Մարդկանց հետ շփում

Այն ոչինչ չարժե, բայց շատ բան է տալիս

Հեղինակ Lara

Այս թեման այնքան կարևոր է, որ մտածեցի կարելի է ևս մեկ անգամ  անդրադառնալ դրան: Դրա շնորհիվ կարելի է հաջողության հասնել բոլոր բնագավառներում: Դա մարդկանց սրտերը շահելու ամենակարճ ճանապարհն է, լավ տպավորություն թողնելու ամենապարզ միջոցը: Դրա գաղտնիքը հայտնի է բոլորին, բայց քչերն են այն կիրառում: Խոսքն, իհարկե, ԺՊԻՏԻ մասին է, սիրտ ջերմացնող, հոգու խորքից ճառագող ժպիտի: Հավատացեք` բոլորն էլ ձեզ հետ մեծ հաճույքով կշփվեն, կցանկանան ձեզ աջակցել, ձեզ լսել, եթե դուք ժպտաք, քանի որ ժպտալով դուք ցույց եք տալիս, թե որքան հաճելի է ձեզ համար շփվել դիմացինի հետ: Բայց այդ ժպիտը չպետք է լինի արհեստական, կեղծ: Դրա արհեստականությունը միանգամից կերևա: Իսկ դուք կարծում եք դժվա՞ր է անկեղծ ժպտալ բոլորին: Հուսով եմ պատասխանեցիք` ոչ, քանի որ ժպիտը բարության, երջանկության, հաջողության նշան է: Իսկ մենք` բոլորս, բավականաչափ բարի ենք ուրիշներին մեր ժպիտով իրենց նշանակալիությունը զգացնելու, բավականաչափ երջանիկ ենք մեր ժպիտով ուրիշներին էլ երջանկացնելու և բավականաչափ հաջողակ ենք մեր ժպիտով մեր հաջողակ լինելը ցույց տալու համար: Բայց եթե ամեն դեպքում դուք պատճառ գտաք էլի չժպտալու համար, ես ձեզ կտամ մի քանի փորձված խորհուրդներ իմ ամենասիրելի հեղինակներից մեկի` Դեյլ Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գրքից:

  1. Մոտենում ենք հայելուն, նայում մեր մռայլ դեմքին և ինքներս մեզ ասում. «Դու այսօր կազատվես քո մռայլ դեմքից: Դու պիտի ժպտաս և այն էլ` հենց հիմա»: Փորձեք անել սա հենց հիմա և ամեն առավոտ:
  2. Ստիպեք ձեզ ժպտալ, եթե մենակ եք ստիպեք ձեզ սուլել կամ որևէ մեղեդի երգել: Վարվեք այնպես, կարծես արդեն երջանիկ եք, դա կօգնի ձեզ բարձրացնել տրամադրությունը: Նման դեպքում ժպիտն անխուսափելի է:
  3.  Մի պահ մտածեք այն բազմաթիվ բաների մասին, որոնց համար պետք է ճակատագրից գոհ լինել: Ի՞նչ եք կարծում, ինչ կլինի այդ դեպքում: Այո, գուշակեցիք, ձեր դեմքին կհայտնվի լայն, ոչ շինծու ժպիտ:

Հուսով եմ անպայման կսկսեք մտածել ժպտալու մասին, կբացահայտեք ձեր մեջ այդ մեծ տաղանդը: Իսկ միգուցե հայտնաբերեք, որ ձեր գերող ժպիտը ձեր հրաշալի հատկություններից մեկն է: Եվ անպայման մտածեք, թե որքան հաճախ եք ժպտում ձեր հարազատներին: Երջանկացրեք նրանց ձեր անսպառ ժպիտներով: Սիրով լցրեք ձեր և ձեր հարազատների կյանքը:

Եվ կրկին օգտվելով Դեյլ Քարնեգիի վերոհիշյալ գրքից` ներկայացնեմ մի քանի պարզ կենսափիլիսոփայական աֆորիզմներ ժպիտի մասին, որոնք գրվել էին «Օպենհեյմ, Քոլինզ էնդ քոմփանի» ֆիրմայի գովազդային հայտարարության մեջ:

