Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Ժամանակի կառավարում

Խնայել վերջին 10 րոպեն

Ի՞նչ եք անում դուք, երբ աշխատանքի ավարտին մնում է 10 րոպե: Ի՞նչ եք անում դուք, երբ 10 րոպեից հյուր պետք է ընդունեք կամ 10 րոպեից հանդիպման պետք է գնաք: Բոլոր դեպքերում էլ, կարծում եմ, նույնը: Երբ դու անհամբերությամբ սպասում ես ինչ-որ բանի և ժամանակը գնալով մոտենում է և արդեն շատ քիչ է մնում, վերջին րոպեներն այլևս ոչնչի վրա չես կարողանում կենտրոնանալ, ոչ մի բան չես կարողանում անել, այլ ուղղակի սպասում ես, որպեսզի ժամանակն անցնի: Իսկ պատճառն այն է, որ այդ վերջին րոպեներին մեր ենթագիտակցությունը այնքան է կենտրոնանում սպասվելիք իրադարձության վրա, որ չի թողնում մեզ այլ գործերով զբաղվել: Եվ այդ ժամանակ մենք կորցնում ենք րոպեներ:

Րոպենե՞ր… հա հա հա, ինչ են այդ րոպեները մի ամբողջ կյանքի դեմ: Այդպես չէ: Ցանկացած րոպեն կարևոր է: Ցանկացած անիմաստ վատնած րոպեն կորուստ է, ցանկացած ճիշտ օգտագործված րոպեն՝ ձեռքբերում: Մենք միշտ ասում ենք, որ ժամանակը շատ կարևոր է ճիշտ օգտագործել, որ դա ամենաթանկ բանն է, որ դա այլևս չի լինում ետ բերել: Իսկ ժամանակը բաղկացած է այդպիսի 10-ական րոպեներից: 10 րոպե այստեղ, 10 րոպե այնտեղ … և վերջ: Րոպեները դառնում են ժամեր, ժամերը օրեր, օրերն ամիսներ: Հավատացեք, որ օրվա ընթացքում լինում են բազմաթիվ անիմաստ վատնած 10 րոպեներ: Եվ եթե մենք ուշադրություն չդարձնենք դրա վրա, արդյունքում մենք կկորցնենք ժամեր: Պատկերացրեք, եթե դուք գաք այն մակարդակի, որ այն, ինչ հիմա անում եք 1 ժամում, կարողանաք անել 20 կամ 30 րոպեում, ինչ առավելություններ դա ձեզ կտա: Կհեշտացնի՞ դա ձեր կյանքը: Կօգնի՞ ձեզ ավելի արդյունավետ ապրել: Իհարկե՝ այո: Գիտեք ո՞րն է հաճույքը: Երբ կարողանում ես լիարժեք օգտագործել ժամանակիդ թեկուզ ամեն մի 10 րոպեն: Լեցուն 10 րոպեն ավելի շատ արժե, քան դատարկ օրը: Եկեք փորձենք պլանավորել մեր կյանքը ոչ թե ամիսներով ու տարիներով, այլ օրերով, ժամերով ու րոպեներով: Այդպես կյանքն էլ երկար կտևի:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

13 մեկնաբանություն

  • Հենց այսօր շատ խիտ ծրագրած օր է լինելու ինձ մոտ, ոգևորվեցի՝ որ մտքիս դնեմ ամեն ինչ կհասցնեմ: Շնորհակալություն:

  • Անկեղծ ասած վերջին շրջանում ժամանակին ավելի լուրջ եմ վերաբերվում, քան առաջ: Այժմ փորձում եմ խուսափել ժամանակս պարապ վատնելուց` գիտակցելով, որ դա վնասում է առաջին հերթին ինձ 🙂

  • Առաջին անգամ վայրլյանի ու րոպեի իսկական արժեքը հասկացա այն ժամանակ, երբ ինստիտուտի դռները ժամը 9ին փակում էին ու ամեն մի րոպեն կարեւոր դեր էր ծառայում: Կարեւորելով ամեն մի րոպեն, օրս այնպես եմ պլանավորում, որ ոչ մի րոպեի համար հետո չզջամ…

  • Անկեղծ ասած վերջին 10 կամ 20 րոպեի խնդիրն ինձ մոտ չկա, քանի որ աշխատանքս այնպիսին է, որ ամեն դեպքում պետք է օրվա պլանը կատարեմ, այլապես արդյունք չի երևա 🙂

  • Իսկապես, ցանկացած րոպե էլ պետք է արժեքավորել: Չէ՞ որ այդ րոպեները մի ամբողջ կյանք են: Շատ հավանեցի նյութը, այսուհետև կփորձեմ իմ ցանկացած րոպեն օգտագործել հնարավորինս արդյունավետ 🙂

  • անկեղծ ասաց ես առաջ մտածում էի այս հարցի շուրջ հետո դաթարեցի մտածել, իսկ հիմա նորից ինձ սկսեց մտահոքել այս հարցը, մի լավ ֆիլմ կա խորհուրդ կտամ դիտել այն` время

  • Լավ պարզ ա Luka ջան, ես էլ եմ դիտել, ես էլ կառաջարկեմ Կիմ Կի-Դուկի ֆիլմերը դիտել, արվեստ` բառիս իսկական իմաստով:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»