Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Բարձր տրամադրություն

Այս առավոտ զարթնեցի բարձր տրամադրությամբ և հիմա էլ գրում եմ այս հոդվածը բարձր տրամադրությամբ: Արևոտ տաք օր, 15 ժամ մինչև գիշերվա 12-ը և բազում անելիքներ: Ամեն օրը գեղեցիկ է յուրովի, ամեն օրն անչափ սպասելի: Ամեն օր 15 ժամ ստեղծագործելու, մտածելու, ստեղծելու և օրը վայելելու համար: Ամեն առավոտ պետք է զարթնել այնպես, կարծես դա նոր հնարավորությունների սկիզբն է՝ բարձր տրամադրությամբ, ոգևորությամբ և լի վճռականությամբ: Ես գիտեմ, թե ինչով եմ զբաղվելու այսօր: Եթե խոսենք գործերից, ապա ամեն օր ես պլանավորում եմ մի քանի կարևոր գործ, որպեսզի յուրաքանչյուր օրը տարբերվի մնացածից: Նաև օրվա ընթացքում մի քանի կարևոր բան անելը բարձրացնում է մարդու վստահությունը սեփական ուժերի հանդեպ, դարձնում է օրը լեցուն և հիմք է հանդիսանում հետագա հաջողությունների համար: Ես սիրում եմ զարթնել առավոտյան, քանի որ քնած ժամանակ մարդը ոչինչ չի անում…

Սովորաբար ասում են, որ ինչպես զարթնում ես առավոտյան, այնպես էլ անցնում է ողջ օրդ: Այդ պատճառով փորձեք ամեն առավոտ զարթնել բարձր տրամադրությամբ: Իսկ որպեսզի դա ձեզ մոտ ստացվի, պետք է ձեր վրա մի փոքր աշխատեք: Նախ քնելուց առաջ արդեն պատկերացրեք, թե ինչ եք անելու հաջորդ օրը: Նկատի չունեմ ամենայն մանրամասնությամբ, այլ ուղղակի ձեզ համար նշեք մի քանի հիմնական կետեր, որոնք պատրաստվում եք վաղը անել: Ցանկալի է, որ դրանք լինեն այնպիսի գործեր, որոնք սովորական չեն, որոնք առօրյա չեն, այլ ինչ-որ լրացուցիչ ջանք են ձեզանից պահանջելու և միգուցե ստիպելու են ձեզ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց: Առավոտյան զարթնելիս մտածեք այդ գործերի մասին: Նաև ամեն օր զարթնեք շնորհակալ լինելով այն ամենի համար, ինչ դուք ունեք: Ես շնորհակալ եմ կյանքին այն ամենի համար, ինչ ես հիմա ունեմ և դա է ինձ ստիպում պարզ գիտակցությամբ առաջ գնալու մասին մտածել: Զարթնեք առույգ, առանց երերալու, հավատալով, որ այսօր դուք ձեր կյանքում ինչ-որ բան պետք է փոխեք: Սա շատ կարևոր է, այդ պատճառով կրկնում եմ ևս մեկ անգամ: Ամեն առավոտ զարթնելիս, հավատացեք, որ դուք այսօր ձեր կյանքում ինչ-որ բան պետք է փոխեք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

11 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»