Առողջ ապրելակերպ

Սննդակարգի 10 փոփոխություններ, որոնք փոխեցին իմ կյանքը

Այն, որ սննդիս՝ հետևաբար առողջությանս և ապագայիս, ես անպատասխանատու եմ մոտենում, հասկացա մոտ 1 տարի առաջ: Դա այն շրջանն էր, երբ ինձ թվում էր, որ չկա այլևս ոչինչ, ինչը կարող է ինձ ավելի երջանիկ մարդ դարձնել. չէի ծխում, ալկոհոլ չէի օգտագործում, հեռուստացույց չէի դիտում, գիտեի, թե ուր եմ շարժվում և համապատասխան քայլեր էի ձեռնարկում, շրջապատված էի ստեղծագործ և ձգտող մարդկանցով, ունեի երջանիկ ընտանիք, մի խոսքով… ի՞նչ է պետք մարդուն ավելի երջանիկ լինելու համար: Բայց կար մի մեծ բաց, որը կոչվում էր ՍՆՈՒՆԴ: Սնվում էի առանց հասկանալու, թե ինչ սննդատեսակներ եմ օգտագործում, ինչու եմ օգտագործում, ինչ օգուտ են դրանք ինձ տալիս և ամենակարևորը՝ ինչպես են դրանք ինձ վնասում: Հասկացա այդ ամենը 30 տարեկանում, բավական ուշ: Դա մի բեկումնային պահ էր, որը հաղթահարելը ես համարում եմ գիտակցության մեկ մակարդակ աճ, ինչի համար անսահման երջանիկ եմ և անպայման ուզում եմ կարճաժամկետ այդ փորձովս ու գիտելիքներով կիսվել նաև ձեզ հետ:

Այս հոդվածում կխոսեմ սննդակարգիս փոփոխությունների մասին առանց հիմնավորումների և փաստարկների՝ հույս ունենալով, որ վերաբերվելով դրան որպես սիրողական ինֆորմացիա՝ վերջնական եզրահանգումները և ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունները կանեք ինքներդ: Նաև ուրախ կլինեմ ստանալ առողջ սննդի հետ կապված խորհուրդներ և լրացումներ, քանի որ հասկանում եմ, որ այդ ոլորտում աճելու դեռ շատ տեղ ունեմ: Եվ այսպես, սկսեմ թվարկել:

1. Քիչ միս: Ինչպես մեզանից շատերը, ժամանակին ես նույնպես մսակեր էի: Չնայած միշտ երազել եմ լինել բուսակեր՝ բայց տարբեր պատճառներից ելնելով միս շարունակում էի ուտել, հատկապես կարմիր միս: Կա մարդկանց մի տեսակ, որոնց մեջ էի նաև ես, ովքեր չեն կշտանում առանց մսի: Ինձ համար դա կախվածություն էր, որը հաղթահարելը համարժեք էր ալկոհոլից և ծխախոտից կախվածությունը հաղթահարելուն: Մսային կախվածությունից ազատվելը եղավ քայլ առ քայլ: Նախ հրաժարվեցի արագ սննդի բոլոր տեսակներից, որոնք հիմնականում մսային են: Ապա սկսեցինք միս գնել բավական ուշ-ուշ՝ նախընտրությունը տալով ոչ թե կարմիր (խոզ, գառ, կով), այլ սպիտակ մսին (հավ, ձուկ): Եկավ ինչ-որ պահ, որից սկսած կարմիր միս տանը ընդհանրապես չէինք գնում, սակայն որոշ չափով օգտագործում էինք տանից դուրս (ինչպես հրաժարվել, օրինակ, խորովածից): Սակայն սկսեցի կամաց-կամաց հրաժարվել նաև դրանից: Այս պահի դրությամբ գրեթե չեմ ուտում կարմիր միս և երբեմն ուտում եմ սպիտակ միս, օրինակ՝ ձուկ: Վերջնական նպատակս է ամբողջությամբ հրաժարվել մսից, քանի որ համոզված եմ, որ եթե փոքր տարիքում, աճող օրգանիզմների համար միս օգտագործել-չօգտագործելը դեռ կարելի է քննարկել, ապա հասուն տարիքում դա մարդու համար կենսական անհրաժեշտություն չէ: Հ.Գ. սա եթե մսին վերաբերվել որպես սննդատեսակ, սակայն կա միս չօգտագործելու նաև փիլիսոփայական կողմը, որին այս հոդվածում չեմ անդրադառնա, սակայն այդ մասին գրել եմ այստեղ:

