Մտորումներ

Մայրս միայն մեկ աչք ուներ

Մայրս միայն մեկ աչք ուներ: Ես ատում էի նրան… Դա ինձ անընդհատ անհանգստացնում էր, հատկապես երբ ընկերներս գալիս էին մեր տուն կամ նա էր դպրոց գալիս:

Մի անգամ մայրս եկել էր դպրոց՝ պարզապես ինձ տեսնելու: Զայրույթիս չափ չկար…

Ինչպե՞ս նա կարող էր ինձ հետ այդպես վարվել: Այդ օրը ես փորձում էի անտեսել նրան, ատելությամբ լի հայացքով վրան էի նայում և փախա նրանից: Հաջորդ օրը՝ դպրոցում, դասընկերներիցս մեկն ասաց. «Ա՜յ քեզ բան, մայրդ միայն մեկ աչք ունե՛ր»:

Ես ուզում էի գետնի տակ անցնել: Ես նաև ուզում էի, որ մայրս անհետանա: Հաջորդ օրը ես դիմավորեցի նրա տան մուտքի մոտ և ասացի. «Եթե դու ինձ անընդհատ ծաղրի առարկա ես դարձնում, ապա ինչո՞ւ դու պարզապես չմեռնես»:

Մայրս չպատասխանեց… Ես նույնիսկ չհասկացա, թե ինչ եմ ասել, քանի որ զայրույթս մեծ էր: Ես չէի մտածում նրա զգացմունքների մասին:

Ես ուզում էի հեռանալ տնից, որպեսզի ոչ մի կապ չունենամ նրա հետ: Այդպես ես սովորում էի քրտնաջան, որպեսզի հնարավորություն ունենամ մեկնել արտասահման սովորելու:

Ապա ես ամուսնացա, գնեցի սեփական տուն և արդեն երեխաներ ունեի: Ես վերջապես երջանիկ էի, քանի որ առանձին էի ապրում, իսկ երեխաներս՝ հարմարավետության մեջ: Մի օր մայրս եկավ մեր տուն՝ այցելության: Նա տարիներով չէր տեսել ինձ և նույնիսկ ծանոթ չէր թոռնիկների հետ:

Երբ նա դռան շեմը հատեց, երեխաներս սկսեցին ծիծաղալ նրա վրա, իսկ ես անչափ զայրացա, որ եկել էր առանց հրավերի: Ես բղավեցի նրա վրա. «Ինչպե՜ս ես համարձակվում գալ իմ տուն և վախեցնել իմ երեխաներին: Գնա՛ այստեղից, հե՛նց հիմա»:

Ի պատասխան դրան՝ մայրս հանգիստ ասաց. «Օ՜, շատ եմ ցավում: Ես սխալ հասցեով եմ եկել», և անհետացավ տեսադաշտից:

Մի օր մեր դպրոցի տարեդարձը նշելու վերաբերյալ նամակ եկավ մեր տուն: Ես ստեցի կնոջս՝ ասելով, որ գործուղման պետք է մեկնեմ: Միջոցառման ավարտից հետո գնացի մեր հին տուն՝ պարզապես հետաքրքրությունից դրդված:

Մեր հարևանն ասաց, որ մայրս մահացել է: Ես ոչ մի կաթիլ արտասուք չթափեցի: Ապա նա տվեց ինձ մի նամակ, որ մայրս խնդրել էր ինձ փոխանցել:

«Իմ սիրելի որդի,

Այս ողջ ընթացքում ես մտածել եմ քո մասին: Ցավում եմ, որ եկա ձեր տուն և վախեցրեցի երեխաներին:

Ես շատ ուրախացա, երբ լսեցի, որ պետք է գաս միջոցառմանը: Բայց ես նույնիսկ անկողնուց չեմ կարող դուրս գալ, որպեսզի տեսնեմ քեզ: Ցավում եմ, որ ես քեզ մշտապես ամաչեցրել եմ՝ մինչ դու մեծանում էիր:

Գիտես ինչումն է բանը… երբ դեռ շատ փոքր էիր, մենք վթարի ենթարկվեցինք և դու կորցրեցիր աչքդ: Որպես մայր՝ ես չէի կարող տեսնել, թե ինչպես ես դու մեծանում մեկ աչքով: Եվ ես քեզ տվեցի իմը…

Ես այնքան հպարտ էի իմ որդով, ով տեսնում էր աշխարհն ամբողջությամբ՝ իմ փոխարեն, այդ աչքով:

Հավերժ քեզ սիրող,

Քո մայր»

Հ.Գ.
Այս պատմությունը հանդիպեցինք ռուսական կայքերից մեկում և որոշեցինք ներկայացնել մեր բլոգի ընթերցողներին՝ ի հիշեցում հավերժ սիրո մեր ծնողների հանդեպ:

Հեղինակի մասին

Հաջողության բլոգ

Հաջողության բլոգը անձնային աճի, ինքնազարգացման թեմայով բլոգ է, որը գործում է 2009 թ.-ից:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»