Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Մտորումներ

Անորոշություն

Մեզանից յուրաքանչյուրին ժամանակ առ ժամանակ այցելում է այդ խորհրդավոր ու մշուշապատ դեմքով անծանոթը՝ անորոշությունը: Նրա անտեսանելի ուժին է ենթարկվում ողջ մարդկությունը: Գիշերվա մեջ աստղերը չգիտեն, թե որն է դեպի առավոտ տանող ճանապարհը: Նրանք հետզհետե հալվելով են արարում առավոտը: Մարդը նույնպես ստիպված է ստեղծել իր կյանքի բոլոր ճանապարհները, որոնք երբեմն թվում են հարթ, երբեմն՝ անանց ու խորդուբորդ: Իհարկե, այս ամենի հիմքում ընկած են մարդկային վախերն ու կասկածները: Հանդիպելով անորոշությանը, մենք ասես թակում ենք անծանոթ դռներ: Մենք վախենում ենք սխալ ընտրություն կատարելուց: Բախվելով յուրաքանչյուրին, անորոշությունը դառնում է ողջ մարդկության խնդիրը: Այն կարծես դարձել է կյանքի ստվերն ու անընդհատ հետապնդում է նրան:

Բնության նման հավերժ է նաև անորոշությունը: Կա մի պարզ ու անփոփոխ ճշմարտություն. մենք այսօր մտահոգված ենք մեր վաղվա համար: Սակայն կգա վաղը և մենք կսկսենք անհանգստանալ մեր հաջորդ վաղվա համար: Վաղը, որ միշտ թվում է այդքան անծանոթ ու խորհրդավոր: Այն միրաժ է: Թվում է, թե դու մոտենում ես նրան, սակայն, երբ հասնում ես, վաղվա օրը կրկին հայտնվում է առջևում: Եվ այսպես վաղվա սպասումով մենք ապրում ենք մի ողջ կյանք: Վաղվա նման հեռու ու անորոշ են մեր գործերի արդյունքները, մեր հարցերի պատասխանները: Այն պահին, երբ մենք ստանում ենք մեր հարցերի պատասխանները, ծագում են նոր հարցեր: Անորոշությունը մեր բոլոր գործերի ու նախաձեռնությունների անբաժան ուղեկիցն է: Անորոշությունից խուսափելու համար առնվազն պետք է ոչինչ չանել և կանգնեցնել ժամանակի ընթացքը: Բայց չէ՞ որ այդ ժամանակ պարզապես մարդը կդադարի ապրել: Քանի որ ապրել՝ նշանակում է անընդհատ գործել և հայտնվել նոր ճանապարհների վրա:

Մենք պետք է կարողանանք անցնել անորոշության կողքով՝ առանց հոռետեսության, վախերի ու անգործության: Հաճախ անորոշության վախը խոչընդոտ է հանդիսանում որևէ նոր գործ սկսելու համար: Սակայն, եթե շատ մարդիկ առաջնորդվեին վախով և ոչինչ չանեին, ապա մեզ այսօր հայտնի չէին լինի աշխարհի ամենահաջողակ մարդկանց (գործարարներ, երաժիշտներ, դերասաններ և այլն) անունները: Պետք է հիշել, որ հաջողակ մարդիկ կյանքի ամենատարբեր ոլորտներից ու երևույթներից քաղում են նշանակալի օգուտներ: Այս առումով բացառություն չի կազմում նաև անորոշությունը: Մենք չենք կարող խուսափել անորոշությունից, սակայն կարող ենք այն օգտագործել մեր հաջողության համար: Իսկ ինչպե՞ս կարողանալ նրանից «արագ վազել», երբ նա առջևում է և շատ հեռու: Կարծում եմ, որ հարցերի բարդությունը կարևոր չէ, քանի որ միշտ էլ կան պատասխանների հնարավորություններ:

Առաջին հերթին պետք է կարողանալ կառավարել անորոշության հանդեպ վախը: Այդ վախը չպետք է մարդուն կանգնեցնի և մատնի անգործության: Անորոշության հանդեպ վախն առաջանում է այն ժամանակ, երբ մարդ կյանքի հայեցողությանն է թողնում իր ապագան: Երբ դուք մտովի նախագծում եք Ձեր ապագան, այդ ժամանակ կարողանում եք կառավարել անորոշությանը: Հաճախ մարդկանց վախեցնում է այն, թե ինչ է լինելու ապագայում: Ես այն մարդկանցից եմ, որոնց համար անընդունելի են բախտ և ճակատագիր (նախագծված կյանք) հասկացությունները: Իսկ ինչու՞ պետք է վախենալ ապագայի անորոշությունից, երբ ընդհանրապես ապագան դեռ գոյություն չունի: Այո, մեր ապագան գոյություն ունի միայն մեր մտքերում ու պատկերացումներում: Մենք ապրելով պետք է կառուցենք այն: Մեր ճիշտ ու վճռորոշ գործողություններով պետք է կարողանանք կառուցել այն ապագան, որն ապրում է մեր ցանկությունների ու երևակայության մեջ: Փաստորեն վախենալ ապագայի անորոշությունից, նշանակում է վախենալ մի բանից, որը գոյություն չունի: Իսկ մի՞ թե դա անհեթեթ չէ: Ուրեմն առանց վախերի ու կասկածների կառուցենք մեր ապագան:

