Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Նամակ ապագայից

Տարօրինակ նամակ ստացա: Ծրարն անհայտ ինչ-որ նյութից էր, չհասկացա էլ, թուղթ էր դա, թե ինչ: Հեղինակի անուն նշված չէր, միայն գրված էր. «Մի մարդուց, ով ճանաչում է քեզ բոլորից լավ»: Բացեցի ու սկսեցի կարդալ.

«Բարև բարեկամ,
Գրում եմ քեզ այս նամակը, հավատալով, որ այն քո կյանքին նոր շունչ կհաղորդի: Հիմա երևի պառկած ես բազմոցին կամ նստած համակարգչի առաջ. չգիտես ինչ անես, ինչու անես: Վե՛ր կաց: Քո ի՞նչ ժամանակն է անգործ նստելու: Նայիր դուրս. անծայրածիր աշխարհ, բազմաթիվ հնարավորություններ, չնվաճված տարածքներ: Ի՞սկ դու: Հաղթահարի՛ր ալարկոտությունդ: Գործողությունների անցի՛ր: Բարձրացրու ձեռքերդ վեր ու ինքդ քեզ ասա. «Ես սկսո՛ւմ եմ»:

Մի օր այդ հնարավորությունը չես ունենա: Սկսի՛ր հենց հիմա, մի սպասիր: Մի՛ վախեցիր, մի՛ կասկածիր: Սկսիր մաքուր սրտով: Մի պահիր քո մեջ ատելություն: Տարիների ընթացքում այն քեզ կքայքայի ներսից: Ժամանակն անցնում է. գնահատիր այն: Մի օր ամեն ինչ կտաս, որպեսզի վերադառնաս այն ժամանակները, որում հիմա ապրում ես: Վայելի՛ր: Վայելիր այն մարդկանց ներկայությունը, որոնք քո կողքին են: Միթե՞ դրանից երջանիկ բան կա: Ստեղծի՛ր-ստեղծի՛ր-ստեղծի՛ր: Ստեղծիր այլ մարդկանց համար: Հետք թո՛ղ: Մի բարկացիր, մի նյարդայնացիր, մի տխրիր, մի հիասթափվիր: Կանես դա հետո, երբ անելու ոչինչ չունենաս: Դարձիր աշխարհի մի մասնիկը, այլ ոչ թե մասնիկը քո տան: Գրում եմ այս նամակը քեզ հավատալով, որ դեռ կարող ես ամեն ինչ փոխել»:

Ու հանկարծ.. Նամակի վերջում գրված էր անունս, տակն էլ՝ 2062 թվական: Միգուցե՞ ինչ-որ մեկի կատակն էր..

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

23 մեկնաբանություն

    • Luka ջան, պարզ, հասարակ բառերով գրված, բայց այնքան հուզիչ ու գեղեցիկ էր:
      Այսօր ինձ ուղղակի անհրաժեշտ էր կարդալ այսպիսի նամակ. շնորհակալություն: 2062 թվականը խորհրդանշում է հետևյալը. կարծես ինչ-որ հրաշքով դուք հանդիպում եք ձեր մյուս եսին և նայում ձեզ՝ հետադարձ հայացքով: Մենք ի վերջո կորցնելու ենք մեր երիտասարդությունն ու այժմյան հնարավորությունները: Ուստի՝ պետք է օգտագործել հնարավորություններն ու հասնել բարձունքների:
      Կա մի հայտնի ասացվածք.«Երիտասարդն ասում է՝եթե ես իմանայի, իսկ ծերունին՝ եթե ես կարողանայի»: Այժմ մենք ուժեղ ենք, ունենք բազմաթիվ հնարավորություններ, որոնք չենք ունենալու տասնյակ տարիներ անց: Կարծես դուք նայել եք այն եսի աշխարհից, որն այլևս ընդունակ չէ գործել և փոխել իր կյանքը:
      Միայն մենք ինքներս կարող ենք մեզ ճանաչել բոլորից լավ, իմանալ մեր հոգու խորքում ապրող երազների ու հույզերի մասին:
      Առհասարակ, նամակը հրաշալի եղանակ է արտահայտելու այն ամենը՝ ինչը գուցե չկարողանանք ասել խոսքերով:
      Ես սիրում եմ նամակներ գրել, որոնց միջոցով կարողանում եմ ինքնաարտահայտվել և ներկայացնել իմ աշխարհայացքը: Այդ նամակներն ուղղում եմ մարդկանց, միաժամանակ՝ ինքս ինձ:

      • Ալլա ջան լավ հասկացար նամակի իմաստը 🙂 Նամակը գրողը հենց մեզանից յուրաքանչյուրն է, որը ապագայից նամակ է ուղարկում իրեն, երբ դեռ երիտասարդ է: Եվ այն ամենը, ինչը չի հասցրել անել, փորձում է նամակով ոգևորել ինքն իրեն երիտասարդ հասակում, որպեսզի անի:

    • Համաձայն եմ Ալեքսանդրա ջան, հեշտ է ասել, դժվար է անել: Բայց հենց դրա մասին է խոսքը, թող դժվար լինի, թող վախից դող տա վրաներս, բայց եթե անենք, վախը քիչ-քիչ կվերանա, բնավորություն կդառնա ու հետագայում ավելի հեշտ կլինի:

      Երբեմն, երբ ես ինչ-որ համարձակ քայլ եմ փորձում անել, ներսումս դող է սկսում, ոչ ոք դա չի տեսնում, միայն ես գիտեմ: Ու դա բոլոր շանսերն ունի, որ ստիպի չանել այն, ինչ պատրաստվում էի անել: Բայց եթե այնուամենայնիվ անում ես, վախը վերանում է:

  • Ես հիմա իրոք կարիք ունեմ լսել մոտիվացիոն տեքստեր:
    Հասկանում եմ` երբ մարդ իրեն միշտ վախ, կասկած է լինում, հասկանում եմ նաև, որ անհավանական հաջողությունների համար անհավանական ջանքեր են հարկավոր:
    բայց հնարավոր է չէ, որ մարդ գերագնահատում է իր հնարավորությունները? հնարավոր է չէ ուղղակի վերցնել ու չհաջողել?

    • Իհարկե հնարավոր է Ալեքսանդրա ջան: Գերագնահատել պետք չէ, պետք է ընդամենը օգտագործել եղած հնարավորությունները: Բայց մինչև չօգտագործես, չես կարող հասկանալ իրականում դու ինչ հնարավորություններ ունես:

      Հետո, ինչ է նշանակում չհաջողել? Եթե այդ չհաջողելու արդյունքում կյանքին վնաս չի սպառնում կամ անդառնալի ինչ-որ հետևանքներ չկան, թող չհաջողվի: Ամեն ինչ կախված է, թե ինչի մասին է խոսքը: Եթե խոսքը մեծ նպատակի կամ երազանքի մասին է, անհաջողությունից պետք չէ հիասթավել:

  • Ինչ լավ էր գրված, ով էլ որ գրել է ապրի ինքը:Luka ջան ինձ թվումա, որ պետքա ուրախ լինես, որովհետև այս նամակը այնքան ինչքան, որ ինձ վրա տպավորություն թողեց արդեն պատկերացնում եմ, թե դու հիմա ինչ ես զգում:

      • հաաա հասկացա….շատ կուզեի, որ միշտ այս խոսքերը մտքումս լինեին:Բայց միշտ չի, որ ստացվումա, որովհետև այնքան շուտ ենք մենք հիասթափվում ու տխրում որ մոռանում ենք այս կարևոր խոսքերի մասին:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»