Հաջողակ մարդիկ

Արիստոտել Օնասիս` հույն նավատորմային արքան

Արիստոտել Օնասիսը ծնվել է 1906 թվականի հունվարի 5-ին Թուրքիայի Սմիրն քաղաքում (այժմյան Իզմիր), ծխախոտի բիզնեսով զբաղվող ընտանիքում: 1922 թվականին թուրքերը գրավում են այդ ժամանակ դեռևս հունական քաղաք Սմիրնը և Օնասիսի ընտանիքը, կորցնելով իր ողջ կարողությունը, ստիպված փախչում է, իսկ Արիստոտելը, լավագույն կյանք գտնելու նպատակով, մեկնում է ամերիկյան մայրցամաք, Արգենտինա, Ռիո Դե Ժանեյրո:

Ինչ մասնագիտությամբ ասես նա չի աշխատում Ռիո Դե ժանեյրոյում` սևագործ աշխատանք, նավակ քշող, ափսեներ լվացող, մատուցող, մրգեր վաճառող, հեռախոսային ընկերությունում վերանորոգող: Համաձայնեք, որ այսպիսի աշխատանքներում բավականին դժվար է հսկայական բիզնես կառուցել և մեծ գումարներ աշխատել: Սակայն տեղի է ունենում մի պատահականություն, որը փոխում է նրա կյանքը:

1924 թվականին, Ռիո Դե Ժանեյրոյի ռեստորաններից մեկում, որտեղ Արիստոտելը մատուցող էր աշխատում, հանգստանում էր համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ` Կառլոս Գարդելը: Օնասիսը արգենտինյան տանգոյի “արքային” հյուրասիրում է հոր ուղարկած սիգարներից մեկով: Սիգարի համը երգչին այնքան է դուր գալիս, որ նա մի ամբողջ տուփ է պատվիրում Արիստոտելին: Այս իրադարձությունը սկիզբ է հանդիսանում Արիստոտել-գործարարի համար: Արդեն մի քանի ամիս անց “Մելանժ Գարդել” սիգարները հայտնի են դառնում ոչ միայն Արգենտինայում, այլ ամբողջ Հարավային Ամերիկայում: Այդպիսի հաջողությունը անհնար էր չնկատել և 1928 թվականին Օնասիսը հունական կառավարությունից Արգենտինայի հետ առևտրային պայմանագիր կնքելու առաջարկ է ստանում: Ավելին, նա նշանակվում է Արգենտինայում Հունաստանի գլխավոր հյուպատոս:

Արիստոտելը ակտիվ աշխատում է իր ֆինանսական կայսրությունը ընդլայնելու ուղղությամբ, սկսում է սիգարներ և այլ ապրանքներ արտադրել, ինչի շնորհիվ 1931 թվականին, 25 տարեկան հասակում, աշխատում է իր առաջին միլլիոն դոլլարը: Բայց դա միայն սկիզբն էր և ինչպես նա էր սիրում ասել. “Դժվարը առաջին միլլիոնն աշխատելն է”: 1932 թվականին նա սննկացած կանադական ընկերությունից 120 հազար դոլլարով գնում է իր առաջին 6 բեռնատար նավերը, որոնք վաճառքի էին հանված դատարանի որոշմամբ: Այդ իրադարձությունն է սկիզբ դնում հետագայում մի ամբողջ նավատորմի կազմավորմանը: 1938 թվականին Արիստոտելը կառուցում է իր առաջին լցանավը (танкер): Որոշ ժամանակ անց նա ձեռք է բերում ևս երկու լցանավ: Նույնիսկ պատերազմի ժամանակ է նա շարունակում մեծացնել իր նավատորմը: Գործարարի նավերին հաջողվում էր խուսափել պատերազմի սպառնալիքներից: 50-ական թվականներին Օնասիսը մի քանի ամսվա ընթացքում գնում է ևս 17 նոր լցանավեր: 1953 թվականին նա ձեռք է բերում “Société des Bains de Mer”-ի արժեթղթերի հսկիչ փաթեթը: “Société des Bains de Mer”-ին էին պատկանում անշարժ գույքի տարբեր օբյեկտներ` հյուրանոցներ, թատրոններ, խաղատուն Մոնտե Կառլոյում:

Արիստոտել Օնասիս և Ժակլին Քենեդի

Արիստոտել Օնասիսը մահանում է 1975 թվականի մարտի 15-ին, 69 տարեկան հասակում: Կյանքի վերջին տարիներին նա տառապում էր մահացու հիվանդությամբ: Իր մահից հետո նա թողնում է հսկայական կարողություն, տարբեր գնահատականների համաձայն 3-5 միլլիարդ ամերիկյան դոլլար: Վերջին տարիներին գործարարի օրեկան եկամուտը կազմում էր ավելի քան 200 հազար ամերիկյան դոլլար:

Ընտանեկան կյանքում միլլիարդատերը այդքան հաջողակ չէր, ինչքան բիզնեսում: Նա կարողանում էր հմայել շատ կանանց և աղջիկների: Նրա կանանցից են եղել հայտնի և մեծահարուստ հույնուհի Թինա Լեվանոսը և Ժակլին Քենեդին` ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի այրին: Մինչև ամուսնությունը Արիստոտելը գրավում է հիասքանչ Ինգեբորգ Դեդիխենի` նորվեգական նավային մագնատի աղջկա սիրտը: Բացի այդ, երկու ամուսնությունների արանքում ընկած ժամանակահատվածում, Օնասիսը բուռն և երկար հարաբերություններ է ունենում հիասքանչ օպերային երգչուհի, աստղ Մարիա Կալլասի հետ: Ցավոք այս կանանցից ոչ մեկը չդարձավ այն “միակը”, որի հետ Արիստոտելը կկիսեր իր երջանկությունը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

    • Իմ կարծիքով ամբողջ պատասխանատվությունը յուրաքանչյուրս պետք է իր վրա վերցնի: Նկատի ունեմ անկախ ինչ երկրում ես ապրում, եթե ցանկացար ինչ-որ բանի հասնել, կհասնես, իսկ եթե ոչ, ապա դրա համար պատասխանատու ենք միայն մենք, ուրեմն ինչ որ բան այնպես չենք արել:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»