Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս

Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս

Սիրելի՛ ընթերցող, ինչպես նախորդ գրքերը, այս գիրքը նույնպես ծնվեց պատահաբար: Պատճառն այն է, որ ժամանակ առ ժամանակ զգացողություններ, մտքեր եմ ունենում, որոնք չեն տեղավորվում կյանքի և մարդկության մասին ստանդարտ պատկերացումների շրջանակում, որոնք, սակայն, հետաքրքիր են ինձ համար և արժանի են գոնե վերլուծման: Սովորաբար ես թույլ չեմ տալիս, որ այդ մտքերը կորչեն, և ինչ-որ ձևով գրում, պահպանում եմ դրանք՝ նույնիսկ ամենաանհարմար վայրերում, ամենաանհարմար պահերին: Օրերից մի օր էլ հասկացա, որ ժամանակի ընթացքում կուտակված նյութը բավական շատ է, և որ այդ ամենը կարելի է անվանել «ոչ ստանդարտ մտածելակերպ»: Հասկացա նաև, որ երբ սկսում եմ «ոչ ստանդարտ» մտածել և փորձում եմ իրերն այլ կերպ տեսնել, դա զարգացնում է ուղեղը, մտածողությունը տեղափոխում է մի նոր հարթություն, որտեղ խնդիրներն ավելի հեշտ են լուծվում, քանի որ մտածողությունն ավելի ճկուն է դառնում:

Բայց ամենակարևորն այն է, որ կյանքն ավելի հետաքրքիր է դառնում: Սկսում ես այն դիտել այլ անկյան տակ. կրկին դառնում ես հետազոտող, հայտնաբերող. մարդ, ով ինչ-որ բան է որոնում: Այն ժամանակներից ի վեր, երբ բացահայտվեցին մեր երկրագնդի բոլոր թաքնված անկյունները, երբ կազմավորվեց քիմիական տարրերի աղյուսակը, երբ ֆիզիկայի և բնության օրենքները դարձան հասկանալի և հանրամատչելի, երբ աշխարհը դարձավ արդյունաբերական, երբ ֆինանսական համակարգը բոլորիս իր փոքրիկ մասը դարձրեց, երբ ամեն ինչ հեշտ, կարգավորված, ավտոմատացված դարձավ, կյանքը կարծես միապաղաղ դարձավ, քանի որ մարդկանց կյանքի հիմնական նպատակը դարձան փող աշխատելը և տարրական հաճույքները: Այս գիրքը նաև այդ ապրելակերպի մեջ ինչ-որ ճեղք բացելու փորձ է:

Եթե կարդացել եք իմ նախորդ գրքերը, ապա այս մեկն ընթերցելիս ժամանակավորապես մոռացեք դրանք: Սա մոտիվացիոն գիրք չէ (վերջին էջերին հասնելով, չնայած, դուք ձեզ կզգաք ավելի մոտիվացված, քան երբևէ): Ընթերցելիս զգացմունքները փոփոխական կլինեն: Ներկայացված որոշ մտքերի հետ դուք անմիջապես չեք համաձայնվի, որոշ մտքերի հետ չեք համաձայնվի ընդհանրապես: Սակայն գրքի նպատակը իմ ներկայացրած մտքերն ընդունելը և դրանք ձերը դարձնելը չէ: Նպատակն այլ է. փորձենք մտածել ինքնուրույն՝ կտրվելով համամարդկային ընդհանուր մտածողությունից: Փորձենք ընդլայնել մեր գիտակցության սահմանները: Հուսով եմ՝ գիրքն օգտակար կլինի և կտեղափոխի ձեր մտածողությունը նոր հարթություն: Ընթերցեք և վերլուծեք ինքնուրույն: Այն ձեզ ոչինչ չի պարտադրում, ընդամենը հնարավորություն է տալիս ճանապարհորդել դեպի մեկ այլ իրականություն:

Ծանոթանալ գրքի բովանդակությանը

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»