Հաջողության գաղտնիքներ

Apple համակարգչի հայրը. Սթիվ Վոզնյակ

Սթիվ Վոզնյակին, կարծում եմ, ճանաչում են քչերը: Համենայնդեպս՝ մինչև վերջերս նրա Հայաստան ժամանելը: Իսկ ո՞վ է նա:

Նա տեխնոլոգիաների աշխարհի կենդանի լեգենդն է, անհատական համակարգիչների հեղափոխության հայրերից մեկը և Apple ընկերության համահիմնադիրը: Հենց նա է ստեղծել առաջին համակարգիչներից մեկը և հենց նա է Սթիվ Ջոբսի հետ միասին 1976 թվականին հիմնադրել հանրահայտ Apple ընկերությունը:

Սթիվ Վոզնյակը 61 տարեկան է, ծնվել է 1950 թվականի օգոստոսի 11-ին, ԱՄՆ-ում: Սովորել է Կալիֆորնիայի համալսարանում: Ուսումը չավարտած՝ աշխատանքի է անցել Hewlett-Packard ընկերությունում: Սթիվը հաճույք էր ստանում իր աշխատանքից, քանի որ զբաղվում էր նրանով, ինչն իրեն դուր էր գալիս: Սակայն նա թողնում է աշխատանքը, երբ նրա դպրոցական ընկերը՝ Սթիվ Ջոբսը, առաջարկում է նրան աշխատել նոր համակարգչի վրա, որը նրանք կարող են վաճառել: Սկսելով բացարձակ զրոյից՝ ընկերներն անցնում են գործի՝ չունենալով փող ու ունեցվածք, բայց ունենալով գաղափարներ ու այդ գաղափարները կյանքի կոչելու ցանկություն: Համակարգիչները նրանք հավաքում էին ձեռքով՝ Ջոբսի ավտոտնակում: Որոշ ժամանակ անց նրանք ստանում են առաջին պատվերը՝ 100 Apple I համակարգիչներ՝ 50 000 դոլարով: Այդ ժամանակ դա հսկայական գումար էր երկու երիտասարդների համար: Արդյունքում, 1976 թվականին նրանք հիմնում են Apple ընկերությունը:

Հետաքրքիրն այն է, որ երբ ասում ենք Apple, պատկերացնում ենք Սթիվ Ջոբս, իսկ Սթիվ Վոզնյակը կարծես 2-րդ պլան է մղվել: Իսկ պատճառն այն է, որ 1981 թվականին Վոզնյակը ավիավթարի է ենթարկվում սեփական ինքնաթիռով, որից հետո կորցնում է հիշողությունը և նույնիսկ չի հիշում, որ նա ավիավթարի է ենթարկվել: 1983 թվականին նա վերադառնում է Apple և ևս մի քանի տարի աշխատում է ընկերությունում, սակայն 1987 թվականին նա պաշտոնապես հեռանում է Apple-ից՝ չնայած մինչև հիմա էլ գրանցված է ընկերությունում որպես աշխատող և ստանում է աշխատավարձ: Apple-ից հետո նա հիմնում է մի քանի ընկերություններ, որոնք զբաղվում էին տարբեր տեխնոլոգիաների զարգացմամբ: Նա սիրված ու ճանաչված է Միացյալ Նահանգներում: ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1985 թվականին պարգևատրել է նրան Տեխնոլոգիաների Ազգային մեդալով:

P.S.
Ահա այս հանճարեղ մարդն էր մի քանի օր առաջ զվարճանում Երևանի փողոցներում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

  • Իր կյանքի ընթացքում Վոզնյակը հիմնականում աշխատել է փոքր իր կողմից հիմնադրված
    ընկերություններում և գրեթե միշտ հաջողություններ է գրանցել:Նրա օրինակը ցույց է տալիս որ միշտ էլ կարելի էամեն ինչ սկսել զրոյից:

    • Լիովին համաձայն եմ որ Վոզնյակը հանճարեղ մարդ է, ու ցանկանում եմ նրան երկար-երկար տարիների կյանք:

  • Մենք նման հնարավորություն չենք դրել Գագիկ ջան, բայց կարծեմ ծրագրեր կա, որ ցանկացած սայթից կարող ես վիդեոներ ներբեռնել, օրինակ Firefox-ի downloadhelper plugin-ը:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»