2. Շատ միրգ և բանջարեղեն: Մարդը պետք է լինի բնությանը հնարավորինս մոտ և դա վերաբերվում է նաև սննդին: Միրգը և բանջարեղենը այն բարիքներն են, որոնք բնությունը մեզ տալիս է: Դրանք վիտամիններ են, հողի և արևի կենսական էներգիան: Միրգ և բանջարեղեն սկսեցի ուտել հնարավորինս թարմ՝ առանց ինչ-որ հավելումների և հնարավորինս քիչ ազդեցությունների ենթարկված (օրինակ՝ ջերմային): Օրեկան սկսեցի ուտել մի քանի տեսակի միրգ, իսկ օրինակ խնձոր՝ պարտադիր: Սկսեցի օգտագործել շատ բանջարեղեն և կանաչեղեն: Շատ օգտակար են կաղամբները: Բրոքոլին, որը ժամանակին նույնիսկ չգիտեի թե ինչ է, սկսեցի բավական շատ ուտել, քանի որ պարզվեց, որ դա ամենաօգտակար սննդատեսակներից է: Նաև, երբ սնվում եմ տանից դուրս, փորձում եմ ուտել թարմ բանջարեղենային ուտեստներ, սալաթներ կամ ապուրներ, որոնք պարունակում են, օրինակ, բրոքոլի կամ սպանախ: Նաև հիանալի սննդատեսակներ են լոբազգիները, գազարը, լոլիկը, վարունգը, սոխը, և այլն: Իսկ օրինակ կարտոֆիլը, որը մենք այդքան շատ ենք օգտագործում, որպես սննդատեսակ մեզ այդքան շատ բան չի տալիս: Դրա քանակությունը խիստ սահմանափակել եմ:

3. Չեմ օգտագործում նրբերշիկ և երշիկեղեն: Երբ հիշում եմ, թե որքան շատ էի ժամանակին օգտագործում նրբերշիկ և երշիկեղեն, ուրախանում եմ, որ ժամանակին կանգ առա: Իհարկե չկա նախաճաշին ավելի հեշտ և արագ պատրաստվող բան, քան նրբերշիկը կամ հացն ու երշիկը: Այդ երկու սննդատեսակները և մսի բոլոր մշակված տեսակները չեմ օգտագործում ընդհանրապես՝ երբեք:

4. Քիչ հաց: Ընդհանրապես, ԱՊՀ երկրների և օրինակ Չինաստանի սննդակարգի մեջ նկատել եմ 2 հիմնական տարբերություն. մենք ուտում ենք շատ միս և հաց՝ ի տարբերություն չինացիների, որոնք հիմնական շեշտ դնում են բանջարեղենի վրա: Հացն այն սննդատեսակն է, որն օգտագործում էի ցանկացած ուտելիքի հետ՝ լիներ դա նախաճաշ, ճաշ, թե ընթրիք: Ես նույնպես այն մարդկանցից էի, ովքեր չեն կշտանում առանց հացի՝ համենայն դեպս՝ դա ինձ թվում էր: Սկզբում սպիտակ հացը փոխարինեցի սև հացով և լավաշով, բայց դեռ օգտագործում էի օրեկան մի քանի անգամ: Ապա նվազեցրեցի հացի օրեկան օգտագործումը մինչև 1 անգամ: Ժամանակի ընթացքում հացից կախվածությունն ամբողջովին կորավ: Այժմ այն կարող եմ ուտել օրեկան 1 անգամ կամ ընդհանրապես չուտել. կախվածություն այլևս չկա:

