Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Բիզնես և ֆինանսներ

Ինչպես վերաբերվել փողին

Այն ժամանակ, երբ հայտնվեց փողը, հայտնվեցին նաև մարդիկ, որոնք սկսեցին ատել փողը: Բայց չնայած ատելությանը, փողը նրանց պետք էր: Դրա միջոցով էին նրանք սնվում, հագնվում, տուն կառուցում, ապրում: Նրանք աշխատում էին հանուն փողի: Բայց նրանց թվում էր, որ փողը բոլոր չարիքների սկիզբն է: Նրանք տեսնում էին բոլոր այն մարդկանց, ովքեր շատ փող ունեին և վախեցնում էին իրենց երեխաներին. «տես, նրանք չարիք են տարածում»: Եվ երեխաները մեծանում էին այդ հոգեբանությամբ, որ հարուստ մարդիկ վատն են, իսկ փողը չարիք է: Բայց այդ նույն երեխաները մեծանալով, իրենք էլ էին սկսում փող աշխատել, քանի որ հասկանում էին, որ առանց դրա հնարավոր չէ: Մարդկանց համար փողը դարձել էր քննարկման առարկա, գերբնական մի ուժ, որը կարող է ամեն ինչ: Փողից վախենում էին, փողը սիրում էին, փողի մասին մտածում էին: Մարդկանց համար փողը դարձել էր ավելին, քան ուղղակի իրը:

Մեկ հարց եմ ուզում Ձեզ տալ: Արդուկը չարի՞ք է: Կամ այլ հարց՝ ատամի խոզանակը չարի՞ք է: Վատ մարդու ձեռքին դրանք իհարկե չարիք են, դրանցով կարելի է վնասել, սակայն լավ մարդու համար դրանք օգտակար գործիքներ են, որոնք կյանքը դարձնում են ավելի հարմարավետ: Բայց մենք երբեք չենք քննարկում այդ իրերը, այլ ուղղակի օգտագործում ենք: Մարդիկ կարող էին չօգտագործել արդուկն ու խոզանակը, այլ իրենց շորերը գեղեցկացնել տաք քարով, իսկ ատամները մաքրել խոնավ շորով: Նույն կերպ, մարդիկ կարող էին չօգտագործել փողը, այլ փոխարենը օգտագործեին կարտոֆիլ: Այսինքն, որպեսզի ինչ-որ մեկը քեզ համար ինչ-որ բան անի, նրան պետք է տաս մի քիչ կարտոֆիլ: Բայց միթե՞ դա հարմար է:

Փողի հետ կապված հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ սկսում են դրան վերաբերվել որպես ավելիին, քան ուղղակի իրը կամ ապրանքը: Չէ որ ոչ ոք չի մտածում, թե ինչպես վերաբերվել օրինակ արդուկին կամ ատամի խոզանակին: Դրանք կան և մարդիկ դրանք օգտագործում են: Նույն կերպ պետք է վարվել փողի հետ: Դա ընդամենը գործիք է, որը պետք է օգտագործել կյանքն ավելի հարմարավետ դարձնելու համար: Դրա վրա չպետք է կենտրոնանալ: Վատ մարդու ձեռքում այն չարիք է, լավի ձեռքում՝ բարիք, ինչպես ցանկացած այլ իր: Փողով հնարավոր է զենք գնել, բայց հնարավոր է նաև հիվանդանոցներ կառուցել, կրթություն ստանալ ու անօթևաններին օգնել:

Մի մոռացեք դա: Փողը ոչ լավն է, ոչ վատը, դա ընդամենը գործիք է:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

10 մեկնաբանություն

  • Փողը միջոց է: Ես չեմ սիրում փողը, բայց սիրում եմ այն ամենն, ինչ կարելի է փողով ձեռք բերել` հանգիստ լողափին, լավ հեռախոս ու լավ համակարգիչ, գեղեցիկ տուն..Ինչու ոչ? Ու մեկ էլ նկատել եմ, որ մարդ ինչքան շատ գումար է վաստակում, այնքան հավասարակշռված ու բարի է դառնում..դե հա, չար մարդը, չնայած այդպիսին չկա ինձ համար, փողից չի լավանա, բայց ընդունենք, որ հարուստները պակաս նախանձ, բամբասկոտ ու հիշաչար են:

  • “Փողը միջոց է: Ես չեմ սիրում փողը, բայց սիրում եմ այն ամենն, ինչ կարելի է փողով ձեռք բերել` հանգիստ լողափին, լավ հեռախոս ու լավ համակարգիչ, գեղեցիկ տուն..”

    Այ հենց դրա մասին էլ գնում էր խոսքը Անի ջան

  • Նախ ասեմ Luka ջան շատ լավ հոդված էր և իմաստալից:Իրոք փողը միջոց է, որպեսզի կարողանաս իրականացնել քո երևակայությունը:

  • Լուկա ջան շատ լավ թեմա եք ընտրել: Ձեր բոլոր գրածներին ուզում եմ ավելացնել. եթե փող չլիներ, մարդիկ իրենց աշխատանքի համար փող չստանային, ամեն ինչ ուղղակի լիներ` առանց փողի, ապա,ըստ իս, զարգացում չէր լինի: Չէ որ մարդիկ ձգտում են շատ փող ստանալ, որ ավելի շատ հաճույքներից օգտվեն, հետևաբար ձգտում են լավ մասնագիտություն ձերք բերել, լավ ուսում ստանալ(դե բացառությունների մասին չեմ խոսում): Այս ամենի պատճառը փողն է, միայն ու միայն փողը:
    Շնորհակալություն հիանալի հոդվածի համար:-) 🙂 🙂

    • Էմմա ջան Ձեզ էլ շնորհակալություն, մի հոդված էլ դուք գրեցիք, մեկնաբանության տեսքով 🙂 Համաձայն եմ..

  • Ես մեկ աֆորիզմ ավելացնեմ “Հիմարի համար փողը չարիք է, խելոքի համար` գործընկեր, և միայն ժլատի համար այն նպատակ է”

  • Փողը բարդ բան չէ, այն մարդը ստեղծել է աշխատանքի արդյունքները փոխանակելու նպատակով. փողը պարզապես հեշտացնում է կյանքը:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»