարունակում ենք եղածի վրա կառուցել, քանի որ այդքան աշխատանք ենք արդեն արել: Պատճառներից մեկը, որ շենքը չի ստացվում այնպես, ինչպես ուզում էինք, այն է, որ մենք սկսում ենք կառուցել այն աղյուսներով, որոնք մեզ խորհուրդ են տալիս ուրիշները կամ օգտագործում ենք նրանք, որոնք օգտագործում են բոլորը: Եվ երբ գալիս է պահը, երբ մենք պետք է մեր կյանքը փոխենք, սկսում ենք շենքը ձևափոխել, դրա վրա կառուցել, վերանորոգել, բայց արդյունքում մասշտաբային փոփոխություններ չեն լինում, քանի որ հնից մնացած արմատները հաճախ այնքան շատ են և բազմակողմանի (մեր սովորությունները, մտածելակերպը, շրջապատը, կենցաղը, և այլն, և այլն), որ բոլորը չի հաջողվում կտրել: Այդ ժամանակ պայթյուն է անհրաժեշտ: Անհրաժեշտ է հինը հավասարեցնել զրոյին և տեղում նորը կառուցել:

Մի պատմություն եմ լսել մի հնդիկ գործարարի մասին, ով մեծ ընկերություն ուներ, որում երկու հարյուրից ավել մարդ էր աշխատում: Բայց մի օր նա հասկանում է, որ գործարար լինելն իրենը չէ: Նա նվիրում է ընկերությունը հարազատներից մեկին, չի թողնում իրեն ոչինչ, գնում է անտառներ և սկսում է այնտեղ ապրել: Անցնում է որոշ ժամանակ, հնդիկը սկսում է յոգայով զբաղվել, յոգայի դպրոց է բացում և դառնում է Հնդկաստանի ամենաճանաչված յոգայի ուսուցիչներից մեկը: Մինչև նա չպայթեցրեց հինն ամբողջությամբ, չազատվեց այն ամենից, ինչն ուներ, նա չհասավ ներդաշնակության կյանքի հետ:

Երբեմն մենք սկսում ենք գործել կանոններով, որոնք մերը չեն, կառուցել շենք, որը մերը չէ: Եվ եթե կարիքը կա, պետք է այն զրոյին հավասարեցնենք և մաքուր, ազատ տարածքում նորը կառուցենք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»