Կյանքը հետաքրքիր և հագեցած է դառնում, երբ մշտապես կան նպատակաուղղված գործողություններ, որոնք փոխում են կյանքի գույները և ստիպում են հասնել ավելի հեռուն: Անորոշության վախը կանգնեցնում է մարդուն այն պահին, երբ անհրաժեշտ է գործել: Սկզբում շատ կարևոր է հավատալ, որ ձեռնարկած գործն անպայման հաջողությամբ է պսակվելու: Որևէ գործում հաջողության հասնելու համար պետք է անել առաջին քայլը: Ճիշտ է, շատ դժվար է սկսել ինչ-որ բան անել, երբ սկզբում անորոշ են նպատակին հասնելու ուղիները: Ամեն դեպքում պարզ է, որ հեռուն հասնելու համար նախ և առաջ պետք է սկսել ճանապարհը: Այս մասին է խոսվում նաև համաշխարհային ճանաչում ունեցող «Կյանքի գաղտնիքը» ֆիլմում: Այստեղ կներկայացնեմ մի հատված՝ վերոհիշյալ ֆիլմից. Երբ ավտոմեքենան գիշերով շարժվում է Լաս Վեգասից՝ Նյու Յորք հասնելու համար, անհայտ է, թե այն հատկապես ինչպես կհասնի այնտեղ: Բայց չէ՞ որ այն կարող է և ի վերջո կհասնի Նյու Յորք: Պարզապես անհնար է միանգամից տեսնել ողջ ճանապարհը: Մեքենայի լույսերը թույլ են տալիս տեսնել միայն 50 մետր հեռուն: Սակայն նույնիսկ գիշերային պայմաններում ավտոմեքենան շարժվում է իր կանգնած տեղից և տեսանելի ճանապարհն անցնելուց հետո նրա լույսերը թույլ են տալիս տեսնել ճանապարհի հաջորդ 50 մետրը: Այսպես 50-ական մետրեր անցնելով ի վերջո մեքենան կտրում-անցնում է հսկայական ճանապարհ և Լաս Վեգասից հասնում է Նյու Յորք: Կարևորն առաջին քայլն անելն ու հավատալն է:

Ես կարծում եմ, որ սա համարվում է կյանքի բացահայտված գաղտնիքներից մեկը:
Անորոշությունն անշուշտ ունի դրական կողմեր: Այն մեզ ստիպում է մտածել մեր գործերի, մեր ապագայի մասին: Անորոշության պայմաններում մենք ստիպված ենք գործել և հետզհետե փորձ ձեռք բերել: Այն մեզ օգնում է, որ չդադարենք ինքներս մեզ հարցեր տալուց: Իսկ շարունակ հարցերը հանգեցնում են պատասխանների և մարդուն դարձնում են ավելի խորաթափանց: Մեզ հետաքրքիր է կարդալ այն գիրքը, որի էջերը մեզ անծանոթ են և չգիտենք, թե այնտեղ ինչ է գրված: Այդպիսի մի գիրք է նաև կյանքը, որի բոլոր էջերը տարբերվում են միմյանցից և պարունակում են անորոշություններ:

Ամփոփելով այս ամենը, կարելի է հասկանալ, որ կյանքը չափազանց կարճ է անորոշության վախով ապրելու և չգործելու համար: Կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը հավատա ինքն իրեն և այն ապագային, որը կառուցում է: Վերջում՝ միշտ հիշեք, որ մարդու մեծ ներքին ուժի մասին են խոսում անորոշությունից անկախ ապրելն ու հոգեպես հանգիստ լինելը:

Հեղինակի մասին

Ամալյա Սուքիասյան

1 մեկնաբանություն

  • Անորոշությունը սարսափելի բան է: Դրանով չտառապելու համար հարկավոր է ունենալ հստակ նպատակներ, սահմանել կոնկրետ գործողություններ դրանց հասնելու համար: Իհարկե այդ ընթացքներում կլինեն դժվարություններ, բայց ոչ անորոշություն….

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»