Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Առակ աշխատասիրության և նպատակասլացության մասին

Հեղինակ՝ Davit

Շատերին հայտնի են հայկական իշխանական տների մասին պատմությունները: Հայկական իշխանական ընտանիքներում ընտանեկան կալվածքն ամբողջությամբ անցնում էր հորից որդուն, իսկ մյուսներին տրվում էր այդ կալվածքներում բնակվելու իրավունք, բայց ոչ երբեք սեփականության: Իշխանական տոհմերի առաջնորդներն ամեն ինչ անում էին, որպեսզի իրենցից հետո իշխանությունը պահպանի իր հզորությունը, իսկ դրա համար անհրաժեշտ էր ունենալ խելացի և նպատակասլաց ժառանգորդ:

Իշխաններից մեկը, երբ գալիս է ժառանգորդ ընտրելու ժամանակը, կանչում է իր մոտ որդիներին և ասում.
— Իմ քաջ որդիներ, դուք բոլորդ էլ արդեն հասուն տղաներ եք և եկել է ժամանակը, որ ես ընտրեմ ձեզանից մեկին որպես իմ ժառանգորդ: Դրա համար մենք վաղը միասին կմեկնենք բերքահավաքի, որտեղ էլ պարզ կդառնա, թե ձեզանից ով կլինի իմ ժառանգորդը:

Հաջորդ առավոտյան իշխանը որդիների հետ մեկնեց իշխանական այգիներից մեկը և որդիներին պատվիրեց սկսել բերքահավաքը, բայց մի պայմանով, որ բոլորը քաղեն նույն ծառի պտուղները, իսկ ինքը սկսեց ուշադրությամբ հետևել նրանց աշխատանքին: Բերքահավաքից հետո իշխանը կայացրեց իր որոշումը և իրոք` որդիներից ամենաաշխատասերն ու նպատակասլացը ժառանգեց նրա ողջ կարողությունը: Սակայն որոշումը մյուս որդիների մոտ դժգոհություն առաջացրեց: Նրանց համար հասկանալի չէր, թե որն էր իշխանի ընտրության պատճառը: Զգալով որդիների դժգոհությունը` իշխանը կանչեց նրանց իր մոտ և ասաց.

— Որդիներս, ես տեսնում եմ, որ դուք համաձայն չեք իմ որոշման հետ, այդ պատճառով կասեմ ձեզ դրա պատճառը: Երբ դուք սկսեցիք բերքահավաքը, ես ուշադիր հետևում էի ձեզ և նկատեցի, որ դուք քաղում էիք միայն ծառի ներքևում գտնվող պտուղները և հեշտությամբ կատարեցիք ձեր առաջադրանքը: Ձեզանից միայն մեկը, դժվարությամբ ու ռիսկի դիմելով, բարձրացավ ծառի վրա և քաղեց վերևի պտուղները և հենց նրան էլ ես ընտրեցի, քանի որ կյանքը նման է բերքահավաքի. ծառի ներքևում աճող պտուղներն ավելի հասանելի են, սակայն դրանք չունեն այն համն ու տեսքը, ինչպես ծառի վերևում աճող պտուղները, որոնք ստանում են ավելի շատ արևի էներգիա և ավելի պաշտպանված են: Սովորական մարդիկ բավարարվում են ներքևի պտուղներով միգուցե այն պատճառով, որ դրանք հեշտ են տրվում կամ նրանք երբեք չեն փորձել վերևի պտուղները, իսկ առավել նպատակասլացները ջանք են թափում, ռիսկի դիմելով և վտանգելով իրենց, բարձրանում են ծառը և համտեսում դրանք: Կյանքում միշտ պետք է ռիսկի դիմել, որպեսզի հասնել կյանքի տված ամենալավ բաներին, բայց մի բան պետք է հիշել, որ լավագույնը միշտ էլ պահանջում է ռիսկ, նպատակասլացություն և հեռատեսություն, հակառակ դեպքում` դրան կհասնեին բոլորը և դա չէր կոչվի լավագույնը:

Հեղինակի մասին

Davit

9 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»