Հաջողակ մարդիկ

Ջեկի Չան. հաջողության պատմություն

«Մարդու մահից հետո մնում է միայն իր անունը: Հետևաբար, երբ ես արդեն չլինեմ, մարդիկ միգուցե ասեն. սկզբում Բրյուս Լին էր… իսկ հետո` Ջեկի Չանը»:

Ջեկի Չանը ծնվել է աղքատ ընտանիքում: Այնքան աղքատ, որ երբ ծննդաբերությունից հետո ծնողները չեն կարողանում վճարել մանկաբարձուհու գումարը, նա առաջարկում է փոխարենը իրեն վաճառել երեխային: Սակայն ընտանիքի ընկերները համոզում են ծնողներին չանել դա և պարտքով գումար են տալիս: Արդյունքում` Ջեկի Չանը մնում է ծնողների մոտ:

Շուտով նրա ծնողներին հաջողվում է աշխատանք ստանալ Ավստրալիայի ամերիկյան դեսպանատանը և Ջեկիի վաղ մանկությունն անցնում է Ավստրալիայում: Սակայն 6 տարեկանում նրան ետ են ուղարկում Հոնկոնգ` սովորելու հանրահայտ Պեկինյան Օպերայի դպրոցում, որտեղ այլ տղաների հետ միասին նա սովորում էր մարտարվեստ, դերասանական հմտություններ, երգ, պար և ակրոբատիկա: Դպրոցում տիրող խիստ կարգապահությունը նրա մեջ ձևավորում է մարտական ոգին, կամքի ուժն ու առաջինը լինելու ցանկությունը:

Իր աշխատանքային կարիերան Ջեկի Չանը սկսում է որպես կասկադյոր` նկարահանվելով փոքրիկ դրվագներում: Սակայն շուտով նա ճանաչում է ձեռք բերում կասկադյորների աշխարհում` կատարելով ամենաբարձր անկումը Ասիական կինոյի պատմության մեջ: Նրան սկսում են հրավիրել ոչ միայն որպես կրկնօրինակող, այլ նաև որպես դերակատար երկրորդական դերերում: Իր առաջին լուրջ դերը դերասանը ստանում է 1975 թվականին The Little Tiger of Guangdong ֆիլմում, ինչպես նաև լեգենդար Ջոն Վուի Մահվան ձեռքը/Hand of Death ֆիլմում: Բրյուս Լիի անսպասելի մահից հետո շատերը սկսում են անվանել Ջեկի Չանին նրա հաջորդը: Բրյուսի մահից հետո Ջեկին նկարահանվում է 6 ֆիլմերում` կրկնօրինակելով նրան, սակայն այդ ոճում հաջողության չի հասնում: Իրական հաջողությունը նրա մոտ գալիս է այն ժամանակ, երբ նա սկսում է խաղալ մեկ այլ հերոսի դեր` հասարակ տղայի, որը պատահական հայտնվում է իրադարձությունների կենտրոնում, պայքարում է վատ տղաների հետ` անընդհատ կատակելով և կատարելով զվարճալի հնարքներ: Այդ ոճն այնքան է իրեն արդարացնում, որ որոշ ժամանակ անց Ջեկի Չանը դառնում է Հոնկոնգի ամենաբարձր վարձատրվող դերասանը:

Գրավելով Ասիան` Ջեկին կանգ չի առնում և որոշում է գրավել նաև Միացյալ Նահանգները: Սակայն այստեղ նա միանգամից հաջողության չի հասնում և նրա առաջին ֆիլմերը ԱՄՆ-ում մնում են աննկատ: Եվ միայն այն բանից հետո, երբ MTV-ն շնորհում է նրան մրցանակ կինոարվեստում զգալի ներդրման համար, Ջեկի Չանը որոշում է կրկին անցնել Միացյալ Նահանգները գրավելու իր վաղեմի երազանքին: Այս անգամ հաջողությունն իրեն երկար սպասեցնել չի տալիս: Նրա մասնակցությամբ ֆիլմերից մի քանիսը հայտնվում են ազգային հիթ շքերթի առաջին հորիզոնականներում:

Այսօր Ջեկի Չանը, չնայած իր 57-ամյա տարիքին, հանդիսանում է հոնկոնգյան և ամերիկյան կինոյի լավագույն դերասաններից մեկը: Նա նաև ռեժիսոր է, պրոդյուսեր, սցենարիստ, կասկադյոր և երգիչ: Բացի այդ, Ջեկին հանդիսանում է «Jackie`s Angels» մոդելային գործակալության և «Jackie’s Kitchen» ռեստորանների ցանցի սեփականատերը, մի քանի համալսարանների պատվավոր դոկտոր է, տուրիզմի հոնկոնգյան ասոցացիայի ներկայացուցիչ, բարեգործական երեկոների կազմակերպիչ: Հանդիսանում է Սեուլի պատվավոր քաղաքացի: Իր միջոցների հաշվին կառուցել է մի քանի մշակույթային կենտրոններ Հոնկոնգում, հանդիսանում է կենդանիների պաշտպանության կազմակերպության ակտիվիստներից, զբաղվում է բարեգործությամբ, որդեգրել է մի քանի երեխաների, ֆինանսավորում է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը և «Ջեկի Չան հոսպիտալը»: Կարծում եմ` բավական է մեկ մարդու համար` մարդ, որն ինքն է իրեն ստեղծել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»