Ստարտափ

Սոցիալական ցանց բիզնեսի համար. Yammer.com

2008թ-ի սեպտեմբերին TechCrunch50 ստարտափների մրցույթի ժամանակ երկու երիտասարդ գործարարներ՝ Դեյվիդ Սաքսը և Ադամ Պիզոնին, ներկայացնում են իրենց նոր նախագիծը՝ սոցիալական ցանց բիզնեսի համար՝ yammer.com: Առաջ անցնելով ասեմ, որ նախագիծը հաղթում է մրցանակաբաշխությունում, իսկ չորս տարի անց՝ 2012թ-ին, Microsoft-ը ձեռք է բերում այն 1,2 միլիարդ դոլարով: Զարմանալի է.. Որքան նավթի, գազի ու ոսկու հանքեր ժամանակին պետք է մարդիկ գտնեին, որպեսզի 3-4 տարում նման արդյունքների հասնեին 🙂 Yammer-ի շուկա մտնելուց հետո հայտնվում են նմանատիպ այլ սոցիալական ցանցեր (օրինակ chatter.com-ը), սակայն ոչ ոքի առայժմ չի հաջողվել կրկնել yammer-ի հաջողությունը:

Եթե պարզ ասենք, yammer-ը facebook է բիզնեսի համար: Գրանցվելով կայքում՝ ընկերությունները բացում են իրենց պրոֆայլները, որոնք տեսանելի են միայն սահմանափակ թվով մարդկանց համար, ավելացնում են իրենց աշխատողներին, որոնք կարող են հարցեր տալ, քննարկումներ անել, հարցումներ անցկացնել, փաստաթղթեր կցել և այլն: Այսինքն, այն ամենը, ինչով սովորաբար զբաղվում են մարդիկ ընկերությունում: Առավելությունը կայանում է նրանում, որ Yammer-ի միջոցով ընկերության ամբողջ անձնակազմը «հավաքվում է» մեկ վայրում: Սա կարևոր է հատկապես այն ընկերությունների համար, որոնք ունեն ներկայացուցչություններ տարբեր երկրներում կամ քաղաքներում: 2010թ-ի հոկտեմբերի տվյալներով yammer.com-ում գրանցված էին մոտ 90 000 ընկերություններ՝ այդ թվում Fortune 500 ցանկի ընկերությունների 80%-ը, իսկ գրանցված անդամների թիվն անցնում էր 1 միլիոնը: 2012թ-ին այդ թիվն անցնում էր արդեն 4 միլիոնը:

Yammer-ի հիմնադիրներն անփորձ տղաներ չէին, ինչպես նմանատիպ շատ դեպքերում: Դեյվիդ Սաքսը 1994թ-ին ավարտել էր Սթենֆորդի համալսարանը, 1998թ-ին ստացել էր դոկտորի կոչում Չիկագոյի համալսարանում, մի քանի տարի աշխատել էր որպես մենեջմենթի մասնագետ McKinsey-ում, ապա աշխատել էր Paypal-ում՝ որպես բաժիններից մեկի տնօրեն, այնուհետև 2006թ-ին հիմնել էր geni.com սոցիալական ցանցը, որում 2011թ-ին գրանցված էր մոտ 100 միլիոն պրոֆայլ: Իսկ Ադամ Պիզոնին 1995-1997թ-ին աշխատել էր Shopzilla ընկերությունում՝ որպես վեբ-մշակման բաժնի տնօրեն, 1995թ-ին հիմնադրել էր Cnation ընկերությունը և աշխատել որպես դրա տեխնիկական տնօրեն մինչև 2002թ-ը, ապա սկսել էր աշխատել նաև Geni սոցիալական ցանցում՝ որպես ավագ ինժեներ-ծրագրավորող: Հավանաբար այստեղ էլ նրանք ծանոթացել էին և ծնվել էր Yammer-ի գաղափարը 🙂

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»