  • Այն ոչինչ չարժե, բայց շատ բան է տալիս:
  • Այն հարստացնում է նրանց, ովքեր այն ստանում են` միաժամանակ չաղքատացնելով նրանց, ովքեր այն տալիս են:
  • Այն ակնթարթ է տևում, բայց երբեմն մնում է հիշողության մեջ հավերժ:
  • Ոչ ոք այնքան հարուստ չէ, որ դրա կարիքը չունենա, և չկա մի աղքատ մարդ, ով դրանով հարստանա:
  • Այն երջանկացնում է տունը, ստեղծում բարյացակամ մթնոլորտ գործնական փոխհարաբերություններում և բարեկամների համար նշանաբան է հանդիսանում:
  • Այն հանգստություն է բերում հոգնածներին, ցերեկվա լույս` հուսալքվածներին, արևի ճառագայթ` տխուր մարդկանց, ինչպես նաև անախորժության դեմ բնության ստեղծած լավագույն հակաթույնն է:
  • Սակայն այն չի կարելի գնել, չի կարելի խնդրել, չի կարելի ոչ պարտքով վերցնել, ոչ գողանալ, քանի որ հենց այնպես, ինքն իրենով այն ոչ մի բանի պետք չէ, քանի դեռ այն չեն տվել:
  • Ոչ ոք այնքան կարիք չունի ժպիտի, որքան նրանք, ովքեր այլևս ոչինչ չունեն տալու:

Ես առաջնահերթ եմ համարում  ոչ թե ժպիտի դրական կողմերը ցույց տալը (կարծում եմ բոլորիս էլ հայտնի է ժպիտի կարևորությունը, դրական կողմերը, որոնք միանշանակ անթիվ են), այլ ցանկանում եմ, որ սովորենք ժպտալ, օգտվենք ժպիտի ընձեռած հնարավորություններից: Եկեք ժպտանք հենց այս վայրկյանից  և զգանք ժպիտի մոգական ուժը:

Հեղինակի մասին

Lara

18 մեկնաբանություն

    • Շատ մերսի Լուկա ջան..շնորհակալություն նաև մի քանի ուղղումների համար..հուսով եմ իսկապես հավանել եք..իսկ եթե թերի բաներ կան,մեծ սիրով կլսեմ նաև քննադատություն…

    • Մեսրոպ ջան միայն այն, որ ապրում ես, ազատ ես ու ամեն օր հնարավորություն ունես անել այն, ինչ ուզես, կարծում եմ արդեն իրական պատճառ է.

    • Այո,միանշանակ շատ ճիշտ եք Մեսրոպ ջան…իսկ դուք ինքներդ փորձեք ստեղծել այդ իրական պատճառները,..մտածեք,որ ունեք այն ամենը ,ինչ նշել է Լուկան, կարծում եմ, որ մտածեք էլի կգտնեք բաներ,որոնց համար շնորհակալ եք կյանքից..չնայած այդքանն էլ,բավական լուրջ իրական պատճառներ են անկեղծ և իրական ժպտալու համար…անպայմամ փորձեք….

    • Այնքան շատ են իրական պատճառները ժպտալու համար, ուղղակի պիտի դրանք նշմարել կարողանանք:
      Շնորհակալություն հոդվածի համար
      Շատ լավն էր :)))

      • Իսկապես շատ ճիշտ եք Էմմա ջան պատճառներ իրեք շատ կան…Ձեզ էլ շատ շնորհակալություն գնահատելու համար..ուրախ եմ ,որ Ձեր դուրը եկել է…

  • Մի անգամ Էյֆելյան աշտարակի մոտ մի գեղեցիկ աղջկա տեսա ինչպես նկարվելու համար ժպիտը նախ միացրեց ապա հետո էլ անջատեց…ես ապշած մնացի…նրա արհեստական ժպիտը աինքան անկեղծ ու գեղեցիկ եր…

  • իմիջայլոց,մի քանի օր առաջ ես գնել եմ Դեյլ Քարնեգիի Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա գիրքը,և ասեմ որ շատ հոյակապ գիրք ա,խոսքեր չկա,,,,բոլորիտ խորհուրդ եմ տալիս կարդալ այդ գիրքը

  • Ժպիտի ուժը ես ամեն օր օգտագործում եմ: Դա ինքնաբերաբար է ստացվում, իսկ երբեմն էլ դիտմամբ եմ անում: Այ օրինակ, այսօր գնացի աշխատանքի և բոլորին դիմեցի հետևյալ կերպ ‘ոսջույն ….յան’: Կռահեցիք ինչ կատարվեց: Իհարկե ժպտացին բոլորը: Ես բոլորին անխտիր բարևեցի, ամեն մեկին առանձին: Ժպիտի ուժը միավորեց կոլեկտիվիս և ուղեկցեց մեզ մի քանի ժամ:

  • Բարևներ բոլորին․․․
    Շնորհակալություն Lara ջան գեղեցիկ և հետաքրքիր նյութի համար։Իրոք ժպիտի օգնությամբ ես շատ բաների եմ հասել։Ես շատ եմ ուզում, որ բոլոր մարդիկ միշտ ժպտան անկախ ամեն ինչից։

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»