Գրքեր անձնային աճի մասին

Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքերի միջոցով ես կփորձեմ Ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար: -Հ. Մանուկյան


   


Հաջողության պատմություններ

Foursquare. սոցիալական ցանցի հաջողության պատմությունը

Թվում է, թե սոցիալական ցանցերի ժամանակաշրջանն արդեն անցել է: Ավանդական սոցիալական ցանցերինը` միգուցե այո, բայց ոչ բազմաթիվ նորարարական ցանցերինը, որոնք առաջարկում են բոլորովին այլ ծառայություններ: Այսօր կխոսենք Foursquare-ի մասին:

Այն հիմնադրվել է 2009թ-ի վերջին 36-ամյա Դենիս Քրոուլիի և ազգությամբ հնդիկ, 31-ամյա Նեյվին Սելվադուրայի կողմից: 2013թ-ի հունվարի տվյալներով Foursquare-ում գրանցվածների թիվը մոտենում է 30 միլիոնին: Իր առաջին ներդրումը սոցիալական ցանցը ստացել է 2009թ-ին` 1,35 միլիոն դոլարի չափով (Union Square Ventures հիմնադրամի կողմից):

Foursquare-ի գաղափարը կայանում է հետևյալում. ձեր հեռախոսի կամ համակարգչի միջոցով քարտեզի վրա դուք նշում եք այն հաստատությունը (ռեստորան, թանգարան, թատրոն, գրասենյակ, և այլն), որում եղել եք (Foursquare-ում դա կոչվում է check in) և ձեր ընկերները հնարավորություն են ստանում տեսնել, թե որտեղ եք դուք եղել, ինչպես նաև կարող են կարդալ ձեր մեկնաբանությունները տվյալ հաստատության մասին: Օրինակ, մինչև նոր ռեստորան գնալը, Foursquare-ի միջոցով դուք կարող եք իմանալ, թե ինչ կարծիք ունեն մարդիկ դրա մասին կամ կարող եք իմանալ, թե ինչ զեղչեր են գործում այն խանութում, որը պատրաստվում եք այցելել: Ի տարբերություն նմանատիպ այլ նախագծերի, որոնք գործում էին մինչև Foursquare-ը, վերջինիս առավելությունը կայանում է նրանում, որ դրանում ստեղծված է հնարավորինս «խաղային» մթնոլորտ: Օրինակ, դուք կարող եք դառնալ այն հաստատության «տերը», որը հաճախակի այցելում եք: Արվում է դա այսպես. այն մարդը, ով վերջին 60 օրերի ընթացքում check in է եղել տվյալ հաստատությունում ավելի շատ, քան մյուսները (սկզբունքը հետևյալն է` 1 օր — 1 check in) և եթե նա իր պրոֆիլում ունի նկար, ապա համարվում է տվյալ հաստատության «քաղաքագլուխը» (mayor) և մնում է այդ «պաշտոնում» այնքան ժամանակ` մինչև ինչ-որ մեկը կգերազանցի այդ ցուցանիշը: Նաև, Foursquare-ում հնարավոր է հավաքել միավորներ (կախված ձեր check in-ների և այն հաստատությունների քանակից, որոնք դուք ավելացրել եք) և ձեռք բերել հատուկ նշաններ (Badge-եր):

Մինչև Foursquare-ը ստեղծելը` Դենիսն արդեն ուներ աշխատանքի փորձ նմանատիպ այլ նախագծի հետ: Նյու-Յորքյան համալսարանում իր դիպլոմային աշխատանքի շրջանակում նա ընկերոջ հետ արդեն ստեղծել էր Dodgeball համակարգը, որը գնեց Google-ը 2005թ-ին, իսկ 2009թ-ին փոխարինեց այն իր Google Latitude նոր համակարգով: 2010թ-ին Foursquare-ը մտնում է ներդրումների հաջորդ փուլ` ստանալով ևս 20 միլիոն դոլար ֆինանսավորում: Այդ պահին ընկերությունում, որի գրասենյակը գտնվում էր Նյու Յորքում, աշխատում էր 27 մարդ, իսկ ցանցում գրանցված էին մոտ 1,8 միլիոն օգտատերեր: Հենց այդ ժամանակ էլ ընկերություն է հրավիրվում Google-ի նախկին մարքեթոլոգ Ջոն Սթեյնբեքը (Jon Steinback), որը սկսում է ակտիվ առաջխաղացնել նախագիծը` սկսելով համագործակցել խոշոր ընկերությունների հետ: Արդյունքում, 2011թ-ի ապրիլի տվյալներով ցանցում գրանցված էր մոտ 8 միլիոն մարդ և օրեկան գրանցվում էին միջինում 35 հազար նոր օգտատերեր:

Չնայած նման հաջողություններին` Foursquare-ն առայժմ խնդիրներ ունի նախագիծը մոնետիզացնելու հետ: 2012թ-ին այն ունեցել է ընդամենը 2 միլիոն դոլարի եկամուտ (Facebook-ն, օրինակ, ստեղծվելուց 4 տարի անց աշխատել էր 153 միլիոն դոլար) և ներդրողները հրաժարվում են շարունակել ֆինանսավորումը, քանի դեռ Foursquare-ը չի բարելավել իր ֆինանսական ցուցանիշները և չի հստակեցրել իր բիզնես մոդելը: Իսկ ֆինանսական հետազոտություններ անցկացնող PrivCo ընկերությունը արել է կանխատեսում, որի համաձայն 2013թ-ին Foursquare-ը կարող է վաճառվել ավելի ցածր գնով, քան ընդհանուր ներդրումների թիվը` 71 միլիոն դոլար: Ամեն դեպքում, ինչ էլ լինի Foursquare-ի հետ, կարծում եմ այն արդեն փոխել է իր հիմնադիրների և բազմաթիվ մարդկանց կյանքը և դա ամենակարևորն է:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»