Մարքեթինգ

Ցանցային մարքեթինգ

Երբ դեռ ուսանող էի, առաջին անգամ որոշեցի աշխատել: «Գինդ»-ում հայտարարություններ փնտրեցի և գտա մեկը, որն այդ պահին ինձ ամենից շատն էր հարմար. ազատ գրաֆիկ, գրասենյակային, ոչ մի լուրջ գիտելիքներ և հմտություններ չէր պահանջվում: Եվ ինչպես հետո պարզվեց` դա իմ առաջին շփումն էր ցանցային մարքեթինգի հետ: Աշխատեցի 2 ամիս և հետո որոշեցի կիսատ թողնել և կենտրոնանալ ուսմանս վրա: Չնայած այդ դեպքից հետո ցանցային մարքեթինգի հետ պրակտիկ ինչ-որ շփում չի եղել, բայց հետագայում տեսականորեն այն ուսումնասիրել եմ և ուզում եմ ներկայացնել իմ կարծիքը դրա մասին:

Սկսենք ամենասկզբից: Կա ընկերություն, որն ունի ապրանքներ կամ արտադրանք և ուզում է այն վաճառել: Ինչպե՞ս են վարվում այդ դեպքում սովորական ընկերությունները: Խանութ են բացում, ինչ-որ սրահ կամ մեր օրերում արդեն` ինտերնետ խանութ: Այսինքն, դա վաճառքի դասական տարբերակն է: Եթե դուք էլ մի օր որոշեք ինչ-որ բան վաճառել, ավելի հավանական է, որ կվաճառեք դա խանութում կամ ինտերնետով: Ցանցային մարքեթինգում ապրանքները վաճառվում են մարդկանց միջոցով (մարդիկ ստանում են ապրանքը ընկերությունից ավելի էժան): Յուրաքանչյուր մարդ ներգրավում է այլ մարդկանց (որոնք սովորաբար կոչվում են դիստրիբյուտորներ) և տոկոսներ է ստանում նրանց վաճառքներից: Իրականում սխեման հանճարեղ է: Պատկերացրեք, դուք ուզում եք վաճառել ձեր տանը եղած արկղերով հին սկավառակները: Դուք կանչում եք ձեր հարևաններից երկուսին, տալիս եք նրանց մի քանի սկավառակ և ասում եք, որ նրանք կարող են ինչ-որ տոկոս ստանալ սկավառակների վաճառքից: Նաև զգուշացնում եք, որ նրանք իրենց հերթին կարող են ներգրավել այլ մարդկանց, տալ նրանց սկավառակներ և տոկոսներ ստանալ արդեն նրանց վաճառքից: Եվ այդպես մարդկանց յուրաքանչյուր «շերտ» ստեղծում է այլ «շերտեր» և յուրաքանչյուր «վերևում» գտնվող ստանում է տոկոսներ «ներքևում» գտնվողներից: Հիանալի է, չէ՞: Ներգրավիր խելացի, ակտիվ, նախաձեռնող մարդկանց և դու նույնիսկ կարող ես ոչինչ չանել: Բայց այստեղ մի հարց է առաջանում: Ո՞ւմ են պետք հին սկավառակները:

Գրքեր

Եվ հենց այս հարցին պատասխանելով էլ ես կտամ ցանցային մարքեթինգի մասին իմ կարծիքը: Անձամբ ես կզբաղվեի ցանցային մարքեթինգով միայն այն ժամանակ, եթե ապրանքն «արժեքավոր է», այսինքն, եթե ես կգնեի այն խանութում: Կան ցանցեր, որոնք հիմնված են ոչ թե ապրանքի, այլ հենց ցանցի վրա: Այսինքն, ինչ-որ «ձևական» (սիմվոլիկ) ապրանք է ընտրվում, և դրա հիման վրա սկսվում է ցանց կառուցվել: Դրա մեջ ես երբեք չէի մտնի: Սակայն եթե, օրինակ, Nokia-ն սկսեր վաճառել իր հեռախոսները ցանցային մարքեթինգի միջոցով, ապա ես հաճույքով կմտնեի դրա մեջ և միգուցե նույնիսկ կարողանայի լուրջ բիզնես հիմնել, որովհետև մարդիկ առանց այդ էլ գնում են Nokia-ի հեռախոսները:

Ցանցային մարքեթինգը զրոյից սկսելու և գումար աշխատելու լավ հնարավորություն է: Աշխարհում կան հազարավոր հայտնի ընկերություններ, որոնց ապրանքները հազվադեպ կտեսնեք խանութներում, նրանց մասին գովազդը չեք տեսնի հեռուստատեսությամբ, բայց նրանք ունեն միլիոնների վաճառքներ: Որովհետև նրանք ունեն արժեքավոր ապրանք և նվիրված մարդկանց ցանց, որոնք այդ ապրանքները վաճառում են կամ ստանում են տոկոսներ իրենցից ներքև գտնվող վաճառքներից: Իրականում, ցանցային մարքեթինգի հետ կապված շատ մանրամասներ կան, տարբեր ընկերություններ տարբեր նորամուծություններ են դրա մեջ մտցնում, տարբեր սխեմաներ են օգտագործում, բայց դրա մասին հետագա հոդվածներում, իսկ առայժմ ուղղակի ընդհանուր պատկերացրեք, թե ինչ է ցանցային մարքեթինգը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

49 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»