Գրքեր անձնային աճի մասին

Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքերի միջոցով ես կփորձեմ Ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար: -Հ. Մանուկյան


   


Մտորումներ

Ձյունե եղևնին

Ամեն տարեմուտ անցած ամանորյա օրերի հիշողությունն է, որը պարուրում է մեզ նորանոր երազներով: Այդ հիշողությունները մեզ համար այնքան թանկ են, որքան գալիք երջանկության սպասումները:

Իմ մանկության տարիներին ես հաճախ էի այցելում տատիկիս, ով ապրում էր գյուղում: Տատիկիս տան կողքին կար մի եղևնի, որի ճյուղերը տարածվում էին տանիքից բարձր: Մի անգամ, երբ գիշերն առատ ձյուն էր տեղացել, ես մայրիկիս հետ գնացի տատիկիս տուն: Դժվարությամբ՝ ձյուների միջով ճանապարհ հարթելով, հասանք այնտեղ: Եղևնին նմանվում էր ձյունե զգեստ հագած տոնածառի: Կարծես ինչ-որ մեկը զարդարել էր նրան: Արևի ճառագայթները՝ ձուլվելով եղևնու ճյուղերին, նմանվում էին վառվող կանթեղների, որոնք պսպղում էին և ստիպում ինձ կկոցել աչքերս: Այդ օրվանից ես երազում էի ձյունե եղևնու մասին: Այնպես էի ուզում, որ Ձմեռ պապն ինձ նվիրեր այն: Ամանորյա տոներին ես կունենայի աշխարհի ամենագեղեցիկ տոնածառը:

Այդ տարի՝ Ամանորի գիշերը, մայրս հորդորում էր քնել, որպեսզի Ձմեռ պապն այցելի ինձ: Շուրջս  վառվում էր Ամանորի հեքիաթը. հյուրասենյակի աջ անկյունում կանգնած էր եղևնին: Նա զարդարված էր բազմաթիվ խաղալիքներով, երփներանգ փայլերով ու լույսերով, որոնք նմանվում էին հուրհրացող արևների: Սրտի թրթիռով ու անհամբերությամբ էի սպասում Ձմեռ պապին:
Ահա մեկը բացեց հյուրասենյակի դուռը:
Ձմեռ պապն էր, այն  բարի ծերունին, ով գալիս էր իմ երազների աշխարհից:
Նրա սպիտակ մորուքն ու վառ կարմիր զգեստն ամբողջացնում էին Ամանորի կախարդանքը:
— Բարև՛ փոքրիկս, ես ձմեռ պապն եմ:
— Դու իրակա՞ն ես, — հարցրեցի ես:
Նա ժպտաց.
— Իրական է այն՝ ինչին կարողանում ես հավատալ:
Ձմեռ պապը  մեկնեց ինձ նվերներով լի պարկը:
Երբ բացեցի այն, մատներս շոյող քնքշություն զգացի. դա մի դեղին թութակ էր՝ սպիտակ նախշերով:
Ես  շատ ուրախացա.
— Ես միշտ երազել եմ խոսող թութակ ունենալու մասին: Նա կարո՞ղ է խոսել:
Ձմեռ պապը պատասխանեց.
— Այո՛, բնությունն օժտել է թութակին խոսելու կարողությամբ:
— Ուզում եմ, որ թութակն ինձ պատմի բնության, անտառի ձայների ու երկնքի մասին, — ասացի ես:
— Նա միայն  կարող է կրկնել քո խոսքերը, — ասաց Ձմեռ պապը:
Տխրեցի, որ թութակը միայն կրկնող է լինելու, սակայն չէի կարող հրաժարվել նրանից.  չէ՞ որ ես շատ էի ուզում թութակ ունենալ:
Նվերների պարկը լի էր նաև անուշաբույր քաղցրավենիքներով:
— Սա կախարդական գիշեր է: Այժմ ես կարող եմ իրականացնել քո ամենանվիրական ցանկությունները, — ասաց Ձմեռ պապը:
Խնդրեցի նրանից ձյունապատ դարձնել մեր կանաչ տոնածառը.
— Ես երազում եմ ունենալ մի եղևնի, որը զարդարված կլինի ձյունե զգեստներով:
Քիչ անց եղևնին վերից վար պատվեց ձյան երազափայլ սաղարթով:
— Սա իմ ձյունե եղևնին է, — բացականչեցի ես և մոտեցա նրան:

