« »

Միացրե՛ք կետերը

Միացրեք կետերը

Բոլորիս կյանքում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք, թվում է, իրար հետ կապ չունեն: Եթե մեր կյանքը պատկերենք որպես հարթություն, ապա իրադարձությունները կլինեն կետեր հարթության մեջ: Օրինակ, ինչ կապ ունի այն, որ մենք մեկնեցինք Գերմանիա, միջոցառման ժամանակ ծանոթացանք այդ մարդու հետ, համալսարանից դուրս մնացինք, սկսեցինք հեծանիվ վարել և գործնական առաջարկ ստացանք, որը մերժեցինք: Առաջին հայացքից` ոչ մի: Սակայն անցնում է որոշ ժամանակ և հաճախ հասկանում ենք, որ ոչինչ իզուր չի եղել և այդ ամենն ընդհանուր շղթայի մի մասն է (առանձին հանգույցներ):

Առաջին անգամ «կետերը միանալու» մտքի վրա ուշադրություն դարձրեցի Սթիվ Ջոբսի ելույթներից մեկի ժամանակ, որում նա պատմում էր իր հիվանդության, Apple-ից իրեն հեռացնելու, Pixar-ը հիմնադրելու, մի խոսքով` իր կյանքի մասին: Ըստ նրա, այն ժամանակ, երբ տեղի էր ունենում այդ իրադարձություններից յուրաքանչյուրը, դրանք իրար հետ ընդհանրապես կապ չունեին, իրար ոչ օգնում էին, ոչ խանգարում, բայց ինչ-որ պահի այդ բոլոր իրադարձությունները կապվեցին, սկսեցին իրար լրացնել և պարզ դարձավ, որ առանց մեկի մյուսը հնարավոր չէր լինի. դրանք միմյանց շարունակությունն էին:

Հետո նույնը սկսեցի զգալ սեփական կյանքում: Իրադարձությունները, որոնք իրարից այդքան հեռու են, իրար հետ ընդհանրապես կապ չունեն, ինչ-որ պահի դառնում են մեկ ընդհանուրի մի մասը: Մեր կյանքի հարթության վրա այդ «անկանոն» կետերն ինչ-որ պահի միանում և ձևավորում են մեզ համար հասկանալի պատկեր: Սակայն ես դա չեմ անվանում բախտ, ճակատագիր կամ մեզանից կախում չունեցող որևէ այլ անվանմամբ: Ես զգացել եմ, որ կետերն ինքնուրույն եմ կապում, երբեմն գիտակցելով, երբեմն ենթագիտակցորեն, բայց ինքնուրույն: Այսինքն, ոչ թե եղել են իրադարձություններ, որոնք եղել են հատուկ ժամանակ, հատուկ վայրում, հատուկ նպատակով, այլ ես վերցնում եմ այն ամենը, ինչը տեղի է ունեցել, միգուցե անկանոն է և կապում եմ այդ բոլորն իրար հետ` փորձելով օգտագործել մեկն ի օգուտ մյուսի:

Պատկերացրեք, որ դուք մտնում եք նկուղ և տեսնում եք ամենատարբեր իրեր` պլաստմասայի շիշ, փայտե չորսու, մուրճ, թել, գրապահարանի դարակ, գրքերի արկղ, կոտրված ծաղկաման, հին փոշեկուլ, ջրի տարրա, և այլն, և այլն: Այդ ամենն իրար հետ ընդհանրապես կապ չունեն: Սակայն եթե դուք ուզեք, կարող եք այդ ամենը միավորելով ինչ-որ բան ստանալ, օրինակ, կահավորեք տան սենյակներից մեկը և օգտագործեք դրանք դիզայնի մեջ: Այսինքն, դրանք կդառնան իմաստալից որևէ հարթության մեջ, այս դեպքում` սենյակի կահավորման, բայց այնպես չէ, որ դրանք ի սկզբանե դրա համար էին նախատեսված, պարզապես դուք կարողացաք այդ ամենն իրար հետ կապել:

Կյանքում նույնպես տեղի են ունենալու տարբեր իրադարձություններ, որոնք մեր կյանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով պետք է իրար հետ կապել: Պետք չէ անիմաստ կորցնել մի բան, որը տեղի է ունեցել նախկինում` մեր ժամանակը, փորձը, գիտելիքը: Պետք է իրար հետ կապել այն ամենը, ինչը հնարավոր է: Մենք ինքներս պետք է անկանոն կետերը միացնելով` կանոնավոր պատկերի վերածենք:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»