Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Մարդկանց հետ շփում

Մարդկանց հետ շփման 1 պարզ կանոն

Մարդկային շփման հիմնական կանոններից մեկն ասում է` խոսակցության ժամանակ ուշադիր լսիր դիմացինին, մի՛ ընդհատիր նրան, ժամանակ առ ժամանակ հասկացրու, որ լսում ես իրեն: Երբ նա վերջացնում է միտքը, մի սկսիր պատմել քո մասին, մի անցիր քեզ հետաքրքրող թեմաներին, այլ հարցեր տուր նրան, հետաքրքրվիր նրանով: Արա այնպես, որ նա շարունակի խոսել, պատմել այն մասին, ինչ իրեն է հետաքրքիր, այլ ոչ թե քեզ: Խոսքը չի գնում այդ ամենը արհեստական ներկայացնելու մասին: Դա այնպես խորը պետք է մտնի ձեր մեջ, որ դառնա բնավորություն, որ դուք այլևս ուշադրություն չդարձնեք դրա վրա և ամեն ինչ լինի անկեղծ: Իսկ իրականում ինչպե՞ս են վարվում մարդիկ:

Կան շատ քչերը, որոնք վարվում են հենց այնպես, ինչպես նկարագրված էր վերևում: Իսկ թե ինչպես են վարվում մնացածը, կնկարագրեմ խոսակցության մի հորինված օրինակով, որը ցավոք` շատ հաճախ է հանդիպում առօրյայում: Ուշադրություն դարձրեք, որ նրանցից ամեն մեկը խոսում է միայն իր մասին, յուրաքանչյուրը անհամբերությամբ սպասում է, որպեսզի պատմի ԻՐ մասին:

— Գիտես, անցած ամիս գնացել էինք Դուբայ հանգստանալու: Շատ լավ անցավ, հիանալի տեղ էր:
— Ի՜նչ ես ասում, շատ լավ է: Մենք էլ անցած տարի գնացել էինք Անթալիա: Երկու շաբաթ մնացինք: Իսկ դուք տուրո՞վ էիք գնացել:
— Չէ, որոշեցինք ինքնուրույն անել ամեն ինչ: Տոմսերը վերցրեցինք, հետո հյուրանոցը …
— (ընդհատում է) Իսկ մենք այստեղից տուր վերցրեցինք: Շատ լավ պայմաններ էին: Այդ գործակալությունը միշտ էժան տուրեր է առաջարկում:
— Մենք էլ էինք սկզբում գործակալության դիմում, բայց հետո փոշմանեցինք:
— Պարզ է: Դուբայում շատ տեսարժան վայրեր կային: Ահագին նկարվել ենք: Մի օր նկարները ցույց կտամ:
— Անթալիայում էլ շատ տեղեր կային: Վերջի օրը գնացինք իրենց ակվապարկը: Մի իսկական հրաշք էր:
— Ես էլ Դուբայում առաջին անգամ ուղտ նստեցի (ծիծաղում է): Չնայած մի քիչ վախեցած էի: Ասում էին` երբեմն մարդկանց փախցնում են:
— Կարևորը, որ հետ եք եկել (ծիծաղում է): Մեր հյուրանոցը լավն էր: Ճիշտ արեցինք, որ 5 աստղանի ընտրեցինք: Ձերը քանի՞ աստղանի էր:
— Մերը 4 աստղանի էր, բայց էլի շատ լավ պայմաններ էին` լողավազան, բար, խաղային …
— (ընդհատում է) Լսի, մեր մոտ էլ մի հատ շատ մեծ լողավազան կար: Չնայած ծովը կողքն էր, բայց մեծ հաճույքով լողավազան էլ էինք գնում:
— Հա՞ (ծիծաղում է): ՉԷ, մենք լողավազանում համարյա չլողացինք: Ամեն առավոտ ու երեկոյան ծով էինք գնում:
— Մենք միայն երեկոյան էինք ծով գնում: Առավոտը աշխատում էինք երկար քնել (ծիծաղում է):
— Երկար քնելն էլ մի բան չի: Օրինակ, ես իմ ժամանակը ափսոսում եմ: Դրա փոխարեն կարող եմ ուրիշ բան անել:
— Ես էլ էի սկզբից ափսոսում ու քիչ էի քնում: Բայց հետո զգացի, որ քիչ քնելու դեպքում օրս ավելի անարդյունավետ է անցնում: Ավելի լավ է երկար քնել:
— Դեե… չգիտեմ: Ես լավ չեմ կողմորոշվում, միգուցե ճիշտ ես: Իսկ ո՞ր ավիաուղիով եք թռել:
— Չեխիական ավիաուղիներով:
— Իսկ մենք Աերոֆլոտով: Ուտելիքը լա՞վն էր:
— Դե կարտոֆիլով սուպ էր ու մի կտոր միս: Հետո թեյ տվեցին ու ..
— (ընդհատում է) Մեզ մոտ էլ էր գրեթե նույն բանը (ծիծաղում է): Բայց շոկոլադ էլ տվեցին: Շատ եմ սիրում շոկոլադ (ժպտում է):
— Պարզ է (ժպտում է): Դե լավ, ես պետք է արդեն գնամ, հանդիպման եմ, հետո էլի կխոսենք:
— Հա, եղավ, ես էլ պետք է գնամ: Երեկոյան ծնունդի ենք հրավիրված, իսկ ես բան չեմ արել:

Եզրակացություններ արեք այս խոսակցությունից և եթե դուք էլ այդպիսին եք` աշխատեք ձեր վրա: Երբ սկսեք ուշադրություն դարձնել մարդկանց հետ շփման վրա, հավատացեք, ժամանակի ընթացքում մեծ արդյունքների կհասնեք:

Լսեք դիմացինին, հետաքրքրվեք նրան պատմածով, այլ ոչ թե ընդհատեք նրան կամ անհամբեր սպասեք, մինչև նա միտքը կավարտի, որպեսզի պատմեք ձեր մասին:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

  • Իրականությունը ավելի հաճախ անպիսին է, ինչպես զրույցում է նշված…))) Հիանալի կլիներ ունենալ շփման 1 պարզ կանոն իմացող զրուցակիցներ և լինել այդպիսին` անկախ զրուցակցի հետաքրքրությունից… )))

  • Մի կին գալիս է հոգեբանի մոտ ու պատմում իր խնդիրների մասին: Մասնավորապես, նա ցանակում է գտնել ամուսին, ով կխոսի այն ժամանակ երբ կինը կցանկանա: Հոգեբանը տալիս է հստակ պատասխան. Տիկին, ձեր ուզածը հեռուստացույց է…

    Սա իհարկե կատակով, ինչպես ասում են կատակի կես լուրջ է: Իսկապես, մենք չենք սիրում լսել: Երբ մեր ընկերը գանգատվում է գլխացավից, անմիջապես հիշում ենք մեր ցավերի մասին: Երբ մեկը խոսում է իր հաջողության մասին, անմիջապես ցանություն է առաջանում մեր մասին խոսել:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»