Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողակ մարդիկ

20-րդ դարի լավագույն գործարարը: Հենրի Ֆորդ:

Հենրի Ֆորդի կենսագրությունը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ յուրաքանչյուր մարդ կյանքում կարող է հասնել այն ամենին, ինչ ցանկանա:

Ծնվելով ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Դիրբորն քաղաքի մոտակայքում գտնվող ֆերմաներից մեկում 1863 թվականի հուլիսի 30-ին` նա թողնում է դպրոցը 16 տարեկան հասակում և մահանում միլիարդատեր 83 տարեկանում: Նա միացյալ նահանգների մեքենաշինության արքան էր, 20-րդ դարի լավագույն գործարարը, որի համար չկար անհնար ոչինչ: Նրա վրա ծիծաղում էին, նրանից վախենում էին, նրան նախանձում էին, բայց Ֆորդին դա քիչ էր հետաքրքրում: Նա անսասան շարժվում էր դեպի իր նպատակը:

Ֆորդի մանկությունը անցել է ծնողների ֆերմայում, որտեղ նա օգնում էր ընտանիքին և հաճախում տեղի գյուղական դպրոցը: Տեխնիկայի հանդեպ մեծ հետաքրքրությունը, որը երիտասարդ Հենրին ցուցաբերում էր դեռ վաղ տարիքում, հետագայում օգնեց նրան դառնալու աշխարհի ամենահայտնի գործարարներից մեկը: 12 տարեկան հասակում Հենրին իր համար սարքավորում է փոքրիկ արհեստանոց, որտեղ մեծ հաճույքով անցկացնում էր ամբողջ ազատ ժամանակը: Հենց այնտեղ է մի քանի տարի անց նա նախագծում իր առաջին գոլորշային շարժիչը: 1879 թվականին նա տեղափոխվում է Դետրոյտ, որտեղ աշխատում է որպես մեքենավարի օգնական: Երեք տարի անց վերադառնում է Դիրբորն, որտեղ 5 տարի զբաղվում է գոլորշային շարժիչների նախագծմամբ և վերանորոգմամբ: Արդեն 1899 թվականին Ֆորդը հիմնում է իր սեփական ընկերությունը:

Այդ ժամանակվանից էլ սկսվում են նրա կյանքի հաջողությունների ու անհաջողությունների շարանը: Բայց անհաջողությունները չէին ընկճում Ֆորդին: Նա «աճում էր» յուրաքանչյուր անհաջողության հետ, փորձ էր ձեռք բերում և «հիմք գցում» իր հետագա հաջողությունների համար: Նրա կարծիքով, կյանքում մարդիկ ավելի շուտ հանձնվում են, քան թե պարտվում: Ով վախենում է անհաջողությունից, սահմանափակում է իր հնարավորությունները: Անհաջողությունը ընդամենը հնարավորություն է տալիս ամեն ինչ սկսել նորից, բայց ավելի շատ գիտելիքներով: Անհաջողություն կրելը և անկեղծ այն ընդունելը ամոթ բան չէ, սակայն ամոթ է անհաջողությունների հանդեպ վախը: Հաջողության հասնելը իրականում հեշտ չէ: Անհրաժեշտ է մեծ նվիրվածություն և շատ աշխատանք: Շատ մարդիկ տեսնում են այն հաջողությունները, որոնց հասել են ուրիշները և համարում են դրանք հեշտ հասանելի: Դա ճիշտ չէ: Կյանքում անհաջողություններն ավելի շատ են պատահում, իսկ հաջողության հասնում են մեծ դժվարությամբ:

Ֆորդը կնոջ` Կլառայի հետ

Ֆորդի ընտանեկան կյանքը իդեալական է թվում: Նա հանդիպում է Կլառա Ջեյն Բրայանտին` ֆերմերի աղջկան, փոքրիկ քաղաքում կազմակերպված խնջույքի ժամանակ և սիրահարվում առաջին հայացքից: Երբ նրանք ամուսնանում են, Ֆորդը 24 տարեկան էր, իսկ Կլառան` 22: Չորս տարի համատեղ կյանքից հետո ծնվում է նրանց առաջնեկը: Կլառան խելացի, հանգիստ կին էր և Ֆորդը, ամբողոջովին տարված լինելով աշխատանքով, միշտ զգում էր նրա օգնությունն ու հոգատարությունը: Կլառան երբեք չէր խառնվում ամուսնու գործերին: Ընդամենը մեկ անգամ է նա փորձում միջամտել Ֆորդի ընդունած որոշմանը` խնդրելով նրան վերջ տալ պրոֆմիությունների դեմ պատերազմին: Ֆորդը հետևում է կնոջ խորհրդին:

Ողջ կյանքի ընթացքում Կլառան միլիոնավոր դոլարներ է ծախսում բարեգործական նպատակներով: Եվ դա չնայած դրան, որ նա շատ խնայող էր, անձամբ էր կարում հագուստների պատռվածքներն ու կարկատում դրանք, նույնիսկ երբ նրանք արդեն միլիոնատեր էին: Կլառան մահանում է 1950 թվականին` Ֆորդի մահվանից 3 տարի անց:

Ֆորդը դառնում է 20-րդ դարի լավագույն գործարար իր համոզմունքների, աշխատասիրության և երազանքների շնորհիվ: Նրա կարծիքով կյանքում փող ունենալն անհրաժեշտ է: Բայց պետք չէ մոռանալ, որ փողի նպատակը «անիմաստ» ծախսելը չէ, այլ ֆինանսական միջոցների ավելացումը մարդկանց ծառայելու համար: Իսկ ֆինանսական միջոցների ավելացման նպատակը ոչ թե ուղղակի շատ փող ունենալն է, այլ շատ փող ունենալը կյանքը բարելավելու համար: Ամենավտանգավորը այն բիզնեսն է, երբ գործ ես անում սեփական օգտի համար: Դա նման է խաղամոլության, որը հազվադեպ է տևում մի քանի տարուց ավելի: Ավելի լավ է աշխատել այն գիտակցությամբ, որ հաջողության և երջանկության հասնում են միայն արդար աշխատանքի միջոցով: Մարդկանց անհաջողությունները հիմնականում հանդիսանում են այդ ճանապարհից շեղվելու արդյունք: Ֆինանսական հաջողության չհասնելու ամենահեշտ ճանապարհը` փողի հանդեպ ագահություն ունենալն է: Բայց եթե աշխատում ես հաճույքով և գործի ճշմարիտ լինելու գիտակցությամբ, ապա փողերն իրենք են հոսում դեպի քեզ: Այսպիսին էր Հենրի Ֆորդը` «ամերիկյան երազանքի» մարմնավորումն ու կենդանի լեգենդը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

9 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»