Հաջողության գաղտնիքներ

Պարզ ու անկեղծ զրույց

Հեղինակ Marine Amiryan

— Ամեն ինչ վատ է:

— Իսկապե՞ս: Ինչպե՞ս կարող է ամեն ինչ վատ լինել: Ավելի կոնկրետ նշիր, թե ինչ նկատի ունես:

— Աշխատանք չունեմ, առողջությունս այնքան էլ ամուր չէ, ամուսնացած չեմ, դրամապանակս դատարկ է, ընկերներիս ամիսներով չեմ տեսնում…

— Հմմ… փորձիր գտնել այնպիսի լուսավոր կետեր, որ կան քո կյանքում:

— Ես… ազատ մարդ եմ, ստացել եմ բարձրագույն կրթություն, դեռ երիտասարդ եմ: Հետո՝ հրաշալի ծնողներ ունեմ, ովքեր դժվարին իրավիճակներում միշտ կողքիս են…

— Իսկ ինչո՞ւ չես աշխատում:

— Չգիտեմ, հավանաբար այնպիսի գործ չեմ գտնում, որ կարողանամ գիտելիքներս լիարժեք կիրառել, մասնագիտական աճի հեռանկար տեսնել և, ամենակարևորը, ընտրածս մասնագիտությամբ աշխատել:

— Փաստորեն ինքնագնահատականդ ցածր չէ. դա լավ է: Ասեցիր, որ ընկերներիդ հետ հազվադեպ ես հանդիպում, ինչո՞ւ:

— Ինչպե՞ս դատարկաձեռն գնամ հանդիպման: Առանց դրամի չեմ կարող հավաքույթներ կազմակերպել:

— Նաև՝ անքաղաքավարի ու աներես չես: Առողջության հետ կապված ի՞նչ խնդիրներ ունես:

— Ուշ եմ քնում, նյարդերս չեմ խնայում, չարաշահում եմ քաղցր և յուղոտ սնունդը, իմանալով, որ նստակյաց կյանքն ու ծխախոտը առողջ ապրելակերպի թշնամիներն են՝ չեմ հրաժարվում վատ սովորություններից:

— Հիանալի ինքնաքննադատություն, վատ չէ: Կարող էիր ամուսնանալ, չէ՞, բայց մերժել ես բոլոր առաջարկները:

— Այո, առանց սիրո չեմ ցանկանում ընտանիք կազմել, հետո՝ պիտի ընդհանուր հետաքրքրություններ լինեն, նաև՝ փոխադարձ հարգանք ու վստահություն:

— Բրավո, անպայման կհանդիպես նրան, ում փնտրում ես: Իսկ հիմա ի՞նչ ես պատրաստվում անել:

— Կփորձեմ այս իրավիճակից դուրս գալ: Ես ուժեղ մարդ եմ:

— Այդպես էլ կլինի: Երբ հաղթահարես խնդիրներդ և հաջողություն ունենաս, անպայման տեղեկացրու ինձ:

— Բարի:

Ինչ-որ ժամանակ անց:

— Ամեն ինչ շատ լավ է:

Իսկապե՞ս: Ինչպե՞ս կարող է ամեն ինչ լավ լինել: Ավելի կոնկրետ նշիր, թե ինչ նկատի ունես:

— Աշխատանք ունեմ, բարձր եկամուտ, նվիրված ամուսին, հրաշալի ընկերներ: Թողել եմ ծխելը, սպորտով եմ զբաղվում, լավ ինքնազգացողություն ունեմ և ամուր առողջություն:

— Իսկ ծնողնե՞րդ:

— Նրանք մահացել են:

— Ցավում եմ, ամուսինդ քեզ սիրո՞ւմ է, փոխադարձ հարգանք և վստահություն կա՞:

— Այո, միայն երեխա չունենք: Ամուսինս որոշ խնդիրներ ունի, բուժվում է: Շատ ենք ուզում երեխաներ ունենալ, բայց…

— Առանց երեխայի իսկապես ընտանիքն ամբողջական չի կարող լինել: Աշխատանքումդ ի՞նչ դրական առաջընթաց կա:

— Դե աշխատավարձս բարձր է, տնօրենս բարի ու ազնիվ մարդ է, աշխատակիցներիս հետ շփումը ընկերական է, բայց…

— Բա՞յց…

— Սա իմ երազած աշխատանքը չէ, մասնագիտությանս հետ կապ չունի:

— Ափսոս, իսկ ընկերներիդ հաճա՞խ ես տեսնում:

— Այո, միայն թե այն ժամանակ մեր հանդիպումներն ավելի ջերմ էին՝ խենթություններ էինք անում, հետաքրքիր հավաքույթներ կազմակերպում, այժմ մեր շփումը մի տեսակ ձևական է դարձել:

— Լավ չէ:

— Ինչո՞ւ է այդպես ստացվել, սխալվե՞լ եմ:

— Ոչ, պարզապես մի քանի ճանապարհներից ընտրել ես այս տարբերակը: Ճիշտ ու սխալ չկա, ինչ ճանապարհ էլ ընտրես, ինչ-որ բան կորցնելու ես: Ընտրության մի քանի  հնարավորություն էլ դեռ ունես: Կհանդիպենք…

Հեղինակի մասին

Marine Amiryan

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»