Մտորումներ

Մենք միշտ ժամանակից հետ ենք

Եթե 500 տարի առաջ մարդկանց ասեին, որ մի օր իրենք ոչ թե ձի են քշելու, այլ մեքենա, թռնելու են օդով և աշխարհի մի ծայրից մյուսը խոսելու են հեռախոսով, մարդիկ միգուցե ասողին խելագար անվանեին, իսկ միգուցե նաև այրեին խարույկի վրա 🙂 Դա շատ զարմանալի է, թե ինչպես է մարդկությունն անընդհատ ինքնակատարելագործվում: Այն, ինչ հիմա մեզ գերժամանակակից է թվում, տարիներ անց սերունդների մոտ ծիծաղ է առաջացնելու: Մեր պապերն ու տատերը մինչև հիմա էլ զարմանում են, թե ինչպես ենք մենք համակարգչով աշխատում, ինչպես է համացանցում գումար պահվում, ինչպես է բանկոմատում այդքա՜ն փող տեղավորվում: Մարդկության այդ առաջընթացը նույնիսկ մենք ենք զգում: Կարծես երեկ լիներ, որ Floppy սկավառակ էինք օգտագործում և «Վազ» մակնիշի մեքենա երազում, իսկ այսօր 64Գբ կրիչ ու Bentley ենք ուզում:

Դա շատ լավ է, որ մարդկությունն անընդհատ առաջ է շարժվում: Ինչքան էլ ցավալի է, որ այդ առաջընթացի միայն մի մասը կարող ենք տեսնել, բայց թող այդ աճը միշտ լինի: Թող որ մի օր էլ մեր թոռնիկները մեզ վրա ծիծաղեն, երբ մենք չհասկանանք, թե ինչպես են մարդիկ վիրտուալ դռներով անցնում կամ հաց ուտելու փոխարեն փոքրիկ հաբերով կշտանում: Մարդու ուղեղն անընդհատ զարգանում է: Երբեմն մտքովդ անցնում է՝ իսկ ի՞նչ է լինելու վերջը, ինչքա՞ն պետք է զարգանանք, ինչե՞ր պետք է հորինենք, ինչե՞ր պետք է ստեղծենք… Որքան մեծ են հնարավորություններ, հասկանում եք, չէ՞: Ստեղծող մարդու համար ժամանակն ինքն է պայմաններ ստեղծում, հնարավորություններն իրենք են ընդառաջ վազում: Ում մտքով կանցներ 30 տարի առաջ, որ մարդը, մեկ կայք ստեղծելով, միլիարդատեր կարող է դառնալ: Ժամանակին գերհարուստները աշխատում, չարչարվում էին, նավթ էին քաշում, ոսկի փնտրում, իսկ այսօր՝ ընդամենը մեկ կայք:

Իրոք զարմանալի բան է կյանքը՝ զարմանալի և անչափ հետաքրքիր: Զարմանալի, որովհետև մենք անընդհատ իմանում ենք նորը, ինչը ժամանակին մտքներովս չէր էլ անցնում և մեզ հրաշք էր թվում, և հետաքրքիր, քանի որ այդ «հրաշքները» մենք տեսնում ենք: Եվ ոչ միայն տեսնում ենք, այլև հնարավորություն ունենք դրանց մի մասը ստեղծելու: Չէ որ ստեղծողներն այլ մոլորակներից չեն ժամանել, դրանք կրկին մենք ենք՝ մեր հայրերը, պապերը, ընկերները: Այնպես որ, հարգելի ընթերցող, հիշիր՝ որքան ժամանակն անցնում է, այնքան նոր հնարավորություններ են քո առջև բացվում: Բաց մի՛ թող դրանք: Բայց նույնիսկ, եթե բաց էլ թողնես, վայելիր կյանքը, վայելիր այն վիճակով, որով այն կա: Չէ՞ որ դրանից ավելի լավ բան չկա, ապրել…

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»