Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Հոգեբանություն

Հիշողությունն ու երևակայությունը

Հիշողությունն ու երևակայությունը հատում  են ժամանակի և տարածության սահմանները: Հիշողությունը ետ է ուղղվում՝ բացելով անցյալի դարպասները: Երևակայությունը նայում է առաջ, անցնում գալիքի շառավիղները:

Հիշելն ավելի դյուրին է, քան երևակայելը: Չշտկված սխալները  մառախուղի պես փակում են ինքնաճանաչման կածանները: Սթափությամբ զինված դատողությունն առաջընթացի արահետ է դառնում:  Ժամանակին համընթաց քայլերով մենք հաղթահարում ենք նրա արգելքները:

Ես երբեմն ճանապարհ եմ ընկնում ոչ թե ինչ-որ տեղ հասնելու, այլ իմանալու համար, որ կարող եմ քայլել: Ոտքերը ենթարկվում են այն ուղղությանը, ուր նայում է մարդը: Երբ շարունակ ներկում ենք հիշողության կտավը, մենք խունացնում ենք երևակայության պատկերը, որն ապագայի տեսլականն է:

Ես հիշում եմ իմ երիտասարդ բարեկամին: Նա սկսեց բարձրանալ իր երազանքների լեռը, որը ձեռնոց էր նետում վերելքի դժվարությամբ: Ձախողումներից գոտեպնդվելով, նա շարունակում էր բարձրանալ: Նա ի վերջո հաղթահարեց զառիվերը:

Անցան տարիներ:  Բարեկամս դեռ վայելում էր հաղթանակի բերկրանքը, երբ իր առջև ծառացավ անկման վտանգը:

— Ընկնելուց առաջ մարդիկ կանգնած են լինում,- մի օր ասաց նա:

Բարեկամս մոլորվել էր անհաջողությունների լաբիրինթոսում: Անկման  հիշողությունը թուլացնում էր նորից բարձրանալու կամքը: Երևակայության թռիչքն առժամանակ կանգ առավ:  Սակայն բարեկամիս  քաջությանը բնորոշ չէր միևնույն տեղում դոփելու ձանձրույթը: Փորձությունները նրան զորացրել էին, կերտել տոկալու խիզախությունը: Նա վերագտավ համառությունն ու նորովի նայեց եղելությանը: Երևակայությունը հաղթանակեց: Ես իջեցնում եմ այս հիշողության վարագույրը…

Ձմռանը ծառերը հիշում են աշնան տերևաթափը: Եթե երևակայություն ունենային, նրանք կիմանային, որ գարնանն իրենց ճյուղերը կպատվեն կանաչով և կհագնեն  զմրուխտե շորեր:

Ամեն ոք հուշերի ակունք ունի, որը մանկությունն է: Այդ ջինջ տարիների  հետ աշխարհում շատ քիչ բան կարող է համեմատվել: Հիշողությունը մեր արժանապատվության ինքնությունն է և գոյության քարտեզը: Սակայն այն սահմանափակում է մեզ, երբ պարփակվում ենք նրա մեջ:

Հարյուրամյակներ առաջ նորագույն տեխնիկա հնարելու մասին գաղափարները, հավանաբար, որպես խելագարություն կդիտվեին: Այնինչ մեր օրերում տեխնիկայի նորարարություններին անտեղյակ լինելը  համարվում է հետամնացություն:  Քսանմեկերորդ դարի գիտնականները մուտք կգործեն հիշողության մառան, ուր ամբարվում են անցյալի փորձն ու պատմության նախադեպերը: Կփայլի նրանց երևակայությունը: Քանզի հիշողությունն ամփոփում է, իսկ երևակայությունը՝ ստեղծում:

Երևակայությունն ընդլայնում է իրականության սահմանները:

Հիշողության ու երևակայության միաձուլումը մեզ խորատես է դարձնում՝ մոտեցնելով հաջողությանը:

Հեղինակի մասին

Ամալյա Սուքիասյան

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»