Հիացած նայում էի եղևնուն, համոզվում, որ այն իսկապես ձյունապատ է դարձել: Ձյունե եղևնին կաթնագույն երազ էր, որն ուզում էր դիմանալ երկրային իրականությանը: Այն մաքուր ու գեղեցիկ էր, ինչպես իմ ճերմակ անուրջները: Ես կարծես մոռացել էի տոնածառի խաղալիքների ու փայլերի մասին, քանի որ ձյունն ամենագեղեցիկ զարդարանքն էր իմ եղևնու վրա: Հրաշք էր, մի թովիչ հեքիաթ, լուսե անրջանք, որից չէի ուզում արթնանալ: Ես կանգնած էի իմ իրականացած երազանքի առաջ: Սենյակում կարմրել էր փայտե վառարանը: Րոպեներ անց ձյունը սկսեց հալվել և հոսել առվակի նման: Ասես կախարդանքը չքացավ և եղևնին դարձավ առաջվանը՝ պատված լույսերով ու փայլփլուն խաղալիքներով: Տխրությունը պատեց ինձ.
— Ձմեռ պապ, ես կորցրի իմ ձյունե եղևնուն: Նա հալվեց սենյակի ջերմությունից:
— Մի՛  տխրիր, — ասաց նա, — Քո եղևնին դեռ կանգուն է. այն իր կանաչների մեջ է:
— Ինչպե՞ս է, որ եղևնին չհալվեց և դարձավ առաջվանը, — հետաքրքրվեցի ես:
— Ձյունե եղևնին արդեն ամբողջությամբ հալված կլիներ, — ասաց Ձմեռ պապը: Ես գիտեի, որ նա չի դիմանա սենյակի ջերմությանը: Այդ պատճառով, ձյունապատ դարձրի միայն տոնածառի խաղալիքներն ու փայլերը: Ահա թե որն է աշխարհի ամենալավ եղևնին. դրսից սպիտակ, իսկ ներսից՝ մշտադալար կանաչ: Ձյունը չափազանց թույլ է ջերմությանը դիմանալու համար:
Ես լաց եղա.
— Ինչու՞ է ձյունն այսպիսին:
Ձմեռ պապն ասաց.
— Փոքրիկս, դու արդեն գիտես, որ միևնույն վայրում չեն կարող ապրել ձյունն ու ջերմությունը: Սակայն դա այնքան էլ կարևոր չէ. քո եղևնին կանաչ է և կանգուն: Ձյան հալոցքը չկարողացավ խոնարհել նրա ճյուղերը:
Հետզհետե սկսեցի ժպտալ և տխրությունս  չքացավ. չէ՞ որ դեռ կանգուն էր իմ եղևնին: Թեկուզ և այն արդեն ձյունից չէր, բայց զարդարված էր ինչպես մի պճնամոլ աղջիկ:
— Ուզում եմ շուտ մեծանալ, — ասացի ես:
— Ահա առաջին ճշմարտությունը, որ դու իմացար կյանքի մասին: Այսուհետ յուրաքանչյուր տարվա հետ նորանոր բաներ ես սովորելու, — ասաց Ձմեռ պապը:
— Ուրեմն ճշմարտությու՞նն է մեծացնելու ինձ, — հարցրեցի ես:
Նա ուզում էր հեռանալ:
— Ինձ մի լքիր, խնդրում եմ:
— Պետք է գնամ, քանի որ ինձ են սպասում աշխարհի շատ մանուկներ:
— Մենք այլևս չե՞նք հանդիպելու, — հարցրեցի ես:
— Չգիտեմ, — ասաց նա ու  լքեց հյուրասենյակը:

Ես մնացի իմ հարազատների ու կանաչ եղևնու կողքին: Դա մի հրաշալի ու կախարդական գիշեր էր, որը վառեց իմ մանկության ամանորյա հեքիաթը: Ես այդպես էլ չհասկացա. դա երա՞զ էր արդյոք, թե՞ իրականություն: Անցել են տարիներ: Ես այլևս չհանդիպեցի Ձմեռ պապին: Սակայն ինձ հետ է հուշը, մանկության ձյունապատ երազը, որը լուսավորում է իմ կյանքի ուղին: Այդ օրվանից ես հետզհետե բացահայտեցի կյանքի ճշմարտությունները: Ես դեռ հիշում եմ ձյունե եղևնուն, որի  արծաթափայլ սաղարթի տակ թաքնված էին բնության հավերժական կանաչները: Մինչև օրս յուրաքանչյուր տոնածառ ինձ ձյունե եղևնի է թվում:

Ամանորյա  հեքիաթն է շրջում երկրի վրա: Թող որ մեր հույսերով ու ժպիտներով բացվեն գալիք տարվա հաջողության դռները:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ

Հեղինակի մասին

Ամալյա Սուքիասյան

7 մեկնաբանություն

  • Ալլա ջան ուզում եմ շնորհավորել քո Նոր տարին և մաղթել, որ քո բոլոր երազանքներն իրականանան 2013 թվականին: Բարի ամանորյա հեքիաթ էր սա:

    • Շնորհակալ եմ, Հրաչ ջան: Ես սրտանց շնորհավորում եմ քեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ, որ գալիք տարում հասնես այն ամենին՝ ինչին սպասել ես երկար: Շնորհավորում եմ նաև «Հաջողության բլոգ»-ի բոլոր հեղինակներին և ընթերցողներին: Թող որ 2013 թվականը լինի նորանոր գաղափարների ու դրանց իրագործման տարի:

  • Կարդալու ընթացքում մի պահ ինձ մանուկության գրկում զգացի: Շնորհակալություն հրաշք հոդվածի և բարեմաղթանքների համար: Միանում եմ բարեմաղթանքներին և առանց խտրականության, երկիր մոլորակի բոլոր բնակիչներին ցանկանում որ 2013թ լինի Սիրո, Երջանկության, Հաջողության և Խաղաղության տարի:
    ՇՆՈՐՀԱՎՈՐ ԲՈԼՈՐԻՍ ԳԱԼԻՔ ԱՄԱՆՈՐՆ ՈՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ

  • Շնորհակալություն Ալլա ջան, որ ևս մի անգամ մեզ տարար մանկության գիրկը և ստիպեցիր քո հետ միասին հավատալ Ամանորյա հրաշքներին 🙂
    Շնորհավորում եմ բոլորիս Ամանորը և Սուրբ Ծնունդը
    Թող այս նոր տարում իրականանան բոլորիս բարի նպատակները, հաջողությամբ պսակվեն բոլորիս ծրագրերը…Իսկ Հաջողության բլոգին ցանկանում եմ երկար նորանոր հաջողություններ: Թող որ այս բլոգի ջերմությունը երբեք չպակասի 🙂

    • Գոհար ջան մերսի, քո Նոր տարին ու Սուրբ Ծնունդն էլ շնորհավոր, քեզ մեծ երջանկություն ու գործերիդ հաջողություն 🙂 2012-ը լավ էր նաև նրանով, որ քեզ նման լավ ընկեր ունեցանք 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»