5. Չեմ ուտում նաև մայոնեզ: Թե ինչու չեմ ուտում մայոնեզ և մայոնեզով պատրաստված ուտելիքներ, կարող եք հասկանալ՝ որոնելով այդ մասին ինֆորմացիան համացանցում:

6. Հրաժարվեցի քաղցրավենիքներից: Ժամանակին, երբ խանութ էինք մտնում, ամենասիրածս բաժինը քաղցրավենիքների բաժինն էր, որտեղ գեղեցիկ շարքերով շարված էին գույնզգույն փաթեթավորմամբ կոնֆետները, թխվածքաբլիթները և վաֆլիները: Շաքարի շատ օգտագործումը մեր օրգանիզմին վնաս է հասցնում, իսկ շաքար մենք օգտագործում ենք ոչ միայն մաքուր տեսքով, օրինակ թեյ խմելիս, այլ նաև քաղցրավենիքներ ուտելիս: Հասկացա, որ դրանք ինձ պետք չեն: Քաղցրի պակասը սկսեցի լրացնել սև շոկոլադով, հալվայով և մրգերով, իսկ ավանդական քաղցրավենիքներին, տորթերին կամ կոնֆետներին մոտենում եմ հազվադեպ: Իմիջիայլոց, թեյը նույնպես սկսեցի խմել առանց շաքարավազի, ինչը նույնպես սկզբում մեծ փորձություն էր թվում:

7. Հրաժարվեցի գազավորված ըմպելիքներից և «բնական» հյութերից: Ժամանակին գազավորված քաղցր ըմպելիքներ շատ էի օգտագործում: Բայց այդ սովորությունից նույնպես ազատվեցի, քանի որ հասկացա, որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ շաքարավազ և համային, գունային և այլ հավելումներ, որոնք մեզ ոչ միայն պետք չեն, այլև հաճախ վնասում են մեր առողջությանը: Այժմ հյութեր խմում եմ միայն այն դեպքում, երբ դրանք իրոք բնական են՝ պատրաստված թարմ մրգերից կամ բանջարեղեններից, բայց ավելի հաճախ օգտագործում եմ սովորական ջուր և հանքային ջրեր: Իրականում «սովորական ջուրը» համեստ է ասված, քանի որ դրա նշանակությունը մեր կյանքում հսկայական է և դրան է նվիրված հաջորդ կետը:

8. Շատ ջուր. կենդանի ջուր: Սկզբում կխոսեմ ջրի քանակության մասին, ապա կանցնեմ ջրի տեսակին: Եթե ժամանակին օրվա ընթացքում օգտագործված ջրի քանակության վրա ընդհանրապես ուշադրություն չէի դարձնում, այժմ սովորություն եմ դարձրել խմել օրեկան 8 բաժակ կամ մոտ 2 լիտր ջուր: Մեկ բաժակ ջուր խմում եմ արթնանալուց անմիջապես հետո և զգում եմ, թե ինչպես է այն արթնացնում ողջ օրգանիզմս: Ջրի հետ կապված կա մեկ օրենք, որը միշտ պահում եմ. խմել ուտելուց կես ժամ առաջ և ուտելուց հետո ոչ շուտ, քան 1,5-2 ժամը: Վերջին 7-8 ամիսների ընթացքում խմում եմ միայն հալեցված ջուր (ռուսերեն՝ талая вода): Հալեցված ջուրը մի առանձին թեմա է, որին նվիրված հոդված հետագայում կլինի, սակայն այս պահին դրա պատրաստման եղանակը իմանալու համար կարող եք դիտել այս տեսանյութը: Հալեցված ջուրը բարձրացնում է իմունիտետը, օգնում է օրգանիզմին մաքրվել վնասակար նյութերից, մի խոսքով, որպեսզի հասկանաք դրա հրաշագործ ազդեցությունը, պետք է սկսեք խմել այն:

