Հաջողության գաղտնիքներ Մտորումներ

Առակ տղայի և ծառի մասին. «գնահատիր այն, ինչ այս պահին ունես» շարքից

Վաղուց, շատ վաղուց մի մեծ խնձորի ծառ էր աճում: Փոքրիկ տղան սիրում էր խաղալ դրա շուրջն ամեն օր: Նա բարձրանում էր ծառը, ուտում խնձորները և քնում ծառի ստվերում: Նա սիրում էր ծառը, իսկ ծառ սիրում էր խաղալ նրա հետ: Բայց ժամանակն անցնում էր և փոքրիկ տղան մեծանում էր: Նա այլևս չէր խաղում ծառի շուրջն ամեն օր:

Մի օր փոքրիկ տղան ետ է գալիս ծառի մոտ` փոքր ինչ տխուր:
— Արի և խաղա ինձ հետ, — ասում է նրան ծառը:

— Ես այլևս երեխա չեմ, ես չեմ խաղում ծառերի շուրջն արդեն, — պատասխանում է տղան, — ինձ խաղալիքներ են պետք, բայց ես փող չունեմ դրանք գնելու համար:
— Ներիր, բայց ես նույնպես փող չունեմ, — պատասխանում է ծառը, — բայց դու կարող ես պոկել իմ բոլոր խնձորները և վաճառել դրանք: Այդպես դու փող կունենաս:

Տղան ոգևորված էր: Նա պոկում է ծառի վրայի բոլոր խնձորները և երջանիկ հեռանում: Եվ երկար ժամանակ նա այլևս չի վերադառնում: Ծառը տխուր էր:

Մի օր, տղան վերադառնում է ծառի մոտ` արդեն տղամարդ դարձած: Ծառը հուզված էր:
— Արի և խաղա ինձ հետ, — ասում է նա:
— Ես ժամանակ չունեմ խաղալու, ես պետք է աշխատեմ և ընտանիք պահեմ, ինձ նոր տուն է անհրաժեշտ, դու կարո՞ղ ես ինձ օգնել:
— Ներիր, բայց ես տուն չունեմ, — պատասխանում է ծառը, — բայց դու կարող ես կտրել իմ բոլոր ճյուղերը և տուն կառուցել քեզ համար:

Եվ տղամարդը կտրում է ծառի բոլոր ճյուղերը և երջանիկ հեռանում: Ծառն ուրախ էր նրան երջանիկ տեսնելու համար, բայց տղամարդն այլևս չի վերադառնում: Ծառը կրկին տխուր էր և միայնակ:

Կրկին անցնում են տարիներ: Ամառային շոգ մի օր տղամարդը վերադառնում է ծառի մոտ և ծառը ուրախությունից ցնծում է:
— Արի և խաղա ինձ հետ, — ասում է նա:

— Ես արդեն մեծ եմ, — պատասխանում է տղամարդը, — ես ուզում եմ նավարկության մեկնել և մի փոքր հանգստանալ, դու կարո՞ղ ես ինձ նավակ նվիրել:
— Օգտագործիր իմ բունը` նավակ կառուցելու համար, — ասում է ծառը, — դու կարող ես լողալ ինչքան ուզես և երջանիկ լինել:

Եվ մարդը կտրում է ծառի բունը` նավակ կառուցելու համար: Նա մեկնում է նավարկության և երկար ժամանակ չի վերադառնում:

Վերջապես, շատ տարիներ անց, մարդը կրկին վերադառնում է:
— Ներիր տղաս, բայց ես այլևս ոչինչ չունեմ քեզ համար, — ասում է ծառը, — իմ խնձորները վերջացել են:
— Դա ոչինչ, — պատասխանում է մարդը, — ես այլևս ատամ չունեմ խնձոր ուտելու համար:
— Ես ճյուղեր էլ չունեմ, որպեսզի դու դրանց վրա բարձրանաս:
— Ես արդեն շատ մեծ եմ դրա համար, — պատասխանում է մարդը:

— Ես իրոք այլևս ոչինչ չունեմ քեզ համար, — արցունքոտ աչքերով ասում է ծառը, — միակ բանը, որ մնացել են` իմ չորացող արմատներն են:
— Իսկ ինձ ավելին պետք էլ չէ, — պատասխանում է մարդը, — միայն մի լավ տեղ հանգստանալու համար: Ես հոգնել եմ այսքան տարիներ անց:

— Շատ լավ, — ասում է ծառը, — իմ հին արմատներն ամենալավ տեղն են հենվելու և հանգստանալու համար, արի, նստիր ինձ մոտ և հանգստացիր: Մարդը մոտենում, նստում է ծառի տակ, իսկ ծառի աչքերին երջանկության արցունքներ են երևում:

Սա պատմություն է բոլորի համար: Ծառը նման է մեր ծնողներին: Երբ մենք փոքր ենք, մենք սիրում ենք խաղալ, վազել նրանց շուրջ: Բայց երբ մեծանում ենք, մենք թողնում ենք նրանց և գալիս ենք միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բանի կարիք ունենք կամ դժբախտության մեջ ենք: Բայց անկախ ամեն ինչից, մեր ծնողները միշտ տեղում են և պատրաստ տալու մեզ այն, ինչ նրանք ունեն, միայն թե մեզ երջանիկ տեսնեն:

Հ.Գ. Նվիրվում է բոլոր ծնողներին, ովքեր պահում, պահպանում, մեծացնում են մեզ, դնում ճիշտ ճանապարհի վրա և ամեն ինչ անում մեզ համար:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»