Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Ինչպե՞ս «սար բարձրանալ»

Հեղինակ՝ Marine Amiryan

Ըստ հոգեբանների այն, ինչ կատարվում է մեր շուրջը, չեզոք է, մենք ենք դրան կպցնում լավի կամ վատի պիտակը, որակավորում տվյալ իրադարձությունը կամ իրավիճակը: Ես լիովին համաձայն եմ այս տեսակետի հետ: Պատկերացնենք մի այսպիսի իրավիճակ. ասենք մի խումբ մարդկանցով սար ենք բարձրանում, ոմանք ընկնում են, ոմանք կեսից հրաժարվում, մի մասը կանգնում են և հարմարվում այդտեղ, միայն մի քանի հոգուս է հաջողվում հասնել գագաթին և վայելել հաղթանակը: Ձեր կարծիքով, սարը ո՞ւմ «կսիրի» և տեղ կտա: Ում տվել եմ այս հարցը, պատասխանել է, թե նրանց, ովքեր կարողացել են խոչընդոտները հաղթահարել և բարձունքում իրենց տեղը հաստատել: Ոչ, սարի համար միևնույնն է, թե ով կբարձրանա և ով կընկնի, ձեր համար չպետք է միևնույնը լինի: Նկատի ունեմ, որ կյանքն էլ չեզոք է մեր նկատմամբ, հնարավոր է, որ այլ կարծիքներ ու տեսակետներ լինեն, սակայն ես այդպես եմ մտածում:

Ըստ իս՝ մեր նպատակներին հասնելն այնքան էլ բարդ չէ, իհարկե խոսքս իրատեսական ցանկություններին է վերաբերում, պարզապես մեզ շատ է խանգարում արտաքին գործոնը, որը հենց մեր ներսում ձևավորված խուճապի պատճառով է «արթնանում»: Իսկ ինչպե՞ս է ազդում արտաքին ազդեցությունը մեր նպատակների վրա: Հիմա վերադառնանք սարին: Եթե մեզ համար շատ կարևոր է վեր բարձրանալը, ապա սկսում ենք սարին «համոզել», նրանից կախում ունենալ, վախենալ և այլն, բայց չէ՞ որ արտաքին աշխարհի համար կարևոր չէ մեր նպատակը, և նա չի էլ պատրասվում մեզ խանգարել: Փաստորեն մենք ուշադրություն ենք դարձնում այն բաներին, որոնք չկան կամ էական չեն, սկսում ենք մեղավորներ փնտրել և շեղվել իրական խնդիրներից, որոնք էլ հենց պիտի լուծենք:

Բերեմ մի օրինակ: Ասենք՝ մենք պետք է անցնենք գետնին դրված գերանի վրայով, որը հեշտությամբ անցնում ենք: Երբ նույն գերանը դրված լինի վարար գետի վրա, ապա մեծամասնությունն ուղղակի կընկնեն, թեև չափը թույլ է տալիս հանգիստ անցնել: Սա ցույց է տալիս, որ մենք չենք հաշվարկում իրական վտանգը, չենք կարողանում առանց ավելորդ հույզերի, ինչն էլ իրականում խանգարում է մեր ծրագրերին: Նման դեպքերում պետք է հիշենք, որ այդպիսի իրավիճակն ավելի շատ ձախողման է տանում, իսկ եթե կարողանանք ավելի քիչ ուշադրություն դարձնել արտաքին գործոններին, ապա հավատացեք՝ անպայման կհասնենք մեր նպատակներին: Մի հարց և խորհուրդ. «ինչպե՞ս նստել փշոտ ոզնու վրա»: Պատասխան. «մոռացեք ոզնու մասին, հետո նրան մի կողմ հրեք և հանգիստ տեղավորվեք»:

Հեղինակի մասին

Marine Amiryan

6 մեկնաբանություն

  • Իսկապես մեր հույզերն ու պատկերացումները հաճախ կարող են լուրջ խոչնդոտ հանդիսանալ հաջողության հասնելու համար: 🙂

  • Այս հոդվածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրականում մենք ինքներս ենք մեր արգելքների պատճառը: Շատ շնորհակալություն ձեզ, հրաշալի օրինակ բերեցիք հոդվածում` մտածելու և շատ բաներ վերանայելու համար:

    • Ինչպես ասել է մի փիլիսոփա.« մարդը բոլոր իրերի չափանիշն է»: Համենայնդեպս, մարդը չի կարող անտարբեր մնալ իր շուրջը կատարվող երևույթների նկատմամբ, քանի որ նա ունի բանականություն, սիրտ և զգացմունքներ: Ուղղակի պետք է փորձել որքան հնարավոր է ռեալ լինել, միևնույն ժամանակ չկորցնելով ձգտելու ու երազելու կարողությունը:
      Մարդն իր գործադրած ջանքերին համապատասխան արդյունքներ է ստանում: Ուստի լեռան բարձունքը հաղթահարում է նա, ով մեծ ցանկությամբ սկսում է վերելքը՝ առանց ետ նայելու:
      Այո, երբեմն մարդիկ ստիպված են զգալ ոզնու փշերը: Սակայն եթե մարդիկ այդքան հեշտությամբ կարողանային մի կողմ հրել և ազատվել նրանից, ամեն ինչ այլ կլիներ: Հաջողության ճանապարհին մարդը պետք է զգա նաև ոզնու փշերը: Ցավոք, շատ մարդիկ չեն դիմանում այդ ծակոցներին և մի կողմ են դնում իրենց երազանքը:
      Փորձենք ազատվել « փշոտ ոզնուց», բայց հարկ եղած դեպքում դիմանանք նրան՝ հանուն հաջողության:

  • Շատ լավ հոդված էր, իհարկե եթե կարողանանք շատ ճիշտ կողմնորոշվենք հրաշալի կլինի, բայց նույնիսկ եթե երկմտում ենք պետք է գործել, ընթացքում ամեն ինչ պարզ կլինի, եթե դանդաղում ենք մի օր զարմանքով նկատելու ենք որ ինչ որ մեկն արդեն հասցրել է իրականացնել մեր երազանքը:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»