«Փոխիր կյանքդ-2» գիրքը մտածելակերպի փոփոխության, կյանքը դրական տեսնելու, սեփական յուրօրինակությունը գիտակցելու, հնարավորությունները, այլ ոչ թե խնդիրները նկատելու, մեծ մտածելու, կյանքը փոխելու որոշումներում հաստատակամ դառնալու, և ամենակարևորը՝ առաջին քայլը կատարելու մասին է:

   


Անձնային աճ

Հաղթում է նա, ով հավատում է. հատված «Հաջողության ճանապարհը» գրքիցս

Շախմատային հաղթանակ
Հեղինակ՝ Karen Happy

Կյանքիս ընթացքում ես վրիպել եմ 9000 անգամ, պարտվել եմ շուրջ 300 խաղերում, 26 անգամ ինձ վստահել են խաղի որոշիչ նետումը, և ես ձախողել եմ: Ես ձախողվում եմ ամեն անգամ իմ կյանքում, և դա է պատճառը իմ բոլոր հաջողությունների (Մայքլ Ջորդան):

Հետաքրքիրն այն է, որ այստեղ չկա ոչ մի միտք գրված հաջողության կամ հաղթանակի մասին, և այս տողերի հեղինակը սպորտի պատմության մեջ հայտնի է որպես ամենահաջողված և ուժեղագույն բասկետբոլիստներից մեկը, ում կարողությունը գնահատվում է մոտ կես միլիարդ ԱՄՆ դոլար:

Մինչ Մոսկվա մեկնելս, երբ դեռ շախմատի մարզիչ էի Երևանում, աշակերտներիցս ամենակրտսերը հերթական մրցմանն էր մասնակցում և երկու հաղթանակ տանելուց հետո՝ պարտվեց երկու անգամ՝ հրաժարվելով մասնակցել մրցման հերթական փուլին: Նրա մայրը կապ հաստատեց ինձ հետ՝ խնդրելով խոսել Ավետի հետ, ով չէր ցանկանում այլևս խաղալ, քանի որ «դառը պարտություն» էր կրել իր ծննդյան օրը: Ես, որպես երիտասարդ, սակայն որոշ առումներով՝ փորձառու մարզիչ, սկսեցի հեռախոսով խոսել Ավետի հետ՝ ասելով հետևյալը. «Ավետ ջան, լսիր ինձ ուշադիր, ընկեր Գասպարյանն է քեզ հետ խոսում: Դու, երբ շախմատ ես խաղում, ինչ ես կարծում՝ ինչու ես պարտվում»: Ավետը, ով, իմիջիայլոց, 7 տարեկան դեռ չկար, պատասխանեց. «Ընկեր Գասպարյան, թույլ եմ խաղում, միգուցե դա է պատճառը»:

Ես շարունակեցի միտքս. «Դու խաղում ես մի խաղ, որտեղ, չնայած քեզ թվում է, որ խաղում ես մրցակցի հետ, բայց իրականում՝ ինքդ քեզ հետ ես խաղում ու պատերազմում: Եթե դու կարողանաս հաղթել քեզ, այսինքն պարտվելու քո վախը, կասկածներդ, շփոթմունքդ, և ինքդ քեզ հետ պայքարում հաղթող դուրս գաս, ապա կհաղթես նաև մրցակցին: Իսկ եթե անգամ պարտվես, հոգ չէ՝ մեկ ուրիշ մրցմանը կփորձես հաղթել: Ծնողներդ, երբ տուն վերադառնաս, քեզ չեն ասելու, որ եթե պարտվել ես, ապա ուտելու ոչինչ չենք տալու»:

Վերջին տուրից առաջ ես հետևում էի մրցման ընթացքին: Ավետը հաղթում էր հետագա խաղերում և երբ հաղթեց վերջինում՝ լրացնելով մարզական կարգը, զանգահարեց և ուրախ գոռալով ասաց. «Ընկե՛ր Գասպարյան, ես հաղթեցի՛ ինքս ինձ»: Իհարկե, ես շատ հպարտ էի, որ կարողացա օգնել փոքրիկին: Իրականում ինչ էր տեղի ունեցել: Ավետը, ով շատ վստահ լուծում էր միջին բարդության խնդիրներ, շատ խելացի վերլուծություններ էր անում պարապմունքների ժամանակ, լուրջ խաղերի ընթացքում չափից ավել լարվելու, վախի, ինքնակառավարումը կորցնելու, փորձի պակասի, անվստահ լինելու պատճառով պարտություն էր կրում, բայց երբ, կամքի ուժ դրսևորելով, կարողացավ պայքարել իր վախերի դեմ, կասկածների հետ պայքարում հաղթող դուրս եկավ, հաղթեց նաև հետագա բոլոր խաղերում՝ հռչակվելով կարգ վերցրած ամենակրտսեր շախմատիստը մասնակիցների մեջ:

Սա ներքին համոզմունքի ինքնադրսևորման վառ օրինակ է: Վադիմ Զելանդն իր՝ «Կառավարիր իրականությունը» շատ հետաքրքիր աշխատության մեջ, հետևյալ միտքն է արտահայտում. «Ամեն անգամ, երբ ինչ-որ բանի ենք հավատում, դա նաև կասկածներ է առաջացնում: Իրականում պետք չէ միայն հավատալ, պետք է ցանկացած գործ անելուց առաջ ներքին համոզմունք ունենալ, որ դա անքննարկելի կերպով իրականանալու է: Պետք չէ պարզապես հավատալ, այլ կրկնում եմ՝ պետք է ուղղակի վստահ լինել ու ներքին համոզմունք ունենալ, և դա իրականություն կդառնա, ինչպես իրականություն դարձավ փոքրիկ Ավետի հաղթանակը: Ի վերջո, եթե ինչ-որ բան շատ ուժեղ ես ուզում, ամբողջ տիեզերքը քեզ հետ միասին պայքարում է, որ դա իրականություն դառնա:

Հեղինակի մասին

Karen Happy

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»