Հաջողության գաղտնիքներ

Կյանքի հավասարակշռություն

Մոտ 2-3 տարի առաջ այն շրջանն էր, երբ ագահաբար կլանում էի ինքնազարգացման, հաջողության հասնելու հետ կապված ցանկացած ինֆորմացիա: Մի օր էլ դիտում էի Օլեգ Տինկովի մասին պատմող մի հաղորդում, որում ներկայացված էր, թե ինչպես է նա իր օրն անցկացնում: Ու հիշում եմ, թե որքան զարմացած էի, երբ տեսա, որ հաջողակ այդ գործարարը, ով, թվում է, «շնչելու ժամանակ» պետք է չունենար, օրեկան մի քանի ժամ անցկացնում է մարզադահլիճում: Մի քանի ժա՞մ: Հետո պարզվեց, դա միակ դեպքը չէր, այլ մեկն էր բազմաթիվ օրինակներից: Հետո էլ Դավիթ Յանը.. Մարդը գրում է գիրք առողջ սննդի մասին՝ «Հիմա ես ուտում եմ այն, ինչ ցանկանամ»: Ու ոչ միայն գիրք է գրում, այլ նաև սկսում է նկարահանվել խոհարարական ինչ-որ հաղորդումներում, առողջ սնունդ է քարոզում: Զարմանալի է, իսկ նրա ինչի՞ն է դա պետք:

Մի քանի տարի առաջ այս ամենը դեռ խորթ էր, մակերեսորեն էի հասկանում, բայց ինֆորմացիան քիչ-քիչ կուտակվում և «ծիլեր» էր տալիս: Սկսեցի հասկանալ, որ մեր կյանքում ամեն ինչ փոխկապակցված է: Կան առօրյա պարզ բաներ, որոնք մեզ համար սովորական են դարձել, բայց որոնց ազդեցությունը մեր կյանքի վրա մեծ է: Ինչ-որ պահի հասկացա, որ նույնիսկ, եթե արյունդ եռում է, ուզում ես ստեղծել, աշխատել, գիշերը քիչ քնել և հաջողության հասնել, կան բաներ, որոնց վրա հենց սկզբից պետք է ուշադրություն դարձնել: Առողջ սնունդը դրանցից մեկն է. այն չի կարելի շրջանցել: Առողջ սնունդը ոչ միայն առողջություն է, այլ նաև բարձր տրամադրություն, մոտիվացիա, ֆիզիկական և մտավոր ավելի շատ կարողություններ: Երբ մի քանի ամիս առաջ սկսեցի ուսումնասիրել առողջ սննդի թեման, հասկացա, որ կան շատ բաներ իմ ամենօրյա սննդակարգում, որ պետք է փոխել (լավ է, որ շուտ հասկացա): Սակայն քանի որ սա շատ լայն թեմա է, որի մասին հոդվածներ անպայման լինելու են, ուղղակի, կարճ կասեմ. սկսեցի օգտագործել ավելի շատ միրգ և բանջարեղեն, ընկույզեղեն, բնական արտադրանք. այն, ինչը տալիս է մեզ բնությունը և ինչի վրա մարդու ազդեցությունը նվազագույն է: «Հերկուլեսը» (վարսակի հատիկներ), որը ժամանակին ատում էի, դարձավ ամենօրյա նախաճաշիս մի մասը: Ամբողջությամբ հրաժարվեցի կամ որոշ դեպքերում պարբերաբար օգտագործումից հանեցի շաքարավազը, աղը, գազավորված և այլ հյութերը, երշիկեղենը, պաղպաղակը, չիպսերը, արագ սննդի բոլոր տեսակները, մի խոսքով այն ամենը, ինչն այդքան «գայթակղիչ է», բայց առանց որոնց մենք ավելի առողջ ենք ապրում: Փոփոխություններ եղան ջրի հետ կապված: Ժամանակին օրվա ընթացքում քիչ ջուր էի խմում, հետո իմացա, որ պետք է խմել օրեկան 2-3 լիտր ջուր (մոտ 8 բաժակ) և դա անհրաժեշտ է մեր օրգանիզմի նորմալ աշխատանքի համար: Սկսեցի խմել հիմնականում հալեցված ջուր, որը մեծ հաճույքով պատրաստում եմ ամեն օր և որի օգտակար և երիտասարդացնող հատկությունների մասին, միգուցե, այդպես էլ չիմանայի: Ավարտելով առողջ սննդի թեման՝ թողնեմ մի հղում, որից սկսեցի իմ ուսումնասիրությունները:

