Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Բանկեր

Բանկ և հաճախորդ

Թե ինչու է հոդվածի գլխավոր նկարում երևում Ինեկոբանկը, Դուք կհասկանաք հոդվածի վերջում: Իսկ մինչ այդ պատմեմ մի փոքրիկ պատմություն:

Այն, թե ինչ կարևորություն պետք է տա ցանկացած կազմակերպություն հաճախորդների հետ շփմանը, կարծում եմ՝ հասկանում են բոլորը: Եվ դա առավել կարևոր է, երբ այդ կազմակերպությունը բանկ է: Վերջերս երկու նամակ ուղարկեցի հայկական տասնութ առևտրային բանկեր, որոնցում խնդրում էի պատասխանել ինձ հետաքրքրող երկու հարցերի: Հարցերից մեկը հետևյալն էր՝ «հնարավո՞ր է արդյոք ընկերության հաշվարկային հաշվին Master քարտ կցել», իսկ երկրորդը՝ «կարո՞ղ է արդյոք բանկը միջնորդ հանդիսանալ արտասահմանյան որևէ այլ բանկում հաշիվ բացելու համար»:

Բանկերից ոմանք պատասխանեցին միայն նամակներից մեկին, մյուսները՝ ընդհանրապես չպատասխանեցին, բայց ես ուզում եմ խոսել այն միակ բանկի մասին, որը պատասխանեց երկու նամակներին էլ: Ինչպես հասկացաք՝ դա Ինեկոբանկն էր: Նամակների պատասխանները պարզ էին ու համառոտ, դրանցում չէին գովազդվում բանկի ինչ-որ ծառայություններ (որը հանդիպում էր որոշ այլ բանկերի պատասխաններում), այսինքն՝ «կոնկրետ հարց — կոնկրետ պատասխան»:

Երբ ես ուղարկում էի այդ նամակները, դա ինձ պետք էր անձնական նպատակներով և ես չէի պատրաստվում դրա մասին գրել Հաջողության բլոգում: Բայց հետո մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ոչ: Ինչո՞ւ չխրախուսել կազմակերպությանը իր լավ աշխատանքի համար և ինչու չգրավել մյուս կազմակերպությունների (ոչ միայն բանկերի) ուշադրությունը մեր օրերում այդքան կարևոր դարձած էլեկտրոնային շփման մշակույթի վրա: Բոլորս էլ գիտենք, որ համացանցի զարգացման հետ մեկտեղ ավելի հանրահայտ է դառնում կազմակերպություն-հաճախորդ էլեկտրոնային շփման տարբերակը, հիմնականում՝ էլեկտրոնային նամակի միջոցով: Եվ եթե հայկական բանկերի և այլ խոշոր կազմակերպությունների մոտ այդ մշակույթը ինչ-որ չափով զարգացած է, ապա միջին և մանր կազմակերպություններից շատերը դրա վրա լուրջ ուշադրություն չեն դարձնում: Այդ պատճառով էլ, տալիս ենք մի քանի խորհուրդներ, որոնք հուսով ենք՝ Ձեզ օգտակար կլինեն:

1. Կազմակերպությունը պետք է ունենա կայք և էլեկտրոնային հասցե

Այսօր բիզնեսը տեղափոխվում է համացանց և ցանկացած իրեն հարգող կազմակերպություն պետք է մտածի իր կայքը և էլեկտրոնային հասցեն ունենալու մասին: Պետք չէ թերագնահատել կայքի, կազմակերպության ծառայություններն ու ապրանքները էլեկտրոնային միջավայրում ներկայացնելու և հաճախորդների հետ էլեկտրոնային եղանակով շփվելու կարևորությունը: Բիլլ Գեյթսն ասել է. «Ապագայում շուկայում կմնան երկու տիպի ընկերություններ՝ նրանք, որոնք կան համացանցում և նրանք, որոնք ընդհանրապես չկան»:

2. Անհրաժեշտ է պատասխանել նամակներին

Ցանկացած կազմակերպություն, որն ունի էլեկտրոնային հասցե, պետք է շատ լուրջ վերաբերվի իրեն հասցեավորված նամակներին: Երբ կազմակերպությունը իր փոստարկղում տեսնում է ստացված նոր նամակ, նա դեռ չգիտի, թե ո՞վ է այդ նամակն ուղարկել: Միգուցե՞ դա Ձեր ապագա գործընկերն է, կամ Ձեր ամենահավատարիմ հաճախորդը, կամ ցանկացած այլ մարդ: Այդ պատճառով էլ, պետք է նախ՝ անպայման պատասխանել նամակին և երկրորդը՝ պատասխանել այնպես, կարծես նամակը եկել է այս պահին Ձեր համար ամենակարևոր նշանակությունը ունեցող մարդուց: Այդպես Դուք և վստահություն կներշնչեք Ձեր հաճախորդներին և կստիպեք նրանց հետագայում շարունակել օգտվել Ձեր ծառայություններից:

P.S.

Շատ հաճելի կլիներ, եթե այս հոդվածը հասներ Ինեկոբանկի ղեկավարությանը և նրանք խրախուսեին համապատասխան անձին: Հիշեք, ցանկացած կազմակերպության իրական արժեքը իր աշխատողներն են:


Հարգելի հաճախորդ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ-ում MASTER քարտը կցվում է կազմակերպության քարտային հաշվին, որն առանձին հաշվեհամար է, այլ ոչ թե հաշվարկային հաշվին:

Կից ներկայացնում ենք քարտային հաշվի սպասարկման պայմանները:

Նշենք նաև, որ մինչև 31.12.2011թ. Բանկում գործում է ակցիա և MASTER BUSINESS քարտերի առաջին և երկրորդ տարվա սպասարկման վճարները 50%-ով զեղչված են, այսինքն 5,000.00 ՀՀ դրամ:

Հարգանքով,

ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ


Հարգելի Հաճախորդ,

Ձեր և օտարերկրյա բանկի միջև հարաբերություններում < <Ինեկոբանկ>> ՓԲԸ-ն չի կարող հանդիսանալ որպես որևէ կողմ, հետևաբար մենք չենք կարող այդ հարցում Ձեզ օգնել:

Հարգանքով,

ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»