Հաջողության պատմություններ

Երբեք ուշ չէ իրականացնել երազանքները

Այս պատմությունը մի կնոջ մասին է, որը հաջողության է հասնում արդեն մեծ տարիքում: Այն ցույց է տալիս, որ տարիքը չի սահմանափակում մարդուն և նույնիսկ մեծ տարիքում մարդը կարող է իր նպատակներին հասնել:

Աննա Մերի Մոզեսը ծնվել է 1860թ.-ին, ամերիկյան ֆերմերի ընտանիքում: Նա մանկուց սիրում էր նկարել և երազում էր հայտնի նկարչուհի դառնալ: Բայց ծնողները նրան հայտնում են, որ նկարչուհի դառնալով նա «սոված կմնա», այդ պատճառով էլ ավելի լավ է մոռանա իր երազանքի մասին և մտածի ավելի կարևոր բաների մասին` հաջող ամուսնանա, ֆերմայի մասին հոգ տանի և երեխաներին մեծացնի: Լսելով ծնողներին` 12 տարեկանում Աննան մոռանում է իր երազանքի մասին և սկսում է վարձու աշխատանք կատարել մեկ այլ ֆերմայում: 27 տարեկանում նա ամուսնանում է և ամուսնու հետ միասին հոգ տանում իրենց ֆերմայի մասին: Նրանք ունենում են 10 երեխա:

Ամուսնու մահից հետո, 1927 թվականին, 67-ամյա Աննան կրկին սկսում է նկարել: Սկզբում իր նկարների մեծ մասը նա բաժանում էր կամ վաճառում 2-3 դոլարով: Սակայն 1938 թվականին Նյու-Յորքյան կոլեկցիոներներից մեկը պատահական տեսնում է դեղատան պատուհանին դրված նրա նկարներից մեկը: Նկարն այնպիսի մեծ տպավորություն է թողնում նրա վրա, որ նա գտնում է հեղինակին և գնում է նրա նկարներից ևս մի քանիսը: Դրանից մեկ տարի անց Աննայի նկարները հայտնի են դառնում և դրանց գինը կտրուկ աճում է: Նա անձնական ցուցահանդեսներ է կազմակերպում Նյու-Յորքյան ցուցասրահներում: Նրա նկարները ցուցադրվում են Նյու-Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում: Մեկ տարվա ընթացքում նա սկսում է աշխատել ավելի շատ, քան ֆերմայում իր ողջ կյանքի ընթացքում:

Տատիկ Մոզեսը` ինչպես նրան անվանում էին, դառնում է 20-րդ դարի ամենահայտնի նկարիչներից մեկը: Նրա տարեդարձերը նշվում էին «Թայմ» և «Լայֆ» ամսագրերի առաջին էջերում, իսկ նրա 100-ամյակը դառնում է իսկական տոն ողջ Նյու-Յորք նահանգի համար: Նահանգապետ Նելսոն Ռոկֆելերը 1960թ.-ի սեպտեմբերի 7-ը հայտարարում է «Տատիկ Մոզեսի օր»: ԱՄՆ նախագահ Թրումենը անձամբ է հրավիրում նրան Սպիտակ տուն, իսկ նախագահ Էյզենհաուերի վարչակազմը նախագահի պաշտոնում ընտրվելու նրա 3-ամյա տարելիցի կապակցությամբ որպես նվեր պատվիրում է նրա նկարներից մեկը: Տատիկ Մոզեսը մահանում է 1961 թվականին, 101 տարեկան հասակում:

Մոտ մեկ քառորդ դարի ընթացքում նա նկարում է ավելի քան 1600 նկարներ: Նա հանգիստ ապրում էր իր ֆերմայում` առանց ուշադրություն դարձնելու, որ իր անվան շնորհիվ ուրիշները մեծ փողեր են աշխատում: Նկարչուհու գործերը հրատարակվում էին միլիոնավոր բացիկներում, դրոշմանիշներում և պաստառներում: Սակայն տատիկ Մոզեսին հաճույք էր պատճառում, որ նա ինչ-որ մեկին ուրախություն է պարգևում:
«Ես նայում եմ իմ կյանքին, ինչպես օրվա վերջում` ավարտված գործերին և գոհ եմ մնում նրանից, թե ինչպես է այն արվել: Կյանքն այնպիսին է, ինչպիսին մենք ենք այն դարձնում: Այդպես միշտ եղել է և միշտ էլ կլինի»:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»