Երկրորդ բանը, որի վրա նախկինում ուշադրություն չէի դարձնում, բայց սկսեցի, ֆիզիկական պատրաստվածությունն ու սպորտն էր: Թե ինչպես է բարելավվում ձեր ինքնազգացողությունը (ոչ միայն ֆիզիկական, այլ նաև մտավոր) սպորտի շնորհիվ և թե որքան դրական է այն ազդում ձեր բոլոր գործերի վրա, կհաստատեն բոլոր նրանք, ովքեր զբաղվում են սպորտով: Սկզբում դեռ չգիտեի, թե ինչից սկսել, մտածում էի. մարզադահլիճ, թե՞ լող: Հետո հասկացա, որ երկուսն էլ պետք են: Մարզադահլիճ հաճախելու փոխարեն տանը կահավորեցի սեփական փոքրիկ մարզադահլիճ, որտեղ արդեն մի քանի ամիս է մարզվում եմ (լողը կսկսեմ շուտով): Արդյունքները աննկարագրելի են, բայց դրանց մասին կպատմեմ ավելի ուշ: Իսկ վերջում, թողնեմ մի հղում, որից կարող եք սկսել առողջ ապրելակերպի ձեր անցումը:

Իմիջիայլոց, այս ամենի միջով անցնելուց հետո միայն պարզ դարձավ, թե ինչու է Ռուսաստանի նախագահը ձյուդոով զբաղվում   🙂

Ժամանակին ես մտածում էի, որ բավական է միայն չծխել և ալկոհոլ չօգտագործել, և ամեն ինչ լավ է: Հետո հասկացա, որ այդպես չէ. կան շատ այլ բաներ, որոնք կարգավորելը լրացնում է ընդհանուր պատկերը:

Հիշեք՝ կարևոր չէ, թե ինչպես էիք դուք ապրում նախկինում (ինչ եղել է, անցել է), կարևորն այն է, որ դուք պատրաստ լինեք ցանկացած պահի որոշում ընդունել և փոխել ձեր ապրելակերպը, չէ՞ որ հաճախ դա արվում է ինչ-որ նպատակի համար: Առողջ սնունդն ու սպորտը իրենցով մեր կյանքի նպատակը չեն. շատերս ուզում ենք կյանքում ավելի մեծ ինչ-որ բաների հասնել, ինչ-որ բան ստեղծել կամ փոխել, և դա է մեր մեծ նպատակը: Սակայն առողջ սնունդը, սպորտը, համերաշխ ու սիրով լի ընտանիքը, ընկերների և շրջապատի մարդկանց հետ հարաբերությունները այն հիմնաքարերն են, որոնց վրա կառուցվում է մնացած ամեն ինչ: Դա այն ամենն է, ինչը մենք տեսնում, ապրում ենք ամեն օր և ինչը անմիջական ազդեցություն է ունենում մեր ապագայի, կյանքի վրա:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

  • Սնունդը ինչ խոսք շատ կարևոր է, բայց պակաս կարևոր չէ այն միջավայրը, որտեղ սնվում ես,
    Օրինակ, այն սնունդը, որը տանը սովորականի պես ուտում են, նույն սնունդը աշխատանքի ընդմիջման ժամանակ ուղղակի հրաշք է երբեմն թվում,
    կամ սովորական սրճարանում սուրճը մի տեսակ է, այնքան որ խմում ես, նույն սուրճը գեղեցիկ լուսավորված և կահավորված սրճարանում 4 անգամ շատ ես վճարում, ու այնպես ես արդեն ԸՄՊՈՒՄ, որ քեզ թվում է արքայական սուրճ է,.. իրականում մենք վճարում ենք ոչ թե սուրճի համար, այլ միջավայրի,
    դեղը երբեք արդյունք չի տա, եթե մենք այդպես չտրամադրվենք, շատ դեղեր ոչ մի ազդեցություն իրոք չեն ունենում, բայց մենք մեզ այնպես ենք տրամադրում, որ բոլոր հիվանդությունները կարող են բուժվել ամենահասարակ մեկ դեղի հաբից:
    Եվ ցանկացած մարդ հոգնում է կրկնվող զգայական ազդեցություններից, և նոր ինչ-որ բանը քեզ այնքան արտասովոր է թվում և հաճելի, որ քեզ թվում է այն, ինչ արել ես նախկինում, ուղղակի խելացի չես եղել, պարզապես ցանկացած փոփոխություն իր մեջ դրական միտումներ ունի 🙂

  • Բարև Ձեզ, Հրաչ ջան: Ես լիովին համաձայն եմ առողջ ապրելակերպի մասին Ձեր մտքերի հետ, քանի որ ինքս համոզվել եմ դրանում:
    Ինքնազարգացման շարունակական ընթացքը սկսվելով վաղ մանկությունից՝ իմացության իր լույսն է սփռում մեր երիտասարդ տարիներին, կազմելով կյանքի ու ժամանակի շղթան:
    Ամուր առողջությունը խաղաղ ու երջանիկ կյանքի գրավականն է:
    21-րդ դարի մարդն այնքան է զբաղված իր առօրյա հոգսերով, որ հաճախ առողջությունը մնալով ստվերում՝ քայքայվում է:
    Առողջությունը հոգու և մարմնի առույգությունն է :
    Այն գանձ է, որը չի գնվում և դժվարությամբ է վերադարձվում:
    Հաջողության շյուղերն աճում են առողջության արմատից: Որքան ամուր է ծառի արմատը, այնքան փարթամ ու բարձր են նրա ճյուղերը:
    Առողջություն և հաջողություն եմ մաղթում բոլորիս:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»