Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Ստարտափ

«Սոցիալական զարթուցիչ». Հրաչիկ Աջամյանի հաջողությունը

budist.ru նախագծի մասին, կարծում եմ, լսել եք: Այն ստեղծվել է Ռուսաստանում, Հրաչիկ Աջամյանի և նրա թիմակիցների կողմից: Նախագիծն իրենից ներկայացնում է կայք և մոբայլ հավելվածներ, որոնց միջոցով մարդիկ առավոտյան կարող են զանգահարել և արթնացնել միմյանց՝ «փոխարինելով» ավանդական զարթուցիչին: Այսինքն, մարդը գրանցվում է կայքում, նշում է ժամը, թե երբ է իրեն անհրաժեշտ արթնանալ և այդ ժամին նրան զանգահարում է անծանոթ մեկը և արթնացնում նրան՝ մաղթելով բարի առավոտ:

Մարդիկ չգիտեն իրար հեռախոսահամարները. միջնորդ է հանդիսանում budist.ru-ն, որը միացնում է երկու կողմերին: Նաև ամեն ինչ անանուն է: Ոչ ոք չգիտի, թե ով է իրեն զանգահարել (եթե իհարկե չի ճանաչում ձայնից): Կայքում արդեն գրանցված է 1 միլիոնից ավելի մարդ, 2012թ-ից ծառայությունը գործում է նաև Ռուսաստանից դուրս, նախագիծը հասցրել է ներգրավել մի քանի միլիոն դոլար ներդրումներ, հաղթել է տարբեր ստարտափ մրցույթներում՝ Ռուսաստանում և Սիլիկոնային հովտում, և այնուամենայնիվ, սա ճանապարհի միայն սկիզբն է:

Մինչև budist.ru-ն ստեղծելը Հրաչիկ Աջամյանը երկար ժամանակ ունեցել է ինտերնետ ընկերություն, որը զբաղվել է տարբեր նախագծերով՝ հիմնականում պատվերներով: Սակայն երբ ծնվել է budist.ru-ն, ինչ-որ պահի թիմը որոշել է թողնել ամեն ինչ և զբաղվել միայն դրանով: Այստեղ ուզում եմ նշել, որ նման որոշումները սովորաբար դժվար են տրվում, քանի որ դժվար է հրաժարվել քո եկամտի հիմնական աղբյուրից հանուն մի բանի, որն այդ պահին համոզված չես, որ կաշխատի: Սակայն եթե ուզում ես գլոբալ ինչ-որ հաջողությունների հասնել, գլոբալ արժեքներ ստեղծել, նման պահերին պետք է ռիսկի դիմել:

Նախագիծը սկզբում անվճար էր: Նույնիսկ հեռախոսազանգերի վճարը ընկերությունը վերցնում է իր վրա: Իսկ դա նշանակում է հսկայական ծախսեր, երբ ծառայությունից օգտվողների քանակն անցնում է մեկ միլիոնը: Սակայն այստեղ կա մեկ սահմանափակում. զանգը տևում է 2 րոպե, որից հետո կապն ընդհատվում է (մարդուն արթնացնելու համար ավելի շատ ժամանակ դժվար էլ պահանջվի 🙂 ): Այդ սահմանափակումն էլ հենց հիմք է հանդիսանում ընկերության բիզնես մոդելը կառուցելու համար: Այժմ, եթե զրուցակիցներն ուզում են շարունակել իրենց զրույցը 2 րոպեից ավելի, դա արդեն վճարովի է: Համաձայնեք, որ տրամաբանական է: Հիմնական ծառայությունը մատուցվում է անվճար, իսկ եթե ուզում ես շարունակություն՝ պետք է վճարել:

Այսքանը.. Մաղթենք հայ ստարտափերին ավելի մեծ հաջողություններ, իսկ եթե ուզում եք իմանալ այս պատմության մասին ավելի մանրամասն՝ դիտեք տեսանյութը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

  • Ուրախ եմ,որ հայրենակիցս նման հաջողության է հասել,կարծում եմ դեռ սկիզբն է,համոզված լինելով,որ էլ ավելի կզարգանա ընկերությունը.
    Հրաչ ջան հոդվածի մեջ շատ դուրս եկավ այս նախադասությունը`
    -Սակայն եթե ուզում ես գլոբալ ինչ-որ հաջողությունների հասնել, գլոբալ արժեքներ ստեղծել, նման պահերին պետք է ռիսկի դիմել: 😉

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»