Հեղինակային առակներ

Միամիտը.առակ

Անտոնը հաջողակ գործարար էր: Իր 36 տարեկանում արդեն հասցրել էր ստեղծել մի քանի ընկերություն: Նրան էր պատկանում սպորտային հագուստի խոշորագույն ցանցն իր քաղաքում, նա Antidea ինովացիոն կենտրոնի հիմնադիրն էր և այժմ էլ աշխատում էր հեռուստատեսային նոր նախագծի վրա, որը պետք է հեղափոխություն մտցներ հեռուստատեսային աշխարհում:

Անտոնին շատերը միամիտ էին համարում: Մի օր ընկերների հետ զբոսնում էր քաղաքում, երբ նրան մի մարդ մոտեցավ, պատմեց որ ինքը հիվանդ է, բուժման կարիք ունի, բայց դեղորայքի փող չունի և փող խնդրեց: Անտոնի տրամադրությունը այդ օրը բարձր էր: Գրպանից հանեց և 20 000 դրամ տվեց: «Միթե չզգացիր, որ նա քեզ խաբեց, նա ոչ մի հիվանդ էլ չէր, շատ միամիտն ես, Անտոն», — զարմացան ընկերները:

Բայց Անտոնն այլ կերպ էր մտածում. «Եթե մարդն այդ օրն է ընկել, որ փողոցում փող է խնդրում, ուրեմն նա դրա կարիքը հաստատ ունի և կարևոր չէ՝ հիվանդ է նա, թե ոչ: Միգուցե խաբեց, կամ ոչ, ես չգիտեմ և դա կարևոր էլ չէ: Թող նա իրեն լավ զգա, իսկ ես մարդուն լավություն արեցի: Վերջիվերջո՝ այդ հնարավորությունը ես ունեմ»: Բայց իհարկե, ընկերներին այդ ամենը նա չբացատրեց: Ինչի՞ համար:

Մի օր էլ գնացել էր կոստյում կարելու: Երբ վերադարձավ տուն, ճանապարհին հանդիպեց հարևանին: Սկսեցին խոսել, պատմեց նաև կոստյումի մասին: Երբ հարևանն իմացավ, որ կոստյում կարելու դիմաց դերձակը նրանից 1000$ է խնդրել, ապշեց և ասաց. «Շատ միամիտն ես Անտոն, ո՞վ է 1000$-ով կոստյում կարում, այն 300-400$ արժե: Խաբել է քեզ»:

«Միթե՞, — մտքում ժպտաց Անտոնը, — բայց չէ՞ որ դա էլ լավության մի ձև է: Ես կիսվում եմ մարդկանց հետ այն ամենի մի մասով, ինչը ես ունեմ: Բացի այդ էլ, դերձակն ինձ չէր վերաբերվում այնպես, ինչպես մյուսներին: Ես ընդամենը նվիրեցի նրան այն, ինչը նա կարծում էր, որ ինձանից խլեց: Իսկ հաջորդ անգամ՝ ես նրա մոտ չեմ գնա»: Բայց հարևանին կրկին ոչինչ չասեց: Ինչի՞ համար:

Այդպես Անտոնի կյանքում տարբեր դեպքեր էին պատահում: Բայց ինչքան շատ էր Անտոնը տալիս մարդկանց, այնքան ավելի շատ էր նա ստանում: Ինչքան շատ էր նա օգնում, այնքան նրա գործերն ավելի էին լավանում: Բայց մարդիկ դա չէին տեսնում:

«Ինձ միամիտ են համարում մարդիկ, ովքեր չեն հասել այն արդյունքների մի մասին գոնե, որոնք ես ունեմ, — մտածում էր Անտոնը, — միթե՞ ես միամիտ եմ»:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»