Հետաքրքիր է

Տոնածառի գաղտնիքը

Երբևէ մտածե՞լ եք դուք, թե սենյակի որ մասում է պետք դնել տոնածառը: Ֆեն-շույի վարպետների կարծիքով, ճիշտ տեղում դրված տոնածառը կարող է ոչ միայն պարգևել ձեզ ամանորյա ուրախություն, այլ նաև ներգրավել լրացուցիչ հաջողություններ ձեր կյանքի տարբեր ոլորտներ: Այսպիսով, ի՞նչ եք դուք սպասում գալիք տարվանից` սեր, փող, հարգանք, երեխաների բարեկեցություն, հաջողություններ աշխատանքում: Որպեսզի նոր տարին ձեզ հաջողություններ բերի, ապա ըստ ֆեն-շույի, դուք պետք է տեղադրեք տոնածառը սենյակի ճիշտ անկյունում: Ուշադրությո՛ւն: Հաշվարկը արվում է այն կետից, երբ դուք սենյակ եք մտնում:

Եվ այսպես…

Եթե դուք ուզում եք նոր տարում հանդիպել նոր սիրո կամ զարգացնել արդեն եղած հարաբերությունները, ապա ձեր անկյունը հեռավոր աջ անկյունն է: Սիրո համար ֆեն-շույը խորհուրդ է տալիս զարդարել տոնածառը փայլուն բյուրեղներով, մետաքսե ժապավեններով, սրտիկներով, սրտի տեսքով կոմպոզիցիաներով, երբ օրինակ երկու գնդաձև խաղալիքներ կամ կաղիններ կախված են իրար կողք: Տոնածառի վրա պետք է գերիշխեն կարմիր և վարդագույն զարդերը, իսկ տոնածառի վերևի մասը պետք է զարդարվի մեծ սրտիկով կամ փայլազարդ գնդով:

Եթե նոր տարվանից դուք սպասում եք ֆինանսական հաջողություններ, ապա դուք պետք է ընտրեք հեռավոր ձախ անկյունը: Տոնածառի զարդերը պետք է ունենան արծաթյա կամ ոսկյա երանգներ: Հարստություն ներգրավելու համար ամենաճիշտ զարդը համարվում են մետաղադրամները, օրինակ` մետաղադրամի տեսքով, փայլուն կազմով շոկոլադե սալիկները:

Երեխաները` մոտակա աջ անկյունն են: Եթե նոր տարին ձեր ընտանիքում առաջին հերթին մանկական տոն է, կամ դուք ուզում եք նոր տարում երեխաներ ունենալ, ապա դրեք տոնածառը սենյակի մոտակա աջ անկյունում: Զարդարեք տոնածառը խաղալիքներով, քաղցրավենիքներով, իսկ եթե ընտանիքում երեխաներ կան, թող հենց նրանք էլ զարդարեն տոնածառը և պետք չէ դրանից հետո ոչ մի բան փոխել (միայն կարելի է ինչ-որ բաներ շտկել): Բայց լույսերը կախեք ինքներդ, չէ՞ որ կարևոր որոշումները պետք է կայացնեն ծնողները:

Մոտակա ձախ անկյունը` ընկերների անկյունն է: Դրեք տոնածառը այնտեղ, եթե նոր տարում ուզում եք ձեռք բերել նոր ընկերներ, ազդեցիկ կապեր կամ դառնալ ավելի ճանաչված հասարակության մեջ: Ամենամեծ ազդեցությունը կլինի այն ժամանակ, երբ դուք խնդրեք ձեր ընկերներին իրենց տանից ինչ-որ խաղալիք նվիրել ձեզ` ձեր տոնածառի համար: Իսկ եթե ուզում եք նոր ծանոթություններ ձեռք բերել, ապա տոնածառից կախեք այնպիսի զարդեր, որոնք բնորոշում են այդ ծանոթությունները: Օրինակ, ազդեցիկ կապեր ձեռք բերելու համար տոնածառից կախեք թանկարժեք գրիչ, կամ մետաղադրամներ` հովանավորներ ձեռք բերելու համար, իսկ եթե ուզում եք ընկերանալ տղամարդկանց հետ` տոնածառից կախեք փողկապի մեկ-երկու քորոց: Մի խոսքով, գտեք այն իրը, որը ձեր կարծիքով պետք է ունենա այն մարդը, որի հետ դուք ցանկանում եք ընկերանալ:

Իսկ լավագույն տարբերակը, իհարկե, տոնածառը սենյակի մեջտեղում դնելն է: Դրանով դուք կարող եք ուժեղացնել ձեր կյանքի բոլոր ոլորտները: Իսկ զարդերը այդ ժամանակ պետք է կախել տոնածառի այն ճյուղերին, որոնք նայում են սենյակի համապատասխան անկյուններ:

Սակայն կարող է լինել այնպես, որ սենյակի հագեցվածությունը թույլ չտա դնել տոնածառը անհրաժեշտ անկյունում: Հոգ չէ: Վերցրեք տոնածառի մի քանի ճյուղեր, դրեք դրանք ծաղկամանի մեջ և դրեք այն ցանկացած անկյունում` զարդարելով համապատասխան զարդերով:

Ահա և այսքանը, հուսով ենք, որ ձեր տոնածառը ձեզ ուրախություն կպարգևի ոչ միայն ամանորյա տոներին, այլ նաև հաջողություններ կբերի հաջորդ ողջ տարվա ընթացքում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

  • Հետաքրքրության համար իհարկե կարելի է:
    Բայց դրանով բավարարվել, կամ դրա վրա հույս դնել իմ կարծիքով հիմարություն է:
    Հավատացեք ձեզ, Հավատացեք Բարձրյալին: Ու երբեք, երբեք, երբեք, երբեք, երբեք, երբեք մի հանձնվեք…

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»