Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողակ մարդիկ

Անհաջողությունների աղբյուրը ձեր մեջ փնտրեք. Կոնսուկե Մացուսիտա

“Երբ գործերը լավ են գնում, որոշ մարդիկ վերագրում են դա իրենց, իսկ երբ դրանք վատ են` ամեն ինչում մեղադրում են ուրիշներին: Բայց նման մարդիկ չեն կարող աճ ակնկալել: Եվ միայն նրանք, ովքեր ընդունում են հաջողությունը որպես ճակատագրի նվեր և շնորհակալ են բոլոր նրանց, ովքեր օգնում են իրենց, իսկ անհաջողությունների աղբյուրը փնտրում են առաջին հերթին իրենք իրենց մեջ, դրանք են այն մարդիկ են, որոնք իրոք աճում և առաջ են շարժվում”:
Կոնսուկե Մացուսիտա

Կոնսուկե Մացուսիտան հանրահայտ Matsushita Electric ճապոնական ընկերության հիմնադիրն է` հայտնի իր Panasonic, National և Technics ապրանքանիշերով: Կրթությունը` թերի տարրական: Ընտանիքի աղքատությունն էր պատճառը, որ 9 տարեկան հասակում նա թողնում է դպրոցը և սկսում աշխատել: Վեց տարի նա աշխատում է հեծանիվների արհեստանոցում որպես աշակերտ, ապա աշխատանքի է անցնում Osaka Electric Light ընկերությունում:

Կոնսուկեն անընդհատ փորձում էր գտնել և շտկել ընկերության արտադրանքի թերությունները: 22 տարեկան հասակում նա ստեղծում է էլեկտրական վարդակի (штепсельная вилка) նոր տարբերակ: Եվ այն բանից հետո, երբ ղեկավարը հերթական անգամ մերժում է նրա հայտնագործությունը, Կոնսուկեն որոշում է հեռանալ ընկերությունից և ստեղծել նոր տիպի էլեկտրոպատրոնների արտադրության սեփական բիզնեսը` ունենալով ընդամենը 100 իեն նախնական կապիտալ: 1917 թվականից սկսվում է հանրահայտ Matsushita Electric ընկերության պատմությունը: Շուտով Կոնսուկե Մացիսուտան արդեն ութ գործարանների սեփականատեր էր, իսկ նրա արտադրանքը սկսում է շուկա դուրս գալ Panasonic ապրանքանիշի անվան տակ:

Իր ճանապարհի սկզբնամասում ունենալով գրեթե զրոյական կապիտալ, Կոնսուկե Մացիսուտան հույսը կարող էր դնել միայն մի քանի համախոհների վրա, որոնցից էին նրա կինը և երեք ազգականներ, որոնք ցանկություն էին հայտնել մասնակցել նոր ընկերության ստեղծման գործընթացին: Հնգյակից ոչ ոք չուներ անգամ միջնակարգ կրթություն: Սակայն այս թիմից երկուսի անունները հետագայում դարձան ճապոնական բիզնեսի խորհրդանիշ: Դրանք էին Կոնսուկե Մացուսիտան և նրա կնոջ եղբայրը` Մուցուսիտի Տոշիո Իուեն` հայտնի ողջ աշխարհին, որպես հանրահայտ Sanyo ընկերության նախագահ:

Սկզբում ամեն ինչ ընթանում էր մեծ դժվարությամբ: Մացիսուտայի արհեստանոցը զբաղեցնում էր ընդամենը 39ք.մ և գտնվում էր կիսանկուղում տեղակայված երկու սենյականոց բնակարանում: Խմբի հավաքած չնչին գումարները հազիվ էին հերիքում նոր մոդելի էլեկտրոպատրոններ արտադրելու համար, իսկ բազմաթիվ տեխնիկական խնդիրներ լուծվում էին ժամանակի ընթացքում: Իսկ երբ մի քանի ամիս անց, գործընկերները վերջապես առաջարկում են նորույթը մեծածախ առևտրականներին, վերջիններս վերաբերվում են դրան բավականին սառը: Նրանք չէին ցանկանում ռիսկի դիմել, քանի որ կարծում էին, որ Մացիսուտայի երիտասարդ ընկերությունը կարող է ձախողվել: Նրանց չէր հետաքրքրում նաև մատակարար, որն ուներ ընդամենը մեկ տեսակ արտադրանք: Իսկ տեսականին ընդլայնելու համար գումար էր անհրաժեշտ, որը ցավոք չկար: Մացուսիտան և նրա կինը գրավի տակ են դնում ամեն ինչ` ընդհուպ մինչև հագուստները: Նրանք աշխատում էին օր ու գիշեր: Փորձելով բարելավել արտադրանքի դիզայնը` Մացուսիտան փորձարկումներ էր անում նոր էլեկտրական մասերի և սարքերի հետ: Վերջապես առևտրականներից մեկին դուր է գալիս երիտասարդ, եռանդուն և համառ գործարարը և նա արտադրանքի խոշոր պատվեր է տալիս: Պատվերը բավականին մեծ էր և դժվար փոքրիկ ընկերության համար, սակայն Մացուսիտան վերցնում է այն և ժամանակին բավարարում: Հաճախորդը գոհ է մնում և տալիս է հաջորդ խոշոր պատվերը: Այդպես բիզնեսը սկսում է զարգանալ:

Բառացիորեն սկսելով զրոյից, Կոնսուկե Մացուսիտան կյանքի վերջում ապահովում է իրեն 3 միլիարդ անձնական կարողություն, իսկ նրա հիմնած Matsushita Electric ընկերության կապիտալը հասնում էր 42 միլիարդի: 80 տարեկան հասակում անցնելով թոշակի` նա ոչ միայն ամենահարուստ ճապոնացի գործարարն էր, այլ նաև իր երկրի ամենաճանաչված բիզնես-առաջնորդը, նորարար և կենդանի լեգենդ: Նա գրել է բազմաթիվ հոդվածներ և գրքեր ղեկավարման արվեստի վերաբերյալ: Լինելով միլիարդատեր` նա հասարակ էր առօրյայում և չէր վատնում գումարներ շքեղության վրա: Իսկ նրա ստեղծած ընկերությունը, մասնավորապես Panasonic ապրանքանիշը, ճանաչում են ողջ աշխարհում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

  • Հրաշալի պատմություն է : Ինձ թվում է ճապանացիները, չինացիները ինչ որ հոգեկան առանձնահատկություն ունեն — նրանք չեն հոգնում աշխատանքից և չեն հոգնում իրենք իրենց վրա աշխատելուց…

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»