Գրքեր անձնային աճի մասին

Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքերի միջոցով ես կփորձեմ Ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար: -Հ. Մանուկյան


   


Հաջողակ մարդիկ

Ինգվար Կամպրադ և IKEA

Ինգվար Կամպրադը IKEA ընկերության հիմնադիրն է: Նա Շվեդիայի ամենահարուստ մարդն է և մտնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակի մեջ: Խոսակցություններ կան նաև այն մասին, որ 84-ամյա շվեդը ժամանակ առ ժամանակ գլխավորում է այդ աղյուսակը:

Ինգվար Կամպրադը ծնվել է 1926 թվականի մարտի 30-ին, Շվեդիայի Սմալանդիա կոչվող փոքրիկ արվարձանում: Բիզնեսով սկսել է զբաղվել մանկուց: 5 տարեկան հասակում Ինգվարը լսում է «լուցկիների արքա» Իվար Կրյուգերի մասին պատմությունը, որն իր կարողությունը ստեղծել էր շվեդական հայտնի լուցկիների արտադրությամբ: Այն մեծ տպավորություն է թողնում Ինգվարի վրա և ոգևորված տղան հորը խնդրում է Ստոկհոլմից լուցկիներ բերել իր համար:

Լուցկիները նա վաճառում է մոտակա գյուղի բնակիչներին, որտեղ Ինգվարը պարբերաբար լինում էր հեծանվով: Նա նկատում է, որ լուցկիները կարելի է մեծ քանակությամբ ձեռք բերել Ստոկհոլմում, էժան գներով վերավաճառել և տարբերության հաշվին եկամուտ ունենալ: Այդուհետ դա կրում է կանոնավոր բնույթ: Հետագայում, նա սկսում է զբաղվել նաև ամանորյա զարդերի, գրիչների, մատիտների, ձկան և սերմերի վաճառքով: Ստացված գումարները նա խնայողաբար հավաքում էր:

Մինչև նրա դպրոցական ընկերները «վայելում էին» կյանքը ֆուտբոլային դաշտերում և աղջիկների հետ հանդիպումների ժամանակ, Ինգվարը մտածում էր այն մասին, թե ինչպես ընդլայնել «բիզնեսը»: Իր խնայած գումարներին ավելացնելով հոր կողմից նվեր ստացած գումարը` 17 տարեկանում նա հիմնում է IKEA ընկերությունը: Ընկերությունը սկսում է զբաղվել տարբեր ապրանքների վաճառքով և փոստային առաքմամբ: Գործի մեջ Ինգվարը ներդնում է իր ողջ ուժերը: Որևէ ապրանքի նկատմամբ պահանջարկ առաջանալուն պես, նա միանգամից ձգտում էր առաջարկել նույն ապրանքն ավելի էժան գնով: Եվ այդ միտքը հաջողություն է ունենում: Հետագայում, Կամպրադը գնում է տեղի ոչ մեծ, հին գործարաններից մեկը և սկսում զբաղվել էժան կահույքի արտադրությամբ, որն էլ հետագայում դառնում է IKEA ընկերության հիմնական ուղղվածությունը:

1951 թվականին լույս է տեսնում IKEA-ի կողմից արտադրվող կահույքի առաջին կատալոգը: Հետագայում, այս միտքը դառնում է իսկական ձեռքբերում ընկերության համար: 1953 թվականին շվեդական Էլմկուլտ քաղաքում բացվում է IKEA-ի առաջին խանութը: Եվս երկու տարի անց, հերթական կահույքի առաքման ժամանակ, Ինգվարի մոտ պայծառ միտք է ծագում` կահույքը առաքել քանդված վիճակում: Նա իր մասնագետների հետ միասին սկսում է աշխատել մի պարզ սխեմայի վրա, որը հնարավորություն կտար կահույքը արտադրել առանձին կտորներով և վաճառել քանդված վիճակում: Կամպրադի նորամուծությունը գնորդների շրջանում հանդիպում է մեծ արձագանքի: Այդուհետ IKEA-ի խանութներում հաճախորդները կարող էին ձեռք բերել մատչելի գնով կահույք, որն էլ իրենք կարող էին հավաքել: Մեկ տարի անց IKEA-ի եկամուտները կրկնապատկվում են: Ընկերության հերթական ժողովներից մեկի ժամանակ Կամպրադը հայտարարում է` «Էժան վաճառված 600 աթոռները ավելի շատ եկամուտ են բերում, քան 60 թանկ վաճառվածները»:

IKEA-ի խանութները գնալով շատանում են, իսկ գները` իջնում: Այսօր IKEA-ին են պատկանում ավելի քան 180 խանութներ աշխարհի ավելի քան 30 երկրներում: Ընկերության կատալոգները կանոնավոր կերպով ձեռք են բերում աշխարհի տարբեր քաղաքների միլիոնավոր բնակիչներ: Դրանք արտադրվում են տարեկան ավելի քան 100 միլիոն քանակությամբ և թարգամանված են 34 լեզուներով: Այսօր IKEA-ի կողմից մշակված ռազմավարությունները կիրառվում են աշխարհի տարբեր ընկերություններում և ուսումնասիրվում են Եվրոպական մի շարք ուսումնական հաստատություններում:

Իր հաջողությունների մասին Կամպրադը նշում է հետևյալը.
— Իմ կարծիքով բիզնեսում ես որոշ չափով տարբերվել եմ մնացածից, քանի որ ամեն ինչ սկսեցի շատ վաղ հասակից: Մինչև հիմա հիշում եմ այն հաճելի զգացումը, երբ ունեցա իմ առաջին եկամուտը: Այդ ժամանակ ես 5 տարեկան էի: Մինչև հիմա էլ, ես մեծ հաճույք եմ ստանում բիզնեսով զբաղվելուց: Բայց ավելի հաճախ ինձ հաճույք պատճառում է այն, երբ իմ մոտ նոր մտքեր են ծնվում և ես կարողանում եմ համոզել ուրիշներին, որ դրանք հնարավոր է իրագործել: Դա ինձ ստիպում է անընդհատ նոր հնարավորություններ փնտրել և մտածել այն մասին, թե ինչից կարելի է եկամուտ ստանալ: Իմ լավագույն հաղթանակները նրանք են, որոնք կապված չեն անհաջողությունների հետ: Ցավոք, անհաջողություններ իմ կյանքում շատ են եղել: Իսկ ինչ վերաբերվում է IKEA-ի ղեկավարման կանոններին, ապա մեր միակ ոսկե կանոնն ասում է` ցանկացած խոչընդոտի մեջ տես նոր հնարավորություն: Խոչընդոտները` դրանք թաքնված հնարավորություններ են:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»