Շատերը, ովքեր սեփական գործով են զբաղվում, կանգնում են խնդրի առաջ. մտքերն ու անելիքները շատ են, ժամանակը՝ քիչ: Եղած ժամանակում չես կողմնորոշվում, թե ինչն է առաջնային, ինչը՝ երկրորդային, իսկ ինչն ընդհանրապես պետք չէ անել: Ենթագիտակցորեն կարծես զգում ես, թե ինչ պետք է անել, բայց չի ստացվում անել ամեն ինչ արդյունավետ: Արդյունքում առաջանում է զգացողություն, որ չես կարողանում ժամանակդ արդյունավետ օգտագործել, իսկ գործողություններդ՝ թիրախային չեն:
Նման զգացողությունների միջով ժամանակին ինքս էլ անցել եմ: Երբ նոր գործ էի սկսում, առաջին տարին ամեն ինչ կարծես խառնաշփոթի մեջ էր: Օրվա ընթացքում երկար աշխատում էի, տեսնում էի արդյունքներ, բայց մոտս չկար զգացողություն, որ ամեն ինչ ճիշտ է, արդյունավետ է: Հետո հասկացա, թե ինչու է այդպես. ամեն ինչ ինքնահոս էր՝ առանց պլանավորման:
Այն, թե ինչպես ենք մենք կառուցում մեր աշխատանքային օրը, ազդում է այն արդյունքների վրա, որ մենք կստանանք: Երբ օրդ չես պլանավորում, շատ ջանք պետք է ներդնես՝ որոշակի արդյունքներ ստանալու համար: Արդյունավետության պակասը փորձում ես լրացնել ժամանակի, շատ աշխատելու հաշվին: Սակայն հիմնականում դա բերում է գերհոգնածության և արդյունավետության էլ ավելի նվազեցման:
Մի օր որոշեցի, որ չեմ պատրաստվում նման կերպ աշխատել: Սկսեցի աշխատանքային տարբեր գրաֆիկներ, մոդելներ փորձել և գտա մեկը, որն իրեն արդարացրեց: Այն պայմանական կարելի է անվանել աշխատանքային ՄՍԿ մոդել:
ՄՍԿ. մտածել, սովորել, կիրառել
Աշխատանքային 7-ժամանոց օրը ես բաժանում եմ երեք մասի.
Մտածել
Աշխատանքային օրվա առաջին ժամը ես պարզապես մտածում եմ: Մտածում եմ այն մասին, թե ինչ ենք մենք անում, ինչու ենք անում, ինչը կարող ենք ավելի լավ անել, ինչպես դա անել, ուսումնասիրում եմ, թե ինչ է կատարվում նույն ոլորտում աշխարհում, ինչ նոր օրինակներ, տեխնոլոգիաներ, մեթոդներ կան, դրանցից որոնք ինքներս կարող ենք կիրառել: Մտածում եմ ընկերության փիլիսոփայության, վաճառքի խողովակների, հաճախորդների սպասարկման, բրենդի ուժեղացման մասին: Մտածում եմ, թե ինչ նորույթներ կարելի է մտցնել, ինչպես կարելի է եղած պրոդուկտները բարելավել: Մտածում եմ այն մասին, թե ինչպես կարող ենք աճել:
Մտածելը թույլ է տալիս չկտրվել ընկերության փիլիսոփայությունից, հասկանալ անելիքները և շարժվել ոչ թե իներցիայով, այլ գիտակցաբար ընտրված ուղղությամբ
Սովորել
Հաջորդ երկու ժամերի ընթացքում ես սովորում եմ: Հիմնականում ընտրում եմ թիրախային երկու վիդեո-դասընթացներ և մեկական ժամ դիտում եմ դրանք: Եթե ինչ-որ միտք առանձնահատուկ հետաքրքրում է, սկսում եմ խորացված դա ուսումնասիրել: Այս երկու ժամն ապահովում է պրակտիկ գիտելիքների շարունակական աճ: Աճը շոշափելի է դառնում նույնիսկ մեկ շաբաթվա ընթացքում, իսկ մեկ տարվա ընթացքում՝ այն դառնում է զգալի:
Սովորելը թույլ է տալիս ընդլայնել բիզնես-աշխարհայացքը, գործնական աճի հիմք ստեղծել: Եթե նոր բան չես սովորում, հետ ես մնում
Կիրառել
Հաջորդ չորս ժամերի ընթացքում ես անցնում եմ գլխավոր մասին՝ աշխատում եմ՝ կիրառելով սովորածս և միաժամանակ պահպանելով այն ուղղությունը, որի մասին մտածել եմ: Դա այն պրակտիկ աշխատանքն է, որին նախկինում տրամադրում էի աշխատանքային ողջ օրս: Դա նաև այն նույն աշխատանքն է, որը նախկինում մոտս խառնաշփոթի զգացում էր առաջացնում, երբեմն էլ՝ ձանձրացնում: Իսկ պատճառն այն էր, որ առանձնացված չէին բոլոր երեք բաղադրիչները:
Բիզնեսում իրական արդյունքներ ապահովում են փորձարկումներն ու պրակտիկ աշխատանքը, սակայն ինչպես Աբրահամ Լինքոլն է ասել՝ «Եթե ես ունենայի ութ ժամ ծառը կտրելու համար, դրանցից վեցը կծախսեի կացինը սրելու վրա»
Այս երեք փուլերն ունեն սահմանված հստակ ժամեր: Օրինակ, ես չեմ պատասխանում էլեկտրոնային նամակների, երբ մտածում կամ սովորում եմ: Ես երբեք չեմ աշխատում առաջին երեք ժամերի ընթացքում՝ որքան էլ գործերը կարևոր լինեն: Իսկ երբ սկսում եմ աշխատել, չեմ շեղվում նորություններով, չեմ վերլուծում, չեմ մտածում. պարզապես անում եմ այն, ինչ պետք է անել:
Աշխատանքային նման գրաֆիկն ինձ տալիս է ներդաշնակության զգացողություն, ապահովում է գործնական աճը և արդյունավետությունը: Առանձնացնելով աշխատանքային այս երեք բաղադրիչները և դրանց համար հստակ ժամեր սահմանելով՝ աշխատանքային օրը դառնում է հասկանալի, աշխատանքը՝ արդյունավետ, արդյունքները և բիզնեսի ապագան՝ ավելի կանխատեսելի: Դա բացառում է աշխատանքային այն մոդելը, երբ աշխատում ես մի բանի վրա, շեղվում ես, մտածում ես, հետ ես վերադառնում աշխատանքին, կրկին մտածում ես, այլ բան ես սկսում անել, ընդմիջում ես տալիս, մտքերով ես ընկնում, որոշում ես նոր բան փորձել, հետո հասկանում ես, որ օրն ավարտվել է, բայց զգացողություններդ լիարժեք չեն, քանի որ կարող էիր օրվա ընթացքում ավելի շատ/կարևոր բաներ անել: