Մարդկանց հետ շփում

Պարզաբանված հարաբերություններ (կամ կառուցենք ճիշտ հարաբերություններ)

Հեղինակ Vanuhi

Քանի անգամ է մեր  կյանքում պատահել, որ ասել ենք հետևյալ արտահայտությունը «Հերիք եղավ` ինչքան լռեցի»: Իսկ ում էր պետք մեր լռելը, եթե մի օր վերջիվերջո հնչեցնելու ենք այդ նախադասությունը: Ցանկացած մարդու հետ, կլինի գործընկերոջ, ընկերոջ թե նույնիսկ ընտանիքի անդամի, պետք է հարաբերությունները տեղում պարզել, ու պետք չէ դա հասկանալ բառիս վատ իմաստով, չնայած հասկանում եմ, որ «հարաբերություններ պարզել» արտահայտության մեջ արդեն իսկ ինչ-որ ագրեսիվ տարր կա, բայց հավատացնում եմ, որ չպարզելն ավելի ագրեսիվ հետևանքներ կարող է կրել:

Շատերի հետ պատահած կլինի, որ աշխատավայրում կոնկրետ պարտականություններ միայն դուք եք կատարում, չնայած նրա, որ այդ պարտականությունները միայն ձերը չեն և դա անում եք գործընկերների հետ լավ հարաբերություններ պահպանելու, ավելորդ կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու և այս ու այլ շատ պատճառներով: Ու մի օր էլ մենք բանական էակներից վերածվում ենք էմոցիոնալ էակների ու հնչեցնում ենք այդ «Հերիք եղավ` ինչքան լռեցի» ու կոնֆլիկտը, որից միաժամանակ խուսափում էինք, դառնում է անխուսափելի: Իսկ դա չէր լինի, եթե մենք նրբանկատության և կոռեկտության սահմաններում ամեն ինչ նախօրոք պարզաբանած լինեինք, չթողնեինք, որ «ագրեսիվ» մտքերը  մեր մեջ կուտակվեին:

Ցանկացած պարագայում, ցանկացած մարդու հետ, երբ պետք է հարաբերությունները պարզաբանել, տեղում տվեք և խնդրեք բացատրություններ, մեկնաբանեք ձեր այս կամ այն արարքը և նույնն էլ խնդրեք դիմացինից: Երբեմն մենք մեր պարտքը չենք համարում բացատրություններ տալ, բայց ուրիշների պարտքն ենք համարում մեզ հասկանալ առանց բացատրությունների: Իսկ ինչո՞ւ: Բացատրեք և ձեզ անպայման կհասկանան: Պետք է միշտ ընդառաջել, աջակցել, մտնել ուրիշի դրության մեջ, պետք է ներել, բայց երբեք չի կարելի թողնել, որ ոչ ճիշտ հարաբերությունները պարբերաբար կրկնվեն, եթե հենց սկզբից գիտեք, որ սխալ սկիզբն ու սխալ ընթացքը հիմք են դառնալու հետագա առավել սխալ լուծումների համար:

Հեղինակի մասին

Vanuhi

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»