Բիզնես և ֆինանսներ

Սկսնակ բիզնեսի տապալման գլխավոր պատճառներից մեկը

Շատերը, ովքեր բիզնեսով են զբաղվել, սակայն նրանց բիզնեսը հաջողություն չի ունեցել, կարծում եմ կհաստատեն, որ դրա գլխավոր պատճառներից մեկն այն է, որ ինչ-որ պահի վերջանում են ֆինանսները: Իսկ քանի որ շահութաբերության կամ նույնիսկ եկամտաբերության, սկսնակ բիզնեսները սովորաբար հասնում են ոչ միանգամից, ապա ֆինանսների անբավարարությունը սկզբնական փուլում նշանակում է մահ բիզնեսի համար: Այնպես որ, հատկապես այդ շրջանում, պետք է մտածված վատնել ամեն մի կոպեկը: Եվ եթե որևէ ծախս անհրաժեշտություն չէ, դրանից պետք է խուսափել, իհարկե, եթե բիզնեսն այնպիսի եկամուտներ չի բերում, որ ֆինանսների մասին ընդհանրապես պետք չէ մտածել:

Ահա թե ինչպես է սովորաբար լինում: Գործընկերները որոշում են բիզնես սկսել և գրանցում են ընկերություն: Ընկերությունն արդեն կա, սակայն ինչ բիզնես, առանց նորմալ գրասենյակի: Վարձում են գրասենյակ, գնում են կահույք, համակարգիչ, նույնիսկ վարձում են աշխատողներ, որոնք այդ պահին դեռ պետք չեն և սկսում են սպասել, թե երբ ընկերությունը եկամուտ կստանա, որպեսզի փակեն այդ բոլոր ծախսերը: Իսկ նույնիսկ ամենափոքր բիզնեսի դեպքում նվազագույն ամսեկան ծախսեր պարտադիր կան՝ հարկեր, հեռախոսի, ինտերնետի և այլ վճարումներ, մարքեթինգ, եթե աշխատողներ կան՝ աշխատավարձ, և այլն: Սակայն քանի որ ընկերությունը դեռ եկամուտ չունի, այդ ծախսերը տանում են նրան դեպի անդունդ:

Կարծում եմ ծանոթ իրավիճակ է, շատերս ենք տեսել կամ ապրել դա: Երբ ես մի քանի տարի առաջ բացեցի փոքրիկ ընկերություն, որը զբաղվելու էր ինտերնետ բիզնեսով, վարձեցի գրասենյակ, քանի որ նախ չգիտեի՝ հնարավո՞ր է արդյոք ունենալ ընկերություն առանց գրասենյակի, և 2-րդը՝ դա թույլ էր տալիս զգալ բիզնեսի համը՝ չէ՞ որ դու ունես ՔՈ ՍԵՓԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ 🙂 Ընդամենը անուրջներ էին.. Մոտ մեկ տարի պահելուց հետո գրասենյակը հանձնեցի, քանի որ դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չկար: Ճիշտ է՝ ֆինանսական առումով դա ինչ-որ խնդիրների առջև չկանգնեցրեց, ամեն դեպքում՝ այդ գումարները կարելի էր ծախսել ինչ-որ բանի վրա, որն իրոք կազդեր ընկերության բիզնեսի վրա՝ կօգներ վաճառքները շատացնել, նոր ծառայություններ մատուցել, ավելի շատ հաճախորդներ ներգրավել, և այլն:

Բայց հիմա այդ ամենը շատ լավ հասկանում եմ: Ուստի նույնը ուզում եմ խորհուրդ տալ նաև ձեզ. բիզնես սկսելուց կարևորը ոչ թե այն է, թե ինչպես է ձեր բիզնեսը երևում այլ մարդկանց աչքերում, այլ այն, թե ինչ է այն իրենից իրոք ներկայացնում: Բիզնես սկսելիս պետք է փորձել հնարավորինս շուտ եկամուտ ստանալ, պետք է անել ամեն ինչ, որպեսզի սկսել վաճառել, հաճախորդներ ներգրավել, և կարևոր չէ՝ դուք դա անում եք տանից, ավտոտնակից, թե գրասենյակից: Նաև կարևոր չէ՝ անում եք դա ինքներդ, ծանոթների օգնությամբ, թե աշխատողների: Շատ դեպքերում, իհարկե, գրասենյակը և մյուսները, որոնց մասին խոսեցինք վերևում, անհրաժեշտ են, օրինակ, երբ ձեր գործունեության ոլորտն այնպիսին է, որ դուք անընդհատ պետք է հանդիպեք հաճախորդների կամ գործընկերների հետ, պայմանագրեր կնքեք, և այլն: Բայց եթե դա այդպես չէ, շքեղ ու հարմարավետ գրասենյակի և մնացածի մասին կմտածեք ավելի ուշ, երբ բիզնես մոդելն իրեն արդարացնի և սկսեք կայուն եկամուտ ստանալ: Իսկ մինչ այդ՝ խուսափեք բոլոր անտեղի ծախսերից և ավելորդություններից:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»