Մարդկանց հետ շփում

Ինքնատիրապետում

Անձի կարևորագույն հատկություններից մեկը ինքնատիրապետումն է: Այն օգնում է հուզառատ ու զգացմունքային իրավիճակներում հավասարակշռվել, սառը դատել և ճիշտ որոշում կայացնել: Այն, թե ինչ մակարդակի վրա է գտնվում մարդու ինքնատիրապետումը, խոսում է նրա հոգեկան հավասարակշռության, նյարդային համակարգի և ընդհանրապես նրա ներքին աշխարհի մասին: Թույլ ինքնակառավարման մասին են խոսում անզուսպ ծիծաղն ու լացը, դժգոհություններն ու բողոքները, բղավոցներով ու ագրեսիայով արտահայտվելը և այլն:

Հաճախ ինքնատիրապետման բացակայության հետևանքով են կատարվում հանցագործություններ (օրինակ՝ զայրույթի պահին վնասել ինչ-որ մեկին): Մարդիկ կարող են անտեղի վիրավորել կամ ցավ պատճառել մյուսներին: Զայրույթի թույնը կարող է դուրս գալ մարդու ներսից սարսափելի արարքների կամ խոսքերի միջոցով: Մարդն այդ պահին կորցնում է ինքնատիրապետումը և սկսում է դատել ոչ թե ուղեղով, այլ զգացմունքներով: Եվ այդ ժամանակ նա անում է այն, ինչը երբեք չէր անի սառը դատողությամբ: Ուստի հաջողության հասնելու ճանապարհին շատ կարևոր է հիշել այս մասին, քանի որ հաճախ թույլ ինքնատիրապետումը կարող է խոչընդոտ հանդիսանալ ձեր առաջխաղացմանը: Ես ինքս ուսումնասիրելով բազմաթիվ նյութեր, առանձրացրել եմ մի քանի մտքեր և կտամ խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ զարգացնել ինքնատիրապետումը:

Մենք պետք է հետևենք մեր զգացմունքներին ու խոսքերին ամեն պահի: Ուշադրություն դարձրեք այն բանի վրա, որ մարդկանցից շատերը նույնիսկ առօրեական ամենաչնչին հարցերը քննարկելիս խոսում են շատ բարձր ձայնով և դրա հետևանքով կորցնում են մեծ քանակությամբ էներգիա, շատ շուտ են հոգնում ու հոգնեցնում են մյուսներին և ի վերջո՝ նա, ով հանգիստ ժամանակ բարձր է խոսում, շատ մեծ հեշտությամբ զայրույթի պահին կարող է բորբոքվել, բղավել և վեճի մեջ մտնել: Սովորություն դարձրեք խոսելու այնպիսի ձայնով, որ ասես կողքի սենյակում ինչ-որ մեկը քնած է և դուք չպետք է Ձեր ձայնով արթնացնեք նրան: Մի փիլիսոփա ասել է «Վեճի ժամանակ հաղթում է նա, ով չի վիճում»: Թոմաս Էդիսոնն էլ ասել է « Զայրացա՞ծ ես, հաշվիր մինչև տասը: Շա՞տ ես զայրացած, հաշվիր մինչև հարյուրը»: Եվս մի կարևոր միտք զայրույթի մասին «Զայրացած ժամանակ խոսել, նշանակում է փոթորկոտ ծովում նավ նստել»:

Այնպես, որ Ձեր զայրույթը մի արտահայտեք ակնթարթային գործողություններով ու թունավոր խոսքերով: Միգուցե այդ պահին ամեն ինչ այնքա՞ն էլ վատ չէ, և դու՞ք եք այդպիսի երանգներ տալիս ստեղծված իրավիճակին: Ուստի բարկացած ժամանակ մի ընդունեք, որ դուք զայրացած եք և մի մտածեք, որ ինչ-որ բան Ձեզ ստիպում է ճնշվել: Ասեք ինքներդ Ձեզ, որ դուք հանգիստ եք և Ձեզ հիանալի եք զգում: Անտարբեր անցեք զայրույթի կողքով և սպասեք մինչև որ ամեն ինչ կհանդարդվի և դուք կկարողանաք սառը դատել: Ճիշտ է, երբեմն լինում են իրավիճակներ, երբ դուք չեք կարող խուսափել վեճից: Սակայն հիշեք, որ վիճելու համար բառեր կան և ոչ թե ագրեսիա, հուզմունք և բացասական էներգիա: Զարգացրեք Ձեր ինքնատիրապետումը և դուք կխուսափեք անդառնալի սխալներից, կխնայեք Ձեր նյարդերը, կապրեք ավելի հանգիստ կյանքով և ձեռք կբերեք հաջողակ մարդուն բնորոշ ամենակարևոր հատկանիշներից մեկը:

Հեղինակի մասին

Ամալյա Սուքիասյան

3 մեկնաբանություն

  • Իրոք որ, ավելի լավ է վեճի պահին լռել, քան հետո զղջալ ավելորդ արտահայտությունների պատճառով: Մի Ժամանակ գերմանական բանակում զայրացած զինվորն իրավունք չուներ միանգամից բողոքելու. նա 10 օրից հետո միայն կարող էր արտահայտել իր բողոքը, եթե մինչ այդ ամբողջ բարկությունը չէր անցել՚: Կարծում եմ՝ լավ տարբերակ է խորհելու համար 10 օր ունենալը…

  • մշտապես լինել հավասարակշռված, իհարկե, այնքան էլ հեշտ չէ, հատկապես երբ դիմացինդ դրդում է քեզ վիճել և շպրտել նրա դեմքին մտածածդ, սակայն փորձը ցույց է տալիս, որ անգամ նմանատիպ իրավիճակներում զուսպ և մտածված պատասխաններն ավելի խորն են ազդում, քան կատաղի վիրավորանքները… ուստի` խնայենք մեր նյարդերը և միշտ կհաղթենք.

  • Մարդու ցանկացած անհավասարակշիռ արարք նրա լարված հոգեվիճակի արտաքին դրսևորումն է, ուստի իմ կարծիքով առաջին հերթին հարկավոր է լուծում տալ ներքին խնդիրներին:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»