9. Ուտել ոչ թե 3, այլ 5-6 անգամ՝ փոքր չափաբաժիններով: Ժամանակին ես վստահ էի, որ երբ մարդը ուտում է, դա նորմալ է, որ ուտելուց հետո նա ինչ-որ ծանրություն և ուռվածություն է զգում: Հետո հասկացա, որ դա նորմալ չէ: Ծանրության պատճառն այն է, որ սովորաբար մենք ուտում ենք 3 անգամ՝ մեծ չափաբաժիններով: Երբ սկսեցի ուտել 5-6 անգամ՝ փոքր չափաբաժիններով, հասկացա, որ ուտելուց առաջ և հետո մարդը կարող է զգալ իրեն նույն կերպ՝ բացառությամբ սովի զգացումի: Սա ամենադժվար փոփոխություններից մեկն էր, քանի որ շատերիս առօրյան հնարավորություն չի տալիս մեզ սնվել 5-6 անգամ: Բայց հիշեք՝ ոչինչ ավելի կարևոր չէ, քան առողջությունը: Փոխեք ձեր ապրելակերպը:

10. «Ուժեղ» նախաճաշ: Նախաճաշի մասին բազմաթիվ ասացվածքներ էի լսել, օրինակ այս մեկը՝ «նախաճաշը կեր ինքդ, ճաշը կիսիր ընկերոջդ հետ, իսկ ընթրիքը տուր թշնամուդ»: Եվ ի՞նչ: Այն, որ նախաճաշը օրվա ընթացքում մեր սննդի ընդունման ամենակարևոր ժամն է: Եթե նախկինում մեկ անգամ փորձել էի առավոտյան վարսակով շիլա (բոլորիս ծանոթ Հերկուլեսը) ուտել և չէի հավանել, այժմ դա նախաճաշի իմ ամենասիրած տեսակն է, որն ուտում եմ գրեթե ամեն օր: Հիանալի է առավոտյան վարսակի և թարմ կամ չորացված մրգերի համադրությունը, որը նախաճաշը դարձնում է օգտակար և համեղ: Վարսակի (овсянка) օգտակարության մասին նույնպես կարելի է առանձին հոդված գրել, բայց այդ ուսումնասիրությունը թողնում եմ ձեզ:

Իրականում սննդի հետ կապված բազմաթիվ այլ կետեր կան, բայց սրանք են այն 10 հիմնական կետերը, որոնք փոխեցին իմ կյանքը և որից հետո սկսեցի ինձ ավելի լավ զգալ: Եթե սկզբում սա կարող է ձեզ սահմանափակում թվալ (սա չուտել, այն ուտել, այսքան ուտել), ապա դա միայն սկզբում է, քանի դեռ ձեր մոտ չեն ձևավորվել նոր սովորություններ: Բայց հետո դա դառնում է ձեր ապրելակերպը և դուք լրացուցիչ ջանքեր չեք գործադրում այդ ամենին հետևելու համար: Դուք սկսում եք ձեզ ավելի լավ զգալ, ավելի առույգ և առողջ եք դառնում և կարող եք ձեր ժամանակը և ուժերը տրամադրել իրոք կարևոր գործերով զբաղվելուն:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

6 մեկնաբանություն

  • Հետևելով Հրաչուհի Առաքելյանի խորհրդին’ ես էլ սկսեցի ուշադրություն դարձնել ջրին, ու, իրոք, ազդեցությունը մեծ է: Վարսակ փոքրուց շատ եմ սիրել, գրեթե ամեն օր ուտում էի, վերջերս լսեցի, որ օրգանիզմից կալցին մաքրում է, սկսեցի քիչ օգտագործել 🙂

    • Ահա, կալցիումը քչացնում է, բայց դա էլ պետք է լրացնել կալցիումով հարուստ սննդամթերքով, օրինակ, կաթնաշոռ, ընկուզեղեն: Իսկ Հրաչուհու գիտելիքները առողջ սննդի/ապրելակերպի բնագավառում մի քանի անգամ շատ են, հետևեք..

