Հաջողակ մարդիկ

Բիլլ Գեյթս` Microsoft ընկերության հիմնադիրը

Ալֆրեդ Ադլերն ասել է. «Հաջողակ մարդիկ ձգտում են կյանքում լինել առաջինը»: Բիլլ Գեյթսը լիովին համապատասխանում է այդ բնորոշմանը: Նա այն մարդկանցից է, որոնք կարողանում են փոխել աշխարհը: Արդեն 31 տարեկան հասակում նա միլիարդատեր էր և պատմության մեջ կմտնի որպես ամենաերիտասարդ միլիարդատեր, ով ամեն ինչի հասել է սեփական խելքով:

Բիլլ Գեյթսը ծնվել է Սիեթլում 1955 թվականի հոկտեմբերի 28-ին: Նա ընտանիքի միակ զավակն էր: Սովորել է տեղի մասնավոր դպրոցում: Դպրոցական տարիքում նա համեստ և ամաչկոտ երեխա էր, ով բարձր առաջադիմություն էր ցուցաբերում մաթեմաթիկայից և երազում էր դառնալ մաթեմաթիկայի մասնագետ: Նրա մոտ չէին նկատվում առաջնորդին բնորոշ հատկանիշներ և ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ այդ պատանին ժամանակի ընթացքում կվերածվի հաջողակ գործարարի և կդառնա աշխարհի ամենահայտնի մարդկանցից մեկը:

Դպրոցում նա ծանոթանում է համակարգչի հետ և այնքան է տարվում դրանով, որ նույնիսկ մեկ անգամ ծնողները ստիպված են լինում տանել նրան հոգեբույժի մոտ և ողջ ամառ զրկել նրան համակարգչից: Արդեն 15 տարեկանում նա գրում է քաղաքի ճանապարհային երթևեկությունը կարգավորող մի ծրագիր, որի շնորհիվ աշխատում է քսան հազար դոլլար: Ընդունվելով Հարվարդի համալսարան՝ նա թողնում է այն երկու տարի անց և ընկերոջ` Պոլ Ալենի հետ միասին սկսում զբաղվել ծրագրային ապահովմամբ: Շուտով նրանք ստեղծում են Micro-Soft ընկերությունը, որն այժմ կրում է Microsoft անվանումը: Սկսելով ամենացածրից՝ նա հասնում է մեծ հաջողությունների:

Այժմ Բիլլ Գեյթսն ամերիկյան հայտնի գործարար է, աշխարհի թիվ 1 հարուստ մարդը: Նրա կարողությունը գնահատվում է մի քանի տասնյակ միլիարդ դոլար: Գեյթսն ամուսնացած է Մելինդա Ֆրենչի հետ: Նրանք ունեն երեք երեխա: Կնոջ հետ միասին նրանք հիմնել են բարեգործական հիմնադրամ, որի հիմնական ուղղվածությունը ՁԻԱՀ-ի դեմ պայքարն ու աշխարհում աղքատության վերացումն է: Forbes-ի գնահատմամբ նրանց հիմնադրամը ընդհանուր առմամբ տարեկան 20 միլիարդ դոլար է ծախսում բարեգործական նպատակներով: 55-ամյա Գեյթսի հաջողությունն ուղղակի ապշեցուցիչ է:

Բիզնեսի բարձունքներին հասնելու ամեն մի քայլ Գեյթսն օգտագործել է խելացիությամբ: Գործի մեջ ներդրված ամեն մի րոպեն նա վերածել է գիտելիքի, յուրացրել ոլորտի վերջին նորությունները: Բիլլը դեմքով գիտեր իր բոլոր մրցակիցներին, գիտեր ինչպես իրեն պահել և ինչպես ղեկավարել բիզնեսը: Նրա բարակ ձայնը, ժարգոնային արտահայտությունները, տարբեր կողմեր թեքված մազերը և հագուստի ոճը ընդհանրապես չէին համապատասխանում գործարարի կերպարին: Պարզությունը՝ նրան տարբերակող գծերից մեկն է: Իր ողջ արտաքին տեսքով նա ապացուցում է, որ պարտադիր չէ ունենալ հմայիչ արտաքին հաջողության հասնելու համար: Կարելի է ուղղակի հանճար լինե՛ լ:

2006 թվականին, հանդես գալով դպրոցականների առջև, Բիլլ Գեյթսը թվարկում է 11 կանոններ, որոնք ըստ նրա, երեխաները երբեք չէին սովորի դպրոցի պատերի ներսում.

  • Կյանքն անարդար է՝ հաշտվե՛ք դրա հետ:
  • Աշխարհին չի հետաքրքրում ձեր ինքնագնահատականը: Կյանքը ձեզանից պահանջում է ինչ-որ հաջողությունների հասնել մինչ այն, երբ դուք ձեզ վստահ կզգաք:
  • Դուք չեք ստանա տարեկան 60 հազար դոլար, երբ ավարտեք դպրոցը: Չեք դառնա ընկերության ղեկավար և չեք ունենա շքեղ մեքենա` անձնական վարորդով: Այդ ամենը դուք պետք է վաստակեք:
  • Ձեզ թվում է ձեր ուսուցիչը շատ պահանջկո՞տ է: Համբերեք, երբ ղեկավար դառնաք ինքներդ:
  • Հոթդոգ վաճառելը ձեր արժանապատվությունից ցածր չէ: Ձեր մեծերը ուրիշ բառ կօգտագործեին նման աշխատանքի համար՝ լավ հնարավորություն:
  • Մի շտապեք յուրաքանչյուր անհաջողության մեջ մեղադրել ձեր ծնողներին: Պետք չէ բողոքել, սովորեք ձեր սխալների վրա:
  • Մինչև ձեր ծնվելը ձեր ծնողները այդքան անհետաքրքիր ու միապաղաղ մարդիկ չէին, ինչպես հիմա են նրանք ձեզ թվում: Նրանք այդպիսին են դարձել, աշխատելով ձեր անհոգ մանկության համար, լվանալով ձեր շորերը և լսելով ձեր անվերջ խոսակցությունները այն մասին, թե ինչ լավն եք դուք: Այդ պատճառով, մինչև «աշխարհը փրկել» ձեր ծնողների սերնդից, փորձեք սկզբի համար կարգի բերել ձեր սենյակը:
  • Դպրոցը միգուցե ձեզ չի բաժանում հաջողակների և անհաջողակների, բայց կյանքն այդպիսին չէ: Որոշ դպրոցներում չեն դնում ցածր գնահատականներ և տալիս են այնքան հնարավորություն, որքան պահանջվում է ճիշտ պատասխանի համար: Դա ոչ մի ընդհանուր բան չունի իրական կյանքի հետ:
  • Կյանքը բաժանված չէ կիսամյակների, ամառային արձակուրդներ այնտեղ չկան և շատ քիչ գործատուներ են հետաքրքրված ձեզ աշխատանք գտնելու հարցում: Ամեն ինչի պետք է հասնել ինքնուրույն:
  • Հեռուստատեսությունը՝ դա իրական կյանքը չէ՛: Իրական կյանքում մարդիկ ստիպված են լինում աշխատել` սրճարաններում նստելու փոխարեն:
  • Լավ հարաբերությունների մեջ եղեք «գիտունիկների» հետ: Շատ հավանական է, որ նրանցից մեկը դառնա ձեր ղեկավարը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»