Անձնային աճ

Ինչպես զարգանալ երեխայի պես արագ հասուն տարիքում

Այն տեմպով, որով զարգանում է երեխան իր կյանքի առաջին տարիների ընթացքում, կարծում եմ, մենք չենք զարգանում մեր կյանքի հետագա փուլերից ոչ մեկում: Փորձեք երկու տարի ապրել ամազոնյան վայրի ցեղերից մեկում, հասկանալ նրանց լեզուն, խոսել այդ լեզվով, հասկանալ նրանց ապրելակերպը, մշակույթը, ֆիզիկական շարժման նոր ունակություններ ձեռք բերել, օրինակ, մագլցել ծառերի վրայով, շատ ավելի արագ վազել, տեղական «մարտարվեստի» հնարքներին տիրապետել, և այլն, և այլն: Բայց չէ որ այդ ամենը նորածինն անում է, երբ հայտնվում է բոլորովին անծանոթ, անհասկանալի միջավայրում, և անում է շատ-շատ ավելին, քան նկարագրված է:

Մեծանալով` մենք շարունակում ենք աճել, բայց ոչ նույն տեմպով. տեմպը նվազում է: Դպրոց, համալսարանն ավարտելուց հետո, որքան էլ մեզ թվա, որ մենք աճում ենք (հիմնականում դա լինում է մասնագիտական աճ), դա չնչին տեմպ է այն տեմպի համեմատ, որով մենք աճել ենք, հետևաբար՝ ունակ ենք աճել: Հայացք գցեք ձեր կյանքի վերջին մեկ տարվան: Արդյո՞ք մասշտաբային փոխոփություններ, աճ է գրանցվել այդ մեկ տարվա ընթացքում, արդյո՞ք կյանքի գրաֆիկը պարաբոլով է գնացել, այլ ոչ թե ուղիղ գծով, արդյո՞ք այդ մեկ տարվա ընթացքում մենք սովորել ենք «քայլել», «խոսել», «հասկանալ», այլ ոչ թե պարզապես «չոչ» ենք արել:

Մենք սիրում ենք ասել, որ կյանքը մեզ ստիպում է այդպես վարվել: Իրականում կյանքը մեզ չի ստիպում. այն ընդամենը ցույց է տալիս ուղիղ ճանապարհ, բայց այդ ճանապարհով մենք ինքներս ենք անցնում: Կյանքը չի ստիպում մեզ ուղիղ շարժվել, խաչմերուկից չթեքվել, չհետաքրքրվել, թե բլուրից այն կողմ ինչ կա: Դա մեր ընտրությունն է և ոչ ոք դրա համար պատասխանատու չէ:

Կա մի սկզբունք, որն օգնում է մարդուն աճել տարիքից անկախ: Այդ սկզբունքը կարելի է անվանել «սովորել և կիրառել»: Դպրոցում մենք սովորում ենք, բայց չենք կիրառում: Ավելի հասուն տարիքում մենք կիրառում ենք սովորածը, բայց չենք սովորում նորը: Իսկ այն, ինչը մենք համարում ենք «նորը սովորել» հասուն տարիքում, իրականում փշուրներ են, եղած փորձի և գիտելիքի շուրջ ինչ-որ հավելումներ, կաթիլ օվկիանոսում: Մենք չենք մտնում նոր տարածքներ, խաղում ենք տրորված դաշտում և չենք տրորում նոր խոտը: Մենք պատրաստ ենք կիրառել եղածը, բայց արդեն հոգնել ենք սովորելուց:

Որպեսզի հասուն տարիքում աճենք երեխայի տեմպերով, մենք պետք է պատրաստ լինենք սովորել երեխայի տեմպերով, հետաքրքրությամբ, մեթոդներով: Մենք պետք է մեր մեջ զգանք երեխային, որը նոր է ծնվել և հայտնվել է հսկայական տարածության մեջ, որտեղ սովորելու, փորձելու և կիրառելու շատ բան կա: Որպեսզի աճենք երեխայի տեմպերով, հասուն տարիքում մենք պետք է երեխա լինենք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»