Հաջողության գաղտնիքներ

Մի վախեցեք անհաջողություններից: Դրանք անպայման կբերեն հաջողության:

Ի տարբերություն շատերի, որոնք իրենց առջև բացված հնարավորություններում առաջին հերթին նկատում են դժվարությունները, հաջողակ մարդիկ օժտված են ցանկացած դժվարության մեջ հնարավորություն տեսնելու զարմանալի հատկությամբ: Հաջողության հասնելու ճանապարհին նրանց միշտ ուղեկցում է լավատեսությունն ու համառությունը: Անհաջողությունները չեն ստիպում նրանց հրաժարվել նպատակներից: Նրանք միշտ ուժ են գտնում առաջ շարժվելու համար` առանց շեղվելու ընտրված ճանապարհից և անպայման հասնում են բաղձալիին:

Հաջողության հասնելու ճանապարհը միշտ չէ, որ հեշտ է ու անամպ: Բայց հայտնի մարդկանց օրինակները, որոնք կարողացել են իրենք ստեղծել իրենց, ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ համբերությունը, համառությունն ու այրիչ ցանկությունը կարող են բացել ցանկացած դռներ:

Թոմաս Էդիսոնը ավելի քան 10.000 անհաջող փորձ է կատարում` մինչև նրան հաջողվում է կատարելագործել էլէկտրական լամպը և բերել այն կատարյալ վիճակի: Հաջողության հասնելու նրա այրիչ ցանկությունը երբեք չէր մարում:

Հենրի Ֆորդը երկու անգամ սննկանում է, մինչև նրա «Т» մոդելի մեքենան դուրս է գալիս մեքենաների արտադրամասից, բայց այդ ընթացքում նա չէր էլ մտածում ավտոմեքենաների զանգվածային արտադրությունը սկսելու իր մտադրությունից հրաժարվելու մասին:

Ուիլբեր և Օրվիլտ Ռայտ եղբայրները վիրավորանքի ու ծաղրանքի տարիներ են անցկացնում միայն նրա համար, որ հավատում էին թռչող մեքենա ստեղծելու հնարավորությանը: Միայն համառությունն ու այրիչ ցանկությունը թույլ չեն տալիս նրանց հանձնվել` մինչև նրանք չեն ստեղծում իրենց առաջին ինքնաթիռը:

Թեդ Թյորները նույնպես ուներ իր նպատակին հասնելու այրիչ ցանկություն և երազում էր ստեղծել զանգվածային լրատվամիջոցների կայսրություն: Երբ այդ միտքը ծագեց նրա մոտ, նա ընդամենը մի փոքրիկ հեռուստատեսային գովազդի ընկերություն ուներ Ատլանտայում: Թյորներն անցնում է իր երազանքի իրագործմանը` սկզբում գնելով փոքրիկ ռադիոկայան, ապա նաև բարձր հաճախականությունների տիրույթում աշխատող հեռուստակայան, որի տիրույթում այդ ժամանակ աշխատում էին այդ տարածաշրջանում գտնվող հեռուստացույցների միայն մոտ կեսը:

Դա 1968 թվականն էր: Հենց սկզբից Թեդը բախվում է անհաջողությունների: Նրա հեռուստաընկերությունը պարզապես խժռում էր գումարները: 1970 թվականին այն մոտ 700 000 դոլարի վնաս է բերում: Բայց Թեդը որոշում է գնել ևս մեկ կայան: Այն նույնպես աշխատում էր ամսեկան 30 000 դոլար վնասով: Չնայած դրան, արդեն մի քանի տարի անց, Թեդը վերածում է գոյատևման համար պայքար մղող իր հեռուստակայանը ամերիկյան առաջին «մեգակայանի»: Փողերը սկսում է հոսել ջրի պես, բայց Թյորները չէր էլ մտածում կանգ առնելու մասին:

1979 թվականին նա վերցնում է մոտ 29 մլն դոլար վարկ, որպեսզի ֆինանսավորի CNN-ը` այն ժամանակ ոչ մեկի կողմից դեռ չփորձված «նորությունների հեռուստակայան», որի մասին շատերն ասում էին, որ այն ոչ ոք չի դիտի: Առաջին հինգ տարվա ընթացքում CNN-ը տալիս է ավելի քան 70 մլն դոլարի վնաս: Միայն 1984 թվականին է այն դուրս գալիս ծանր վիճակից և վերջապես սկսում է շահույթ բերել: 1987 թվականին Թյորները 1.2 մլրդ դոլարով ձեռք է բերում նաև «MGM Studios» կինոստուդիան: Այդ ձեռքբերումը ավելացնում է նրա պարտքերը մոտ 1 մլրդ դոլարով:

Վերլուծաբանների մեծ մասը այդ ժամանակ կարծում էին, որ Թյորները ավել է վճարել MGM-ի նախկին սեփականատերերին, բայց նրանք ուղղակի չգիտեին, թե ինչ գիտեր Թեդ Թյորները: Չի հաջողվում նրանց նաև կանխատեսել այն շահույթը, որը մի հիասքանչ օր սկսելու էր բերել MGM ստուդիայի ֆիլմերի գրադարանը: Թյորների բնազդը կրկին անգամ չի դավաճանում իրեն:

1990 թվականին` ընդամենը 3 տարի անց, երբ հեռարձակումների գինը թռիչք է ապրում, Թյորների ընկերության շահույթը սկսում է աճել բարձր տեմպերով: 1997 թվականին նրա «Turner Broadcasting System» ընկերությունը միաձուլվում է «Time Warner» կոնցեռնի հետ` դառնալով աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը զանգվածային լրատվամիջոցների և հաղորդակցությունների ոլորտում: Իսկ Թեդ Թյորները դառնում է մարդկության պատմության մեջ ամենահայտնի բարերարներից մեկը` ծախսելով միլիարդավոր դոլարներ բարեգործության վրա:

Հ.Գ.
Կարծու՞մ եք այսպիսի հաջողությունը հնարավոր կլիներ, եթե Թեդ Թյորները հանձնվեր առաջին իսկ անհաջողություններից հետո: Իմ կարծիքով` ոչ: Հիշեք, եթե դուք ինչ-որ բան եք պլանավորել, ինչ-որ նպատակներ ունեք, անպայման կլինեն օրեր, երբ դուք հիասթափություն կապրեք, դժվարությունների կհանդիպեք և անհաջողություններ կունենաք: Կարևորը, այդ պահերը անցկացնելն է, չհանձնվելը: Նման պահերին մտածեք այն հաջողությունների մասին, որոնք արդեն ունեցել եք նախկինում: Նաև պատկերացրեք ձեր վերջնական նպատակը, կարծես դուք արդեն հասել եք դրան: Դա ձեզ կոգևորի և լրացուցիչ ուժ կտա: Հանձնվելը ամենահեշտ ճանապարհն է: Սակայն կա ևս մեկ ճանապարհ` հաղթահարել դժվարությունները և հասնե՛լ նպատակին:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

  • Հիասքանչ հոդված է, շատերը հեատագա իրենց հաջողությունների համար շնորհակալ կլինեն վերոգրյալ հոդվածի հեղինակին…

  • Հիացած եմ ձեր հետաքրքիր նյութով,իրոք որ ճիշտ եք:Չնայած ես աշխատում եմ հետևել ձեր խորհրդին, սակայն ինձ մոտ դեռ չի ստացվում, ցավոք սրտի, ամեն ինչից շատ շուտ եմ հիասթափվում և դա ինձ համար գիտեմ, որ կործանարար է:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»