Անձնային աճ Թանկարժեք մետաղներ

Ոսկին գրավ դնե՞լ, թե՞ վաճառել

Վերջին տարում ոսկու գինն աճել է մոտ 74%-ով։

Եթե 2025թ․փետրվարին Ձեր զարդերը (որպես ջարդոն) արժեին 1 000 000 դրամ, ապա 2026թ․ փետրվարին դրանց արժեքը կլիներ մոտ 1 740 000 դրամ:

Այսինքն՝ եթե 2025թ․ փետրվարին Դուք զարդերը չվաճառեիք, այլ գրավ դնեիք, ոսկու թանկացման վրա կաշխատեիք 740 000 դրամ։

Նկարը վերցված է goldprice.org կայքից։ Գրաֆիկի ուղղահայաց սանդղակը ցույց է տալիս ոսկու մեկ ունցիայի արժեքը՝ դոլարով, իսկ հորիզոնական սանդղակը՝ ժամանակահատվածը (2025թ․ փետրվար — 2026թ․ փետրվար)։

Բայց․․․

Եթե Դուք զարդերը գրավ եք դրել բանկում, պետք է վճարեք վարկի տոկոս։ Ենթադրենք ոսկու գրավով վարկի տարեկան տոկոսը 20% է (ամսական՝ մոտ 1.6667%), իսկ Դուք վարկը վերցրել եք մեկ տարով։

Եթե ամեն ամիս հավասարաչափ փակում եք մայր գումարը (ամսական՝ 1,000,000 / 12 = 83 333 դրամ), ապա մեկ տարում բանկին վճարելու եք մոտ 108 000 դրամ ավել գումար (որպես տոկոս)։

Նույնիսկ եթե վարկը երեք տարով վերցնեիք, տոկոսագումարը լինելու էր մոտ 308 000 դրամ։

Բայց միայն առաջին տարում Դուք ոսկու թանկացման վրա 740 000 դրամ աշխատել եք:

Այսինքն՝ եթե 2025 թվականի փետրվարին Ձեզ մեկ միլիոն դրամ էր անհրաժեշտ, և Դուք կասկածում էիք՝ ոսկին վաճառեք (որ տոկոս չվճարեք), թե գրավ դնեք, ֆինանսապես զգալի կշահեիք, եթե ոսկին պահեիք (գրավ դնեիք)։

Վերլուծեք ինքնուրույն

Այս վերլուծությունը վերաբերում է կոնկրետ 2025-2026 ժամանակահատվածին։ 

Նյութի իմաստն այն չէ, որ գրավ դնելը միշտ ավելի ձեռնտու է, քան վաճառելը։

Պարզապես որոշում կայացնելուց առաջ հաշվի առեք ոսկու գնի ակնկալվող փոփոխությունը։

Ձեր որոշումը պետք է կախված լինի ոչ միայն ոսկու շուկայի պահվածքից, այլև վարկի տոկոսադրույքից, Ձեր ֆինանսական վիճակից, նպատակներից, և այլն։

Ոսկին համարվում է ներդրման ապահով միջոց։ Հոդվածը գրելու պահին ոսկու գինը հասել է պատմության ընթացքում իր գագաթնակետին։ Միայն վերջին երկու տարում դրա գինն աճել է մոտ 2.5 անգամ։

Բայց եղել են դեպքեր, երբ կտրուկ աճից հետո ոսկու գինն ընկել ու երկար տարիներ չի վերականգնվել։

Օրինակ, եթե Դուք ոսկի գնեիք 1980 թվականին (որից հետո գինը սկսեց ընկնել), պետք է սպասեիք մոտ 28 տարի (մինչև 2008 թվականը), որ վաճառքից կորուստ չունենայիք։

Կամ եթե գնեիք 2011 թվականին (որից հետո նույնպես սկսեց ընկնել), ապա ստիպված էիք լինելու սպասել  9-10 տարի, որ գինը վերականգնվի (հետ եկավ նույն մակարդակին 2020 թվականին):

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»