Մարդկանց հետ շփում

Ցանկանու՞մ եք հասնել հաջողության: Սկսեք մարդկանց հետ շփումից…

Մարդկանց հետ շփում.. Վաղուց պետք է գրեի այս թեմայով, բայց չգիտեմ ինչու, անընդհատ հետաձգում էի: Հուսով եմ, որ հոդվածը ձեզ համար օգտակար կլինի: Եվ այսպես ….

Կախված նրանից, թե ինչպես եք դուք շփվում այլ մարդկանց հետ, շատ դեպքերում կորոշվի այն, թե ինչ արդյունքների կհասնեք կյանքի ընթացքում: Հավատացեք, ընդհանուր առմամբ, վերջում ամեն ինչ բերվում է մարդկային շփման: Կարողանալ հեշտությամբ շփվել այլ մարդկանց հետ` դա շատ կարևոր է, եթե ցանկանում եք հասնել հաջողության: Այստեղ կքննարկենք մի քանի կանոններ, որոնք կարծում եմ, արժանի են ուշադրության:

Փորձեք նայել իրավիճակին դիմացինի աչքերով

Մարդիկ տարբեր են լինում` տարբեր բնավորությամբ, մտածելակերպով, արժեքներով: Այն, ինչը ձեզ հետաքրքիր է, դիմացինին կարող է ձանձրալի թվալ: Այն, ինչը ձեզ ոգեշնչում է, դիմացինին կարող է ոչինչ չտալ: Երբեմն ձեզ համար անվնաս թվացող արտահայտությունը կամ արարքը կարող է ցավ կամ վիրավորանք պատճառել դիմացինին: Այդ պատճառով, ցանկացած իրավիճակում, ինչ-որ բան ասելուց կամ անելուց առաջ, փորձեք նայել դրան դիմացինի աչքերով: Ի՞նչ կզգայիք դուք, եթե նրա փոխարեն լինեիք: Կարող են լինել դեպքեր, երբ դուք իրավիճակը տեսնում եք այլ կերպ, որովհետև ինֆորմացիայի պակաս ունեք: Միգուցե կա ինչ-որ բան, որ դուք ուղղակի չգիտեք և եթե դա իմանայիք, ապա ամեն ինչ իր տեղը կընկներ: Այդ պատճառով, մի շտապեք եզրակացություններ անել: Դիմացինի աչքերով իրերին նայելու ունակությունը ձեզ կարող է ուժ և իմաստություն պարգևել, իսկ դրա բացակայությունը` դժվարությունների և անհաջողությունների հանգեցնել:

Մի շտապեք խորհուրդներ տալ: Միգուցե դիմացինին անհրաժեշտ է, որ դուք ուղղակի լսեք նրան

Շատ դեպքերում մարդկանց անհրաժեշտ է ընդամենը գտնել մեկին, ով ուղղակի կլսի իրենց: Ինչ-որ խնդրի մասին խոսելիս, մեզանից յուրաքանչյուրը ներքուստ արդեն գիտի դրա լուծումը: Մեզ միայն անհրաժեշտ է, որ մեր կողքին լինի ինչ-որ մեկը, որի հետ կարելի է կիսել հիասթափությունները, դժվարությունները կամ ծանր օրը: Երբեմն, նման պահերին խորհուրդներ տալով, ընդհատելով զրուցակցին, դուք կարող եք միայն զայրացնել նրան և դադարել լինել այն “ապաստարանը”, որտեղ նա կարող է թաքնվել դժվար պահերին: Կարողացեք լսել: Դա շատ ավելի կարևոր է, քան խոսելը:

Երբեք մի քննադատեք ուրիշներին

Շրջապատում կարելի է հանդիպել մարդկանց, որոնք կարծես անհամբեր սպասում են, որ ինչ-որ մեկը հանկարծ սխալվի, որպեսզի սկսեն քննադատել նրան: Միգուցե դա սեփական առավելությունը դիմացինի հանդեպ ընդգծելու միջոց է կամ ուղղակի զգացմունքները զսպել չկարողանալու արդյունք, բայց պետք է այդպիսի մարդկանց օգնել հասկանալ, որ քննադատությունը երբեք չի կարող դրական արդյունք տալ: Ոչ մեկին դուր չի գալիս, երբ իրեն քննադատում են: Դրանով կարելի է միայն թշնամանք և վիրավորվածություն ձեռք բերել սեփական անձի հանդեպ, նույնիսկ եթե այն թաքնված լինի: Ուժեղ մարդիկ չեն քննադատում: Անհրաժեշտության դեպքում նրանք ուղղակի սովորեցնում են: Եվ դա աշխատում են անել այնպես, որ դիմացինը իրեն ճնշված չզգա: Ընդհանրապես, մարդու էությունն այնպիսին է, որ նա միշտ փորձում է արդարացնել իրեն, փորձում է միշտ ճիշտ դուրս գալ ցանկացած իրավիճակից, իսկ մեղավորներին անընդհատ փնտրում է ուրիշների մեջ: Ցանկացած սխալի աղբյուրը առաջին հերթին փնտրեք ինքներդ ձեր մեջ: Միգուցե դա դժվար է, բայց միայն այդպես դուք կարող եք առաջ շարժվել ինքնազարգացման և մարդկանց հետ փոխհարաբերություններ կառուցելու ձեր ճանապարհին:

Ճիշտ վերաբերվեք քննադատությանը

Իսկ ինչպե՞ս եք դուք ինքներդ վերաբերվում նրան, երբ ձեզ են քննադատում: Փորձու՞մ եք միանգամից պատասխան տալ և “պաշտպանողական դիրք” եք ընդունում, թե՞ ուղղակի օգտագործում եք քննադատությունը` սեփական անձի աճի համար: Աշխատեք ճիշտ վերաբերվել քննադատությանը և այն մարդկանց, որոնք քննադատում են: Շրջապատում միշտ էլ կլինեն այդպիսի մարդիկ, որոնք ինչ-որ պատճառներով ձեզ կքննադատեն: Մի կենտրոնացեք դրա վրա: Ուղղակի համապատասխան հետևություններ արեք և շարժվեք առաջ:

Մի բողոքեք

Պետք չէ լինել այն մարդկանցից, որոնք անընդհատ ինչ-որ բանից բողոքում են: Իսկ եթե այդպիսին եք, ապա սկսեք փոխվել: Հիշեք, մարդիկ միշտ սիրում են շփվել դրական տրամադրված մարդկանց հետ: Ոչ մեկին դուր չի գալիս, երբ իր մոտ անընդհատ բողոքում են: Ժամանակի ընթացքում դա միայն վանում է մարդկանց: Անընդհատ բողոքելով` դուք կլանում եք ձեր և ձեր շրջապատի էներգիան: Բացի այդ, բողոքելով դուք ոչինչ չեք լուծում: Այսինքն, դա ոչինչ չի փոխում: Բողոքելու փոխարեն փորձեք լուծել բողոքի առարկա հանդիսացող խնդիրը: Իսկ եթե դա ձեր ուժերի սահմաններում չէ, ապա ավելի լավ է մոռանաք դրա մասին և սկսեք մտածել դրական բաների մասին:

Եվ վերջում, միշտ փորձեք մարդկանց ավելի շատ տալ, այլ ոչ թե վերցնել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

6 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»