  • Karcum em kareli e amen tesaki snund el ogtagorcel,bayc chapy chancnelov,hamadzayn em vor gazavorvac ympeliqner charzhi ogtahorcel,sepakan porcics em asum,mi xorhurd el Im koghmic,jashelis mtaceq miayn lav baneri masin pordzelov vorqan hnaravor e drakan xosqer asel mtqum ev inchu che nayev snndin..da koqni hesht marsoghutyany!!!

  • Շատ շնորհակալ եմ Մարիամ և Հրաչյա ջան:

    Ճիշտն ասած հոդվածը կարդացել եմ հենց հրապարակման օրը, ու որոշել էի անպայման մեկնաբանել, բայց ժամանակ չէի գտնում: Շատ օգտակար նյութ է:

    Նախ, կալցիումը օրգանիզմից հանելու համար վարսակ շատ շատ է հարկավոր ուտել: Անձամբ ես սիրում եմ բազմազան նախաճաշ ու և ամեն օր վարսակից նույնիսկ ձանձրանում եմ, այդ իսկ պատճառով կանխում եմ հնարավոր վնասը տարատեսակ սնունդ ընտելով /օրնակ՝ այլ հատիկավորների շիլա, գետնանուշի կարագ ամբողջահատիկի հացով, թրջաց ընկուզեղեն կամ նուշի կաթ մեղրով, թարմ մրգերի մեծ ափսե/:

    Ես միքիչ սուբյեկտիվ կլինեմ նաև կաթնաշոռի նկատմամբ: Քանի որ բացառել եմ նաև կաթնամթերքը: Կալցիումը և ֆոսֆորը ստանում եմ կանաչ տերևավոր բանջարեղենից , ավոկադոից, բրոկոլիից, նուշի կաթից, լոլիկից, ծիրանի և թզի չրերից և կիվիից, նաև ընկույզներից, սակայն պետք է զգուշանալ դրանց կալորիականությունից:

    Այնուամենայնիվ այս գիտելիքը հիմնված իմ փորձի և իմ անձնական հետազոտությունների վրա: Ես սննդի մասնագետ չեմ, բայց իմ համար սա գործում է:

  • Ես շատ հարցերում համամիտ եմ ձեր հետ՝ կապված շատ մրգեր ու բանջարեղեն ուտելու և մսի սահմանափակման հետ: Իմ կյանքը նույնպես փոխվել է, երբ ես պատահական կարդացի Ալլեն Կարրի կողմից գրված «Легкий способ бросить вес» գիրքը, որը կարդում էի քրոջս օգնելու համար: Բայց այն օգնեց հենց ինձ. ես ազատվեցի բոլոր նախապաշարմունքներից՝ սննդի հետ կապված, որոնք ձևավորվել էին իմ 27 տարիների ընթացքում (հիմա 30 տարեկան եմ): Ես այդ նոր սննդակարգով լուծեցի մարսողության հետ կապված իմ բոլոր առողջական խնդիրները, դարձա ավելի առույգ, քան ավելի երիտասարդ տարիքում:
    Ես արդեն 3 տարի է նախաճաշում եմ մրգերով, որոնք ինձ ապահովում են անհրաժեշտ սննդանյութերով և վիտամիններով, տալիս են շատ մեծ էներգիա ողջ օրվա համար: Ես միրգ ուտում եմ միայն դատարկ ստամոքսով, որը շատ կարևոր է: Կան մի քանի նրբություններ ևս՝ ուտելիքների համակցման հետ կապված, դրա համար բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ նշածս գիրքը!!

  • 3, 4, 5, 8 կետերին առանց որոշելու հետևում եմ: Մնաց հետևեմ մյուս 6-ին :))) Բայց առանց շոկոլադի ու կոլայի շատ տխուր կլինի :)))

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»