Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Մտորումներ

Խոսքերն ու լռությունը

Խոսքերն ու լռությունը գտնվում են մշտական պայքարի մեջ, որի ելքը որոշում է մարդը: Կյանքում կարևոր են թե՛ լռությունը, թե՛ խոսքերը: Լռություն կա ամեն ինչի մեջ, բայց աշխարհն այնքան խոսուն է: Խոսելու ընդունակությունը մարդուն հենց այնպես չի տրվել: Պատահական չի տրվել նաև լսելու և երբեմն լռություն պահպանելու կարողությունը: Հաճախ մարդիկ լռում կամ խոսում են ոչ ճիշտ պահին: Սա մի շատ կարևոր գործոն է, որն անմիջականորեն վերաբերում է մարդու հաջողությանը: Մենք մարդկանց համար մի փակ գիրք ենք, քանի դեռ չենք խոսել: Քանի որ մեր խոսքերը մեր մտքերն ու աշխարհայացքն են: Ընդամենը մի քանի խոսքի միջոցով կարող ենք կարծիք կազմել դիմացինի մասին: Լռությունը երբեք չի ներում նրանց, ովքեր այն խախտում են անտեղի՝ խոսելով պարզապես չլռելու համար:

Երբ մի քանի րոպե անընդմեջ լռություն է տիրում, մարդկանց մոտ խոսելու ցանկություն է առաջանում: Իսկ ո՞րն է պատճառը: Իրականում պատճառները բազմազան են: Մարդն անընդհատ (մտածելու միջոցով) խոսում է ինքն իր հետ: Բնության հրաշք է գուցե, որ նրան ոչ ոք չի լսում, բացի իրենից: Երբ մարդիկ հոգնում են իրենց մտքերից, փորձում են թափանցել այլոց մտքերի աշխարհ: Կա մեկ այլ պատճառ. խոսելով՝ մարդիկ ցանկանում են մյուսներին հաղորդակից դարձնել իրենց մտքերին: Երբեմն այդ ամենը շատ երկար է տևում և վերածվում շատախոսության, որն այնքան հոգնեցուցիչ է դիմացինի համար:

Մարդիկ խոսում են արթնանալուց հետո, քայլելիս, սնվելիս, անգամ երազում, երբ շուրջը լռել են բոլոր ձայները: Մարդկանց խոսակցության հիմնական թեման խնդիրներն ու անհաջողություններն են: Ցավոք, շատ մարդիկ սկսում են քննարկել (հիմնականում բամբասանքներ) այլոց արարքները: Մարդիկ զգույշ են գումար ծախսելիս, բնակարան կամ մեքենա ընտրելիս, բայց ոչ՝ խոսքերի հարցում, որն ավելի կարևոր է: Մտածենք մինչև խոսելը: Շատերը խոսում են երկար, բայց նրանց մտքերը որևէ իմաստ չեն պարունակում: Հանճարեղ մարդիկ արտահայտում են կարճ մտքեր՝ մեծ իմաստներով: Շատախոս մարդու համար միշտ էլ բառերը չեն հերիքում մտքեր արտահայտելիս, իսկ մյուսներին չի բավականացնում լռությունը, որը լսելու և մտածելու հնարավորություն է:

Կյանքում ամեն մարդու ինչ-որ հարց է հուզում: Որքան էլ մարդը խոսի, միևնույն է, չի ասվում ամենակարևորը: Այն մնում է մարդու սրտում, ծածկվելով լռության քողով: Մտածենք միայն մեր հոգում ապրող ամենակարևոր բաների մասին: Հաճախ մարդը խոսում է, չնկատելով դիմացինի անտարբերությունը: Միգուցե նա խոսելու ցանկություն չունի՞ հոգնածության պատճառով: Կամ գուցե դուք չունե՞ք խոսակցության ընդհանուր թեմա: Այդ դեպքում իհարկե խոսելը ժամանակի կորուստ է, քանի որ խոսող մարդը նույնպես ունի մտածելու առիթներ և շատ անելիքներ: Ուստի կարելի է մտածել առաջիկա գործերի մասին, կամ այդ րոպեներն օգտագործել թեկուզ ինչ-որ երջանիկ պահ վերհիշելու համար:

Այնուամենայնիվ, կան նաև դեպքեր, երբ լռելն անարդարացի կլիներ. երբեք չի կարելի լռել ճշմարտության առաջ: Եթե մարդը որևէ բանում համոզված է, և նրա խոսքը կարող է փոխել իրավիճակը, ապա հարկավոր է խոսել: Չի կարելի լռել, երբ նկատում եք, որ դիմացինն իրեն միայնակ է զգում և ձեր խոսքը կարող է երջանկացնել նրան: Աշխարհում ամեն մարդ ունի իր հաղորդակցման լեզուն: Տխրությունը խոսում է արցունքների լեզվով: Երաժշտության լեզուն թարգմանում են նոտաները: Մարդու հաղորդակցման եղանակը շատ պարզ է, միևնույն ժամանակ հետաքրքիր և յուրօրինակ: Նա բնության միակ արարածն է, որ կարողանում է հաղորդակցվել խոսքի միջոցով: Փորձենք այնպես անել, որ այդ հիանալի շնորհը չօգտագործվի մեր դեմ, այլ կարողանա մոտեցնել մեզ հաջողությանը: Աշխարհում այնքան շատ է աղմուկը, որ այս մոլորակը զգում է լռության կարիք: Մենք չենք կարող լռեցնել աղմկող աշխարհի ձայները: Սակայն երկրի վրա, զբաղեցնելով մի փոքրիկ անկյուն, կարող ենք պահպանել մեր բաժին լռությունը:

Հեղինակի մասին

Ամալյա Սուքիասյան

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»