Մտորումներ

Խոսքերն ու լռությունը

Խոսքերն ու լռությունը գտնվում են մշտական պայքարի մեջ, որի ելքը որոշում է մարդը: Կյանքում կարևոր են թե՛ լռությունը, թե՛ խոսքերը: Լռություն կա ամեն ինչի մեջ, բայց աշխարհն այնքան խոսուն է: Խոսելու ընդունակությունը մարդուն հենց այնպես չի տրվել: Պատահական չի տրվել նաև լսելու և երբեմն լռություն պահպանելու կարողությունը: Հաճախ մարդիկ լռում կամ խոսում են ոչ ճիշտ պահին: Սա մի շատ կարևոր գործոն է, որն անմիջականորեն վերաբերում է մարդու հաջողությանը: Մենք մարդկանց համար մի փակ գիրք ենք, քանի դեռ չենք խոսել: Քանի որ մեր խոսքերը մեր մտքերն ու աշխարհայացքն են: Ընդամենը մի քանի խոսքի միջոցով կարող ենք կարծիք կազմել դիմացինի մասին: Լռությունը երբեք չի ներում նրանց, ովքեր այն խախտում են անտեղի՝ խոսելով պարզապես չլռելու համար:

Երբ մի քանի րոպե անընդմեջ լռություն է տիրում, մարդկանց մոտ խոսելու ցանկություն է առաջանում: Իսկ ո՞րն է պատճառը: Իրականում պատճառները բազմազան են: Մարդն անընդհատ (մտածելու միջոցով) խոսում է ինքն իր հետ: Բնության հրաշք է գուցե, որ նրան ոչ ոք չի լսում, բացի իրենից: Երբ մարդիկ հոգնում են իրենց մտքերից, փորձում են թափանցել այլոց մտքերի աշխարհ: Կա մեկ այլ պատճառ. խոսելով՝ մարդիկ ցանկանում են մյուսներին հաղորդակից դարձնել իրենց մտքերին: Երբեմն այդ ամենը շատ երկար է տևում և վերածվում շատախոսության, որն այնքան հոգնեցուցիչ է դիմացինի համար:

Մարդիկ խոսում են արթնանալուց հետո, քայլելիս, սնվելիս, անգամ երազում, երբ շուրջը լռել են բոլոր ձայները: Մարդկանց խոսակցության հիմնական թեման խնդիրներն ու անհաջողություններն են: Ցավոք, շատ մարդիկ սկսում են քննարկել (հիմնականում բամբասանքներ) այլոց արարքները: Մարդիկ զգույշ են գումար ծախսելիս, բնակարան կամ մեքենա ընտրելիս, բայց ոչ՝ խոսքերի հարցում, որն ավելի կարևոր է: Մտածենք մինչև խոսելը: Շատերը խոսում են երկար, բայց նրանց մտքերը որևէ իմաստ չեն պարունակում: Հանճարեղ մարդիկ արտահայտում են կարճ մտքեր՝ մեծ իմաստներով: Շատախոս մարդու համար միշտ էլ բառերը չեն հերիքում մտքեր արտահայտելիս, իսկ մյուսներին չի բավականացնում լռությունը, որը լսելու և մտածելու հնարավորություն է:

Կյանքում ամեն մարդու ինչ-որ հարց է հուզում: Որքան էլ մարդը խոսի, միևնույն է, չի ասվում ամենակարևորը: Այն մնում է մարդու սրտում, ծածկվելով լռության քողով: Մտածենք միայն մեր հոգում ապրող ամենակարևոր բաների մասին: Հաճախ մարդը խոսում է, չնկատելով դիմացինի անտարբերությունը: Միգուցե նա խոսելու ցանկություն չունի՞ հոգնածության պատճառով: Կամ գուցե դուք չունե՞ք խոսակցության ընդհանուր թեմա: Այդ դեպքում իհարկե խոսելը ժամանակի կորուստ է, քանի որ խոսող մարդը նույնպես ունի մտածելու առիթներ և շատ անելիքներ: Ուստի կարելի է մտածել առաջիկա գործերի մասին, կամ այդ րոպեներն օգտագործել թեկուզ ինչ-որ երջանիկ պահ վերհիշելու համար:

Այնուամենայնիվ, կան նաև դեպքեր, երբ լռելն անարդարացի կլիներ. երբեք չի կարելի լռել ճշմարտության առաջ: Եթե մարդը որևէ բանում համոզված է, և նրա խոսքը կարող է փոխել իրավիճակը, ապա հարկավոր է խոսել: Չի կարելի լռել, երբ նկատում եք, որ դիմացինն իրեն միայնակ է զգում և ձեր խոսքը կարող է երջանկացնել նրան: Աշխարհում ամեն մարդ ունի իր հաղորդակցման լեզուն: Տխրությունը խոսում է արցունքների լեզվով: Երաժշտության լեզուն թարգմանում են նոտաները: Մարդու հաղորդակցման եղանակը շատ պարզ է, միևնույն ժամանակ հետաքրքիր և յուրօրինակ: Նա բնության միակ արարածն է, որ կարողանում է հաղորդակցվել խոսքի միջոցով: Փորձենք այնպես անել, որ այդ հիանալի շնորհը չօգտագործվի մեր դեմ, այլ կարողանա մոտեցնել մեզ հաջողությանը: Աշխարհում այնքան շատ է աղմուկը, որ այս մոլորակը զգում է լռության կարիք: Մենք չենք կարող լռեցնել աղմկող աշխարհի ձայները: Սակայն երկրի վրա, զբաղեցնելով մի փոքրիկ անկյուն, կարող ենք պահպանել մեր բաժին լռությունը:

Հեղինակի մասին

Ամալյա Սուքիասյան

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»