Հաջողության գաղտնիքներ

Հանճարեղ մտքեր. Հենրի Ֆորդ

Մտածելը ամենաբարդ գործն է: Դա է պատճառը երևի, որ շատ քչերն են դրանով զբաղվում (Հենրի Ֆորդ):

Ինչպես մեքենան է երկար ժամանակ չքշելուց ժանգոտում, այնպես էլ ուղեղն է քիչ մտածելուց հետ վարժվում: Բայց մտածել չի նշանակում մտածել, թե առավոտյան ինչ շոր պետք է հագնել: Եթե ուզում եք, որ ձեր մտածելակերպը զարգանա և ձեր ուղեղը լավ աշխատի, պետք է մտածեք այնպիսի բաների շուրջ, որոնք այս պահին ձեզ շատ դժվար կամ անհնարին են թվում:

Ոչինչ այդքան դժվար չէ, երբ բաժանում եք դա փոքր մասերի (Հենրի Ֆորդ):

Ցանկացած գործ, երբ նայում եք դրան սկզբում, կարող է շատ բարդ թվալ: Բայց երբ բաժանում եք դա մասերի և կենտրոնանում եք առանձին մասերի վրա, ապա ամեն ինչ շատ ավելի պարզ է դառնում: Օրինակ, մեր տան նկուղում, որը բավական մեծ է, ժամանակ առ ժամանակ մի իսկական խառնաշփոթ է առաջանում` իրար վրա լցված գրքեր, ճամպրուկներ, շորեր, ամենատարբեր տարաներ, խողովակներ, փայտեր, չօգտագործվող գույք, հին սարքեր, մի խոսքով, երբ նայում ես այդ ամենին, թվում է, որ կարող ես մեկ շաբաթ այնտեղ աշխատել, բայց այդպես էլ չստացվի այդ ամենը կարգի բերել: Իսկ իմ մոտ դա տևում է մի քանի ժամ, քանի որ գործը ես բաժանում եմ մասերի` սկզբում ամեն ինչ դուրս եմ հանում, հետո հավաքում եմ բոլոր գրքերը և դասավորում եմ դրանք արկղերում, ապա կարգի եմ բերում շորերը, փայտերն ու խողովակները հավաքում եմ իրար վրա, ավելորդ բաները հավաքում եմ մի տեղ, որպեսզի վերջում թափեմ դրանք և այդպես շարունակ: Եվ երբ վերջացնում եմ գործը, հավատս չի գալիս, որ ընդամենը մի քանի ժամ առաջ այդտեղ ամեն ինչ այդքան խառն էր ու անհուսալի: Կյանքում էլ է այդպես: Ցանկացած բարդ գործ, որը սկզբում բարդ է թվում, շատ ավելի հեշտ է, քան իրականում այն երևում է: Ուղղակի պետք է բաժանել դա առանձին մասերի և կենտրոնանալ այդ մասերի վրա: Այդ դեպքում ամեն ինչ կդառնա ավելի պարզ և հասկանալի և ամենակարևորը` գործը առաջ կշարժվի:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»