Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Ինչպես վերաբերվել անհաջողություններին

Խնդրում եմ նայեք նկարին: Ցավոք, հենց այդպես են վերաբերվում շատ մարդիկ իրենց անհաջողություններին: Չնայած հաճախ այն, ինչ նրանց հետ տեղի է ունենում, անհաջողություն չես էլ անվանի և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես դրան վերաբերվում: Կարծում եմ կհամաձայնվեք, որ ժամանակ առ ժամանակ բոլորիս կյանքում էլ ինչ-որ բացասական բաներ են լինում, բոլորս էլ ինչ-որ խնդիրներ ենք ունենում և բոլորիս մոտ էլ լինում են պահեր, երբ ինչ-ինչ գործերում մենք անհաջողության ենք մատնվում: Հիշեք, որ դա բոլորի մոտ է լինում: Բայց ոմանք այդ անհաջողություններից հետո հուսահատվում են և հիասթափվում (երբեմն նաև իրենց անհաջողակ են համարում), իսկ ոմանք էլ` դրանից հետևություններ են անում և շուտ դրա մասին մոռանում:

Հաջողակ մարդիկ ասում են. «Անհաջողությունը դա փորձ է, որն անխուսափելի է և առանց որի մենք չենք հասնի հաջողության»: Որոշներն էլ ասում են. «Եթե ուզում ես հասնել հաջողության, կրկնապատկիր անհաջողություններիդ թիվը»: Սա ամենակարևոր կետերից մեկն է, որը պետք է այս կայքից վերցնի մեր ընթերցողը` անհաջողությունը դա ժամանակավոր է և եթե դրան վերաբերվել որպես փորձ, դրա վրա սովորել և դրանից չհուսահատվել, ապա ժամանակի ընթացքում այն անպայման կվերածվի հաջողության:

Երբ ընդունում ես այս մտածելակերպը, կյանքը իրոք դառնում է ավելի հեշտ և հաճելի: Քո առջև բազմաթիվ նոր հնարավորություններ են բացվում, որոնք նախկինում կամ չէիր նկատում, կամ դրանցից խուսափում էիր:

Անհաջողություններից վախենալը հաճախ բերում է անգործության, անհաջողությունների վրա կենտրոնանալը` բացասական լիցքերի: Ցանկացած իրավիճակին կարելի է տարբեր ձև վերաբերվել: Մեկը կարող է բաժակը գցել և ջարդել` «ողբալով» կորստի համար, մյուսը կարող է ուրախանալ, որ իրեն բան չեղավ: Մեկը կարող է տխրել, որ համակարգիչը փչացավ, մյուսը կարող է ուրախանալ, որ ժամանակ ստեղծվեց գիրք կարդալու համար: Ցանկացած իրավիճակի մեջ կարելի է տեսնել անհաջողություն, իսկ կարելի է նաև` հնարավորություն:

Անհաջողությունից հուսահատվելով և հիասթափվելով Դուք ոչինչ չեք փոխում: Նույնիսկ, եթե իրավիճակն այնպիսին է, որ դա իրոք անհաջողություն է, որի մեջ հնարավոր չէ դրական ոչինչ գտնել, միևնույն է` դրա վրա կենտրոնանալով և դրա մասին մտածելով Դուք միայն Ձեզ եք վնաս հասցնում: Ինչ էլ որ լինի, եթե դա իր մեջ բացասական երանգ է պարունակում, աշխատեք հնարավորին շուտ մոռանալ դրա մասին: Դա արդեն անցյալում է, ունեցա՞ք այդ փորձը, վե՛րջ, մոռացեք դրա մասին և նայեք դեպի ապագան: Եվ վերջում, ևս մեկ անգամ հիշենք հայտնի աֆորիզմը. «Անհաջողությունը ժամանակավոր է: Հանձնվելով` դուք դարձնում եք այն